Նոր համակարգը կհայտնաբերի «լավ», «միջին» և «վատ» դպրոցները
Այսօր ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը և ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը ստորագրել են համագործակցության համաձայնագիր:
Ըստ համաձայնագրի` կիրականացվի հանրակրթական դպրոցների վարկանիշավորման մեթոդաբանության մշակում, որը նպատակ ունի գնահատելու հանրակրթական ուսումնական հաստատությունների գործունեության իրական արդյունքը:
Ներկայումս դպրոցների վարկանիշը ձևավորվում է հասարակական կարծիքի հիման վրա, որը հաճախ կրում է սուբյեկտիվ բնույթ: Նոր համակարգի ներդրումը հնարավորություն կտա ներկայացնելու օբյեկտիվ չափագրման մեխանիզմներ, հայտնաբերելու «լավ», «միջին» և «վատ» դպրոցները` դրանք նախարարության ուշադրության կենտրոնում պահելու և խնդիրներ ունեցող դպրոցներում լրացուցիչ միջոցներ ձեռնարկելու նպատակով:
Համաձայնագրի մյուս կետով կմշակվեն ՀՀ բուհերի ազգային վարկանիշային աղյուսակներ, որոնց միջոցով կստեղծվի բարձրագույն կրթության վերաբերյալ համապարփակ ու թափանցիկ դասակարգման համակարգ: Նման մեխանիզմի առկայությունը Բոլոնիայի գործընթացում գերակա ուղղություններից մեկն է` բուհերի գործունեության թափանցիկության և հասարակության առջև հաշվետվողականության տեսակետից:
Նշված գործընթացի իրականացման նպատակով նախատեսվում է մշակել սեփական կիրառելի վարկանիշավորման մեթոդաբանություն` հաշվի առնելով բուհի հրապարակած գիտական հոդվածների քանակի, պրոֆեսորադասախոսական կազմի որակական հատկանիշների, բուհ-աշխատաշուկա կապի, բուհի գիտահետազոտական լաբորատորիաների թվի, ուսանողների առաջադիմության և այլ ցուցանիշների համամասնությունը:
Համաձայնագրով բարձր առաջադիմություն ունեցող ուսանողներին խրախուսելու նպատակով կանցկացվի «Լավագույն ուսանող» հանրապետական մրցութը:
Ըստ համաձայնագրի մյուս կետի` նախատեսվում է ստեղծել հանրակրթական դպրոցների շուրջ 230 անուն դասագրքերի ու մեթոդական ձեռնարկների ամբողջական էլեկտրոնային շտեմարան, որը ոչ միայն կարելի կլինի ներբեռնել, այլև կլուծի համացանցում հայալեզու կրթական բովանդակության հարստացման և դասագրքերի մատչելիության խնդիրը` ուսումնամեթոդական պաշարների միասնական տարածք ստեղծելու հարցում:
Համաձայնագրի վերջին կետով նախատեսվում է ՀՀ տարածքում գործող 107 ավագ դպրոցում տեղադրել անլար ինտերներտ /WI-FI/, որը դպրոցականների կողմից ուսումնական գործընթացում, նաև ազատ ժամանցի ընթացքում կօգտագործվի միայն կրթական, ուսումնական և սոցիալական նպատակներով:
Համաձայնագրում ամրագրված հինգ հիմնական ծրագրերի իրականացման նպատակով «ՎիվաՍել-ՄՏՍ»-ը կատարելու է շուրջ 37 մլն դրամ ներդրում: Այս հինգ հիմնական գործողությունները բխում են ՀՀ կառավարության 2012 թ. կրթության ոլորտի գերակայություններից:
«Պետությունը շահագրգռված է մասնավոր հատվածի` կրթության ոլորտի զարգացման մեջ ներդրումներ կատարելու գործընթացով: Ցավոք, Հայաստանում բիզնես հատվածն ամբողջությամբ չի գիտակցում կրթության ոլորտում ներդրումներ կատարելու կարևորությունը ոչ միայն երկրի, այլ նաև սեփական բիզնեսի ապագա զարգացման տեսանկյունից»,- նշել է Արմեն Աշոտյանը:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել