HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ՀԲԸՄ-ն նախաձեռնել է Արցախի վերաբերյալ հետազոտությունների դրամաշնորհային ծրագիր

«Հայկական բարեգործական ընդհանուր միություն»-ը հայտարարում է, որ մեկնարկելու է Արցախի վերաբերյալ հետազոտությունների դրամաշնորհային ծրագիր: Այս նորաստեղծ նախաձեռնության շրջանակներում կբարձրացվի իրազեկությունը և իմացությունը Արցախի մասին՝ ընդլայնելով տարածաշրջանի պատմության, մշակույթի ու ներկա իրավիճակի մասին տեղեկատվության ինչպես ընթացիկ, այնպես էլ գիտական հասանելիությունը՝ տեղեկատվական այդ հոսքը հասցնելով հանրությանը:

ՀԲԸՄ դրամաշնորհի միջոցով կհարստացվի արցախյան թեմաներով հետազոտությունների արժեքավորությունը՝ արդեն իսկ առկա առաջնային նյութերն ու ճշգրիտ տվյալները համալրելով յուրօրինակ հրապարակված աշխատություններով՝ առաջատար հետազոտությունների և առկա այլ հրատարակությունների օգնությամբ: «Այս դրամաշնորհի ակունքներում գիտելիքի վրա հիմնված ինքնության ձևավորման գաղափարն է», - ասաց ՀԲԸՄ կենտրոնական վարչության անդամ և կրթական հարցերով պատասխանատու Լենա Սարգսյանը:

«Դրամաշնորհային ծրագիրը հաստատվել է ամրապնդելու հետազոտական այն հմտություններն ու մեթոդները, որոնք օգնում են հղկել հայկական ինքնությունը և ավելի լավ ընկալել հայկական իրականությունը, բարձրացնել իրազեկությունը և ձևավորել Հայաստանի և Արցախի ճանաչողության հավաստի գիտելիքների ամբողջություն: Մենք ուզում ենք ինքներս տնօրինել և աշխարհին ներկայացնել մեր պատմությունը՝ այն համալրելով որակյալ տվյալներով, ճշգրտված աղբյուրներով և տեղում իրականացված հետազոտություններով, որոնք կդիմանան ժամանակի փորձությանը»:

Դրամաշնորհը ստանալու համար կարող են դիմել բոլոր սերունդների ուսանողներն ու գիտնականները: Ասպիրանտների, ակադեմիկոսների, հետազոտողների, հետդոկտորական աստիճան հայցողների, անկախ հոդվածագիրների, ազատ լրագրողների և Արցախի հարցերով մասնագիտանալու և այն ճանաչելու հարցում շահագրգիռ այլ անձանց հայտերը ողջունվում են: Հետազոտությունը, ի թիվս այլ ուղղությունների, կարող է լինել պատմական և/կամ ժամանակակից աշխատություն, որում կուսումնասիրվեն տարածաշրջանի անցյալի, ներկայի ու ապագայի սոցիալական, մշակութային, հոգեբանական, իրավական, տնտեսական, տեխնոլոգիական, մարդասիրական և բնապահպանական հարցերը: Հրապարակված գործեր կարող են համարվել հոդվածները, զեկույցները, ակնարկները, ինչպես նաև բարձրորակ տեսանյութերն ու փոդքասթները:

Դրամաշնորհային ծրագրի հայտերը պետք է ներառեն նախկինում հրապարակված աշխատությունների օրինակներ, ինքնակենսագրական, ինչպես նաև առաջարկվող բյուջե՝ տեղում իրականացվելիք հետազոտական ծրագրի ռազմավարության նկարագրությամբ: Ծրագրերը և կատարված աշխատանքները կարող են ներկայացվել անգլերեն, ֆրանսերեն, իսպաներեն կամ ռուսերեն:

Հայտերն ընդունվում են անգլերեն լեզվով մինչև 2021թ. ապրիլի 30-ը: ՀԲԸՄ արցախյան թեմաներով հետազոտությունների դրամաշնորհային նախաձեռնության մասին հավելյալ տեղեկատվության համար այցելե՛ք այստեղ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter