Միջազգային հանրության պարտավորությունները Հայաստանի հանրության առջև
Յուրաքանչյուր միջին վիճակագրական հեռուստադիտող գոնե շաբաթը մեկ անգամ ականջի ծայրով լսում է միջազգային հանրության առջև Հայաստանի ստանձնած այս կամ այն պարտավորության մասին: Նրա ականջին են հասնում նաև միջազգային կազմակերպությունների ինչ-որ անբարեհունչ, ոչինչ չասող անվանումներ, որոնք Հայաստանին տրամադրում են վարկեր, մտահոգություն են հայտնում մեր ժողովրդի սոցիալական ծանր պայմանների և խոսում են ժողովրդավարական հաստատությունների կայացման անհրաժեշտության մասին:
Այդ կազմակերպությունները միլիոնավոր դոլարների ներդրումներ են անում ոստիկանական համակարգի բարեփոխման համար, հոգ են տանում օրենսդրության ու դատական համակարգի բարելավման, կադրերի վերապատրաստման համար…
Բայց արի ու տես, որ երկարամյա ջանադիր ու շատ սրտացավ աշխատանքներից հետո էլ ոստիկանությունը շարունակում է մնալ նույն բանսարկու միլիցիան, քաղաքապետը՝ նույն կոլխոզի «նախագահը», պետական կառավարման մյուս մարմինները՝ սովետական մոդելի նեխած, բթամիտ չինովնիկական ապարատ՝ չեկիստական լավագույն ավանդույթներով, դատարանն էլ՝ «աշխարհի ամենաարդար դատարանը»: Տեսնես ինչո՞ւ է այդպես:
Միջազգային հանրության առջև պետության պարտավորությունները միակողմանի չեն: Միջազգային հանրությունն էլ պարտավորություններ ունի իր մի մասի՝ Հայաստանի հասարակության առջև: Վավերացնելով միջազգային պայմանագրերը՝ պետությունը նախ և առաջ իր հասարակության համար է սահմանում այն իրավունքները, որոնք ամրագրված են այդ պայմանագրերով: Եթե խախտվում է ՄԱԿ-ի շրջանակներում ընդունված Օրհուսի կոնվենցիան, ուրեմն խախտվում են հասարակության այն իրավունքները, որոնք սահմանված են այդ փաստաթղթով:
Իսկ միջազգային հանրությունը տվյալ դեպքում ՄԱԿ-ի կառույցների միջոցով պետք է հասնի նրան, որ պետությունը կատարի իր միջազգային պարտավորությունները և ապահովի իր հասարակության այն իրավունքները, որոնք ամրագրված են այդ կոնվենցիայով: Օրհուսի կոմիտեն պարբերաբար արձանագրում է, որ Հայաստանը ձախողում է կոնվենցիայի իրականացումը: Ի՞նչ է արել ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակը մինչև հիմա, որ կառավարությունը դադարեցնի կոնվենցիայով սահմանված իրավունքների խախտումները: Ոչինչ: Բացարձակապես ոչինչ: Էլ ինչի՞ համար է գործում ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակը. երրորդական հարցերի վրա հասարակության ուշադրությունը շեղելու համա՞ր:
Մինչև միջազգային կազմակերպությունների գործունեության ցածր արդյունավետության հնարավոր պատճառերին անդրադառնալը փորձենք հասկանալ, թե ինչ հանձնարարագիր (մանդատ) ունեն այդ կազմակերպությունները և առհասարակ ի՞նչ գործ ունեն այստեղ: Երբ ուսումնասիրում ես նրանց կայքէջերը, պարզվում է, որ բոլորը մտահոգ են մեր երկրում ժողովրդավարական կառավարման մեխանիզմների զարգացման, արդարադատության մատչելիության, շրջակա միջավայրի բարելավման, Հայաստանի միջազգային պարտավորությունների կատարման համար: Որպես կանոն, բոլորն էլ ինտենսիվորեն աշխատում են հասարակական սեկտորի հետ և շահագրգռված են վերջինիս զարգացմամբ:
Այսպես, օրինակ՝ ԵԱՀԿ-ն ծրագրեր է իրականացնում ոստիկանությունում բարեփոխումների համար, «Լավ կառավարում» վեհաշուք անվամբ ծրագիր է իրականացնում Երևանի քաղաքապետարանի հետ և այլն: Մաշտոցի այգում տեղի ունեցող գործընթացների ֆոնին ինքներդ դատեք, թե ինչ արժեք ունեին ԵԱՀԿ-ի ջանքերը. էլ ավելի լկտիացած ոստիկանություն, քաղաքացիական հասարակության հետ աշխատելու անընդունակ քաղաքային իշխանություններ: Հիմա հարց. ԵԱՀԿ-ն պատրաստվո՞ւմ է դադարեցնել իր ծրագրերը այդ մարմինների հետ, թե՞ իր առաքելության իմաստը ընդամենը գործողության պատրանք ստեղծելն է, որ հետո ԺՀՄԻԳ-ը հաշվի, թե քանի քայլ ենք առաջ գնացել:
Մեկ այլ կառույց՝ Եվրոպական միությունը, իր «Արևելյան գործընկերություն» ռազմավարության շրջանակներում հրապարակել է զեկույց Կանաչ տնտեսության վերաբերյալ, որում շրջանառվում է մի քանի «ակտիվ» բնապահպանական հասարակական կազմակերպությունների անուններ: Պարզվում է, այդ ՀԿ-ներից մեկը բնապահպանության նախարարության միջազգային կապերի բաժնի նախկին պետինն է, մյուսը՝ տարածաշրջնային ինչ-որ կառույց, որը միայն դրամաշնորհներով է աշխատում, էն երրորդին մինչև հիմա փնտրում ենք. ինչ-որ կանանց բնապահպանական կազմակերպություն է:
Հիմա հասկացա՞ք, թե ինչու է միջազգային կազմակերպությունների գործունեությունն այսքան անարդյունավետ: Այդ մարդիկ ունեն իրենց «պետական մարմինները», իրենց «ակտիվ հասարակությունը», իրենց վիրտուալ իրականությունը: Այդ կառույցներում աշխատող չինովնիկները, խոշոր հաշվով, էապես չեն տարբերվում մեր՝ սովետական մոդելի չինովնիկներից. նույն կերպ անհաղորդ են հասարակական պրոցեսներին, ունեն իրենց հաստիքային «հասարակական սեկտորը», իրենց դրամաշնորհային և վարկային ծրագրերի միջոցով խթանում են «էնջիոշնիկ» կոչվող դասի ձևավորմանն ու պետական կոռուպցիոն գործընթացները՝ կազմելով կոռուպցիոն շղթայի անբաժանելի մասը:
Իսկ մենք արդեն հոգնել ենք համատարած կեղծիքից, գործողության իմիտացիայից, եվրաչինովնիկների ուռճացված ապարատի անիմաստ գոյությունից: Նրանց իմիտացիոն գործելաոճը արգելակում է Հայաստանի զարգացմանը, ժողովրդավարական հաստատությունների ձևավորմանը, իրական, և ոչ թե վիրտուալ քաղաքացիական հասարակության կայացմանը:
Միջազգային կազմակերպությունների դրամաշնորհային ծրագրերը, որպես կանոն, ծառայում են ոչ թե ի նպաստ քաղաքացիական հասարակության, այլ պորտաբույծ մի հանրույթի, որ տարբեր զեկույցներոմ հանդես է գալիս հասարակության անվան տակ՝ դրանով աղճատելով իրականության պատկերը, «գրանտակեր» պիտակով խարանում նաև խորքային հասարակական գործընթացները: Իսկ իրականությունը գտնվում է Մաշտոցի պուրակում, Թեղուտում, Քաջարանում, Ջերմուկում և այլուր:
Ինչո՞ւ են միջազգային հանրության անունից ներկայացող կազմակերպություններն այսքան կտրված իրականությունից: Վերլուծենք ենթադրվող պատասխաններից երկուսը:
Տարբերակ առաջին: Մեր կառավարման համակարգն ու հասարակության մեծ մասն իր հոգեբանական ու աշխարհայացքային էությամբ այնպես է միաձուլված սովետների ցիտոպլազմայի մեջ, որ այդ խեղճ եվրոպացիները ի զորու չեն հաղթահարել նրանց կարծրացած «մենթալիտետը»: Երևի մի 40 տարի էլ դեռ պետք է անապատում թափառենք, մինչև դառնանք իրենց պես հոմոսապիենս, իսկ մինչ այդ բավարարվենք երրորդ աշխարհի քաղաքացու մեր կարգավիճակով: Համ էլ, հենա, ամեն ընտրությունից հետո մեկ քայլ առաջ ենք գնում, էլ սրանից ավելի ի՞նչ եք ուզում:
Այս տարբերակով, սակայն, չի ընկալվում, թե այդ դեպքում ո՞ւմ ինչին են պետք այդ կազմակերպությունների բազմապիսի հաստիքներով ապարատները և դրանցում աշխատող ռազմաքաղաքական ու էլի եսիմինչ ճոռոմ անվանումներով պատասխանատուները: Ինչի՞ համար են կատարվում հսկայական ծախսեր, եթե ընդունում եք համակարգը փոխելու ձեր անզորությունը: Վերջապես, ո՞վ է վերադարձնելու միջազգային ֆինանսական կառույցների տրամադրած աստղաբաշխական վարկային միջոցներն ու դրանց պոչից կախած տոկոսները:
Չէ՞ որ դրանք միայն դրամաշնորհների տեսքով չէ, որ տրվում են: Ինչո՞ւ պետք է ես և իմ սերունդները վճարենք, օրինակ՝ Համաշխարհային բանկից վերցված պետական պարտքը, որը գրեթե ամբողջությամբ մտել է ոմանց գրպանը և որևէ օգուտ չի տվել ոչ ինձ, ոչ հանրությանը: Ի՞նչ է, ֆինանսական կորպորացիաների ներկայացուցիչները չգիտե՞ն այդ մասին: Ովքե՞ր պետք է վերահսկեն, որ հատկացված գումարները արդյունավետ կերպով ծառայեն իրենց նպատակին և ոչ թե հասարակության համար դառնան չարիք՝ լավ զինված, բայց նույն բանսարկու ոստիկանի, կոռումպացված չինովնիկի ու նրա հաստագլուխ թիկնապահի տեսքով: Ասել կուզեմ՝ առաջին տարբերակը չանցավ. կամ նորմալ աշխատեք, կամ հեկտիր եղեք՝ հերիք եղավ:
Տարբերակ երկրորդ: Այդ կառույցները խոշոր հաշվով անտարբեր են (թքած ունեն) Հայաստանի վրա էլ, նրա տնտեսության, ոստիկանության ու մեզ բոլորիս վրա էլ, տո հենց «ժողովրդավարություն», «մարդու իրավունքներ» եզրույթների վրա էլ: Իրենց ինչի՞ն է պետք գիտակից, պահանջկոտ հասարակություն. ավելորդ գլխացավանքի հավես կա՞: Ինչպիսի՞ն պետք է լինի երրորդ աշխարհի օրինակելի հասարակությունը. պետք է լինի տգետ, որ չհասկանա, թե իրեն իրականում ինչի տեղ են օգտագործում, միշտ պետք է մի քիչ սոված լինի, որ իր բնական պաշարները՝ պղինձ, մոլիբդեն, ոսկի, անտառներ, գրոշներով վաճառի ու դրա հետ էլ չորս տակ ծալվելով երախտապարտ լինի, որ իրեն այդ ամենի համար մի ոսկոր են նետում:
Չէ, դա քիչ է, պետք է նաև հիվանդ լինի, ի՞նչ կարիք կա առողջ շրջակա միջավայր ունենալ, հանքարդյունաբերական թունավոր թափոնները մեկուսացնելու համար ավելորդ ծախսեր անել: Չէ՞ որ հիվանդ, մեռնող մարդն ավելի ճորտացված է: Իսկ ավելի լավ կլինի, որ ոչ թե ինքը, այլ իր երեխան լինի հիվանդ. կովկասյան ազգ են երեխայապաշտ. իր համար կարողա չմտածի, բայց երեխայի դեղի փողը պետք է հասցնել:
Եվ այդպես «մեկ քայլ առաջ» հաստատուն ընթացքով հասնել լիակատար ու վերջնական ստրկացման: Սա՞ է արդյոք միջազգային կառույցների, վարկային կազմակերպությունների իրական առաքելությունը: Ի վերջո, ինչո՞ւ են այդ մարդիկ հայաստանցիներիս համար այդքան «լավություն» անում, փող տալիս, ժպտում:
Այդ կառույցները Հայաստանը տեսնում են ոչ թե որպես ինքնիշխան պետություն, այլ բնական պաշարներով հարուստ տարածք, իսկ հայաստանցիներիս՝ ոչ թե Հայաստանի քաղաքացի, այլ տարածքի բնակչություն, որ պետք է առավելագույնը հանքափոր աշխատի:
Դժվար է համակերպվել, որ քաղաքակիրթ մարդկությունը ի վիճակի է այս աստիճանի համակարգված չարիքի մեքենա ստեղծել: Ես չեմ հավատում դրան: Անկեղծ: Չի կարող մամոնան լինել կյանքի միակ նպատակը և գոյության իմաստը: Կարելի է հասկանալ, որ մեծ տերությունների կողմից սնուցվող միջազգային խոշոր կազմակերպությունները պետք է սպասարկեն իրենց սնուցողների շահերը, բայց դրան կա ձև, չափ ու սահման: Այսպես չի կարելի:
Ամեն դեպքում, Հայաստանում արդեն ձևավորվել են գիտակից հասարակության կայուն խմբեր, ովքեր հասկացել են նաև, որ իրենք են իշխանության կրողը՝ ինքնիշխանը: Նրանք հասկանում են նաև, որ այդ նույն միջազգային կազմակերպությունները իրենց մանդատի ուժով նախ և առաջ այդ իրենց առջև են հաշվետու: Մենք չենք պատրաստվում «զարգանալ» ձեր պատկերացրած սցենարներով՝ մեկ քայլ առաջ, բայց իրականում մի 30 քայլ հետ մեխանիզմով:
Եթե կարելի է մեկ քայլով ընդունել, օրինակ, շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության մասին լավ օրենք, ինչո՞ւ պետք է դա անենք 20 քայլով՝ 5 տարվա ընթացքում: Դա է՞լ է «մենթալիտետի» խնդիր: Եվ առհասարակ, ազգային մենթալության վրա հիմնվելով՝ երկակի ստանդարտների կիրառումն արդարացնելը ոչ այլ ինչ է, քան ռասիզմ:
Սա ռասիզմի մի նոր տեսակ է՝ շատ ավելի նենգ ու քողարկված: Սա մշակութային ռասիզմ է: Մեր ազգը այն պատահական խառնակույտը չէ, որի հետ դուք ունեք պաշտոնական հարաբերություններ: Մեր ազգը այն հասարակությունն է, որը ձեզ ստիպելու է իր հետ հաշվի նստել, իրեն հաշվետու լինել ու չարհամարհել:
Արթուր Գրիգորյան
Թեղուտի պաշտպանության քաղաքացիական նախաձեռնություն
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանություններ (3)
Մեկնաբանել