HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայկական (գիտության) հարցը

Հայաստանում գիտության ռեֆորմների շուրջ, ցավոք, դժվար է պատկերացնել համախոհություն բոլոր ակադեմիական շրջանների միջև: Կփորձենք ձևակերպել որոշ մտքեր, որոնք հատկապես կիրառելի են ճշգրիտ գիտությունների համատեքստում, առավելապես՝ ֆիզիկայի և մաթեմատիկայի, որոնց հեղինակներն ավելի ծանոթ են: Հեղինակները հույս ունեն, որ այս պարզ մտքերի շուրջ համախոհությունը հնարավոր է այն կարող է հիմք ստեղծել հետագա՝ ավելի առարկայական քննարկումների և առաջարկների համար։

Մինչ բուն թեմային անցնելը հստակեցնենք մեր եզրաբանությունը՝ հնարավոր լեզվական թյուրիմացություններից խուսափելու համար։ Գիտության տեսակավորման լավ մշակված և լայնորեն ընդունված եզրաբանություն, կարծես թե, չկա, և բուն գիտնականները դրա սուր կարիքը չունեն, սակայն հանրության և հեռավոր գիտական ուղղությունների ներկայացուցիչների հետ շփման արդյունավետության համար որոշակի եզրույթներ հստակեցնել հավանաբար արժե։ Այս գրվածքում կտարանջատենք գիտական գործունեության տեսակավորման երկու առանցքներ

Ա Տեսական կամ փորձարարական հետազոտություններ։ Այս տարանջատման հիմքում դրված է տվյալ գիտության մեջ գերիշխող գիտելիքի ձեռքբերման և տեսակավորման մեխանիզմը։ Հետազոտությունը տեսական է, եթե առաջ քաշվող վարկածները (հիպոթեզները) ստուգվում են դրանք տրամաբանական շղթաներով տեսության հիմնադրույթներին բերելով։ Փորձարարական հետազոտություններում վարկածներն ստուգվում են անմիջական փորձերով։ Այս երկու մոտեցումներն իրար համալրում են։

Բ Հիմնարար կամ կիրառական հետազոտություններ։ Այս տարաբաժանման հիմքում ընկած է հետազոտական աշխատանքի նպատակը։ Հիմնարար հետազոտությունների նպատակը որևէ երևույթի հիմնարար պատճառների և սկզբունքների փնտրտուքն է։ Կիրառական հետազոտության նպատակը կոնկրետ կիրառական խնդրի լուծմումն է՝ անկախ գործածվող մեթոդներից։ Պարզության համար հիմնարար հետազոտություններով զբաղվող գիտնականների գործունեությունը և այդ գործունեության համակարգված արդյունքը կանվանենք հիմնարար գիտություն։

Գործնականում որևէ գիտական գործունեություն հստակ միայն մեկ տեսակի չի պատկանում, բայց գրեթե միշտ տեսակներից մեկը գերիշխող է ըստ այդմ՝ այս դասակարգումն իմաստալից է։

1. Հայաստանին գիտություն պետք է:

Սա հիﬓական ﬕտքն է, որի շուրջ կարելի է որոշակի համախոհության հույս ունենալ, նույնիսկ եթե «գիտություն» ասելով տարբեր բաներ ենք հասկանում: Իհարկե, այս միտքն իմաստ ունի միայն եթե հավելենք, թե ինչ գիտություն է պետք Հայաստանին: Հաշվի առնելով նորանկախ Հայաստանի գիտության հիﬓական խնդիրը՝ գիտության թերֆինանսավորման պատճառով երիտասարդների արտահոսքն ու գիտության ծերացումը, ինչպես նաև ՀՀ տնտեսական հզորությունները, կարելի է ցավով ընդունել, որ շատ թանկ գիտություն, գոնե շատ մոտ ապագայում, դժվար կլինի ստեղծել, եթե ոչ` անհնար:

Կիրառական գիտությունը կարող է ստեղծել հիմք ճարտարագիտական գործունեության՝ ստեղծելով տնտեսական արդյունք, մինչդեռ հիմնարար գիտությունը չի կարող անմիջապես ներդրվել տնտեսության մեջ։ Այնուամենայնիվ կիրառական գիտությունը սնվում է հիմնարար գիտությունից, և նրա գոյության ու ակտիվության պահպանումը առանց հիմնարար գիտության հիմքի շատ ավելի բարդ խնդիր է: Այն երկրները, որոնք չունեն հզոր հիմնարար գիտություն, բայց ունեն կիրառական գիտություն և գիտատար տնտեսություն (իսկ այդպիսիք քիչ չեն), ներկրում են հիմնարար գիտության թարմ գիտելիքը այլ երկրներից՝ կադրերի տեսքով։ Սա ենթադրում է միջազգային շուկայում լուրջ մրցակցություն մեծ քանակությամբ կադրերի համար, հետևաբար` միջազգայնորեն մրցունակ առաջարկի անհրաժեշտություն։ Չնայած սա բավական թանկ է նստում` ծախսերի մի մասն ընկնում է մասնավոր սեկտորի վրա, որ նման ռազմավարության կենսունակության հիմնական պատճառն է։ Բնականաբար այն երկրները, որոնք ունեն հիմնարար գիտություն, դառնում են գիտական նորույթների առաջնային կրողները և ստանում մրցակցային առավելություն կիրառությունների և նորարարությունների մեջ։ Այնուամենայնիվ նույնիսկ զարգացած երկրներում շատ դեպքերում պետական ֆինանսավորման մեխանիզմները նախընտրում են կիրառական գիտությունը, որը իր հետադարձ տնտեսական արդյունքով թեթևացնում է պետության ֆինանսական բեռը։ Հայաստանի նման երկրի համար նախընտրելի զարգացման տարբերակ կլիներ կիրառական գիտությանն ապավինելը և (պայմանականորեն անվանենք) երկրորդ կարգի երկրների ցուցակ մտնելը, եթե չլիներ Հայաստանում արդեն գոյություն ունեցող հիմնարար գիտությունը, որ ժառանգվել է Խորհրդային Միությունից։ Մեր կարծիքով այն հիմնարար գիտությունը, որ կա Հայաստանում, պետք է զարգացնել ու դարձնել հիմք առաջին կարգի գիտատար տնտեսություն կառուցելու համար։ Առնվազն անիմաստ կորուստ կլիներ արդեն գոյություն ունեցող հիմնարար գիտությունից հրաժարվելը, քանի որ այն ստեղծելու համար հսկայական ծախսեր են պահանջվում, մինչդեռ պահպանելը շատ ավելի հեշտ է։ Ավելին՝ կիրառական գիտությունը շատ ավելի էժան է հիմնարար գիտություն ունեցող երկրների համար, քանի որ անհրաժեշտ կադրերը կարող են պատրաստվել տեղում։ Զարկ տալով հիմնարար գիտությանը` Հայաստանը կարող է խուսափել այն ժամանակի կորստից, որ ունենում են տեխնոլոգիական առումով երկրորդ երկրները առաջինների համեմատ։ Կարելի է նույնիսկ օրինակներ բերել հայկական հաջողակ ստարտափների, որոնք չէին ունենա նույն հաջողությունը, եթե չհիմնվեին իրենց գործունեության մեջ տեղական հիմնարար գիտության վրա։ Կան նաև հակառակ օրինակները հայկական կազմակերպությունը, Հայաստանում որոշ թեմաներում հիմնարար գիտության բազա չգտնելով, ստիպված է եղել կենտրոն բացել այլ երկրում, որտեղ կան համապատասխան կրթությամբ կադրեր։

Հայաստանում ոչ ﬕ կառավարություն չի համաձայնի ﬔծ «ռիսկային» ներդրում անել թանկարժեք գիտության ﬔջ, քանի որ դա շատ ﬔծ ռեսուրսներ ու մասնագիտական որակյալ ու վստահելի կոմպետենցիա է պահանջում, իսկ տնտեսական արագ վերադարձը ապահովագրված չէ։ Ավելին, նույնիսկ ﬔծ հաջողությունը կարող է պահանջել ավելի երկար ժամանակ, քան ընտրական ցիկլն է: Մեր իրատեսական գնահատմամբ` այսպիսի «ազատ» ռեսուրսներ չկան Հայաստանում: Ավելին` Հայաստանում մոտակա տարիներին չի կարող լինել այնպիսի «լավ» կառավարություն, որ պատրաստ լինի նման ներդրուﬓեր անելու:

Այնուաﬔնայնիվ Հայաստանին գիտություն պետք է: Ուրեﬓ Հայաստանին պետք է գոնե էժան գիտություն, ասել է թե՝ տեսական հիմնարար հետազոտություններով զբաղվող գիտնականների էկոհամակարգ, որ կկարողանա կլանել, վերամշակել, կերտել և դասավանդել նոր գիտելիք։ Մասնավորապես այդ էկոհամակարգը կարող է ձևավորել նաև հզոր համայնք, որը կզբաղվի կիրառական տեսական հետազոտություններով։ Վերջինս ունի ահռելի արդյունաբերական ու տնտեսական նշանակություն և մեծ մասամբ կարող է ֆինանսավորվել դրա անմիջական շահառուի՝ մասնավոր սեկտորի կողմից: Թանկարժեք գիտական լաբորատորիաների հետ կապված պետական մեծ ծախսերը, պետք է պահել մտքում` որպես ապագայի երազանք կամ մասնավոր միջոցների լայն կիրառմամբ կազմակերպվելիք գործունեություն: Թվում է՝ հարցը լուծվեց։ Կիրառական գիտության անհրաժեշտությունն ակնհայտ է, և դրա զարգացման մեջ մեծ ներդրում պետք է ունենա մասնավոր սեկտորը։ Իսկ հիմնարար գիտություն Հայաստանում զարգացնել պետք է, և դա կարող է արվել հիմնականում պետական և հասարակական ֆինանսավորմամբ։ Դրա համար անհրաժեշտ են բարձրակարգ մասնագետներ, իսկ այդ մասնագետներին գրավելու և պահելու համար՝ համապատասխան աշխատավարձ և պայմաններ։ Փորձենք հասկանալ ինչքանով է դա իրատեսական։

2. Ձրի գիտություն չի լինում որակյալ գիտության ստեղծողը միջազգային շուկայում մրցունակ մասնագետ է, որին պետք է գրավել մրցունակ առաջարկով։

Հայաստանում կա մոլորված մտածելակերպ, թե հայ գիտնականին կարելի է վճարել քսան-հիսուն անգամ ավելի քիչ, քան նրա գերմանացի գործընկերն է ստանում, և սպասել նրանից նույնքան արդյունք: Գուցե մեկ բացառիկ անհատի դեպքում դա աշխատի (տեսականորեն), բայց համակարգային առումով դա անհնար է։ Երևի թե բոլորին ակնհայտ է, որ ﬕջազգայնորեն մրցունակ տասը գիտնականներից առնվազն ինը կնախընտրի աշխատել արտերկրում, եթե կարող են նույն աշխատանքի համար վճարվել քսան անգամ ավելի, քան Հայաստանում: Պետք է մոռանալ ցածր աշխատավարձով որակյալ գիտության (ու կրթության) միֆը։ Մրցունակ գիտություն հնարավոր է ունենալ ﬕայն տարբեր ﬕջազգային համագործակցությունների առկայության պայմաններում: Սա նշանակում է, որ գիտնականների «արտագաղթը» պետք է դիտարկվի որպես բնականոն պրոցես, որը ﬕայն կարող է փոխհատուցվել «ներգաղթով»: Այսինքն` մրցունակ գիտություն ունենալու համար պետք է ունենալ աշխատանքի գրավիչ առաջարկ որակյալ գիտնականների համար, որպեսզի Հայաստան վերադարձն ու գիտական գործունեության շարունակությունը նվիրականության հարթությունից տեղափոխվի աշխատանքայինի։ Սա նշանակում է առնվազն, որ Հայաստանում որակյալ գիտնականը պետք է ﬕջազգային ստանդարտներով ընդունելի վարձատրություն ունենա և արհեստական վարչական խոտաններով կաշկանդված չլինի :[1] 

Առհասարակ` Հայաստանի և ամբողջ աշխարհի տնտեսությունը և, ըստ էության, ողջ գործնական միջավայրը շուկայական սկզբունքներով են շարժվում։ Բնականաբար այդ սկզբունքները թափանցում են նաև գիտական ոլորտ։ Այս համատեքստում պետք է գիտակցել, որ որակյալ գիտնականն ամենաբարձր որակավորում պահանջող մասնագիտությունն է, և անկախ ամեն ինչից շատ միամիտ կլինի ակնկալել, որ նա պատրաստ կլինի աշխատել վատ պայմաններով։

Այս մտքին կարելի է փորձել հակադարձել հետևյալ կերպ իսկ ինչպե՞ս է ՀՀ գիտությունը այսպիսի ցածր ֆինանսավորմամբ գոյատևել անկախությունից ի վեր ուրեմն հնարավոր է ցածր աշխատավարձով գիտություն։ Այս հարցին պատասխանելու համար պետք է մի փոքր պատմական էքսկուրս կատարել։ Խորհրդային Հայաստանն ուներ հզոր գիտական համակարգ, որի բեկորները մենք հիմա անվանում ենք հայկական գիտություն։ Միջին վիճակագրական որակյալ գիտնականը ներկա Հայաստանում այն մարդն է, որ իր գործունեությունն սկսել է Խորհրդային Միությունում, տեսել իր ապագան այդ (փակ) համակարգում։ Խորհրդային Միության փլուզումից հետո այդպիսի մասնագետները անմիջապես չեն ինտեգրվել միջազգային աշխատանքային շուկային, և նրանց մի մասն է միայն կարողացել կամ ուզել արտերկրում աշխատանք գտնել։ Բնականաբար ոչ ամենաանորակ մասը։ Որակյալ գիտնականները, որոնք մնացել և շարունակել են աշխատել Հայաստանում, այդ ընտրությունը կատարել են հիմնականում հայերնասիրոթյունից դրդված կամ այլ անձնական պատճառներով։ Այժմ նրանք հիմնականում ծերացել են, կորցրել էնտուզիազմը տարիների ընթացքում։ Նրանք ուղղակի զրկված են եղել հնարավորություններից, ընտրությունից, ու իրենց ներուժի չնչին տոկոսը դժվարությամբ իրացնելով` նրանց մի մասը շարունակել է արտադրել գիտություն Հայաստանում։ Այն հնարավորությունները, որոնցից նրանք զրկված են եղել, հիմա բաց են երիտասարդների առաջ, և նույն որակի ավելի երիտասարդ մասնագետներին արդեն հնարավոր չէ պահել Հայաստանում։

Միտքն ավելի ցայտուն ներկայացնելու համար նկատենք, որ գիտելիքը նման է տարածքի, պարարտ հողի, որի վրա միայն կարելի է տարատեսակ բարիքներ աճեցնել և կառույցներ ստեղծել, տնտեսություն և, ինչու ոչ, հասարակություն կառուցել։ Այդ տարածքն ընդլայնողներն ու պահողները գիտնականներն են սահմանագծին կանգնած են հիմնարար գիտությամբ զբաղվողները։ Աշխարհը զարգանում է, գիտելիքն աճում է, նոր ձևեր է ընդունում, և եթե քո սահմանները ֆիքսած են, ապա ընդհանուր պատկերում քո «տարածքը» փոքրանում է։ Իննսունականներին` երիտասարդ, իսկ հիմա` արդեն միջին ու բարձր տարիքի մեր գիտնականներին կարելի է համեմատել առաջնագծում առանց թիկունքի օգնության թողած զինվորների հետ, որոնք ուղղակի չունեն այլ ընտրություն, քան հուսահատ կռիվ տալ դրսից ճնշող մարտահրավերների դեմ։ Գիտության ֆինանսավորման և գիտնականի սոցիալական վիճակի բարելավման անհրաժեշտությանը հակադարձող դրույթները, թե «լավ էլ գիտություն ունենք, ավել ֆինանսավորում պետք չէ», նման են այն պնդումներին, թե զինվորները սահմանին լավ էլ կռվում են, նրանց մասին հոգ տանելու կարիք չկա։ Միջին գիտնականը Հայաստանում անկախության տարիներին բարոյալքվել է, և կտրուկ բարձրացել է որակյալ գիտնականի միջին տարիքը ևս մի քանի տարի, և Հայաստանում ամեն ուղղությամբ աշխատունակ գիտնականներին կարելի կլինի հաշվել մատների վրա։ Գիտելիքի առաջնագծի այդ զինվորների մեծ մասն արդեն զոհվել են կամ գերհոգնած են, և մենք պիտի գիտակցենք, որ ուր որ է այդ առաջնագիծը փլուզվելու է՝ զրկելով մեզ հուսալի ապագայի ևս մեկ սյունից:

3. «Գիտությունը», որը ﬕջազգային տեսանելիություն չունի, ավելորդ բեռ է պետության համար:

Նորություն չէ, որ ՀՀ գիտության որոշ ճյուղեր նոմինալ գոյություն ունեն և արտադրում են գիտնականներ, բայց միջազգային ստանդարտներով զրոյական մակարդակ ունեն։ Այսինքն` խոսքը ոչ թե գիտության, այլ գիտության իմիտացիայի մասին է` շատ մեղմ ասած։ Սա առնչվում է գիտությանը տրամադրվող ռեսուրսների էֆեկտիվ կիրառման հարցին, և այս կետն ըստ էության մեր համառոտ անդրադարձն է այդ կարևորագույն թեմային։ Մեր նպատակը միջազգային տեսանելիություն ունեցող գիտություն ունենալն է։ Տեսանելիությունը սահմանելու տարբեր գիտաչափական ցուցանիշներ կան դրանց տիրապետում է և կիրառում ՀՀ գիտության պետական քաղաքականությունը իրականացնող հիմնական մարմինը՝ Գիտության կոմիտեն։

Բացի որակյալ գիտությունը ֆինանսավորելու անհրաժեշտությունից կա նաև անորակից ազատվելու մեխանիզմների կարիք: Այս թեմային կարելի է (և անհրաժեշտ է) առանձին անդրադառնալ: Մեր մոտեցումը հետևյալն է. կարելի է օգտվել այլ երկրների փորձից, բայց վտանգավոր է դրանք կրկնօրինակելը: Ցանկալի է ստեղծել որակյալ գիտության «զուգահեռ աշխարհ»` եղածը չքանդելով, որի ընթացքում մոտիվացված գիտնականները կարող են անցնել այդ «զուգահեռ աշխարհը»` ցուցադրելով աշխատանքային որոշակի որակներ: Ներկա հայկական գիտական համակարգը ﬔծ հավանականությամբ կմահանա սեփական մահով առանց վիրահատական ﬕջամտությունների, բայց դեռ շատ որակյալ մասնագետներ կարող է տալ նոր համակարգին: Կրկին, այն պայմանով, որ կլինեն բավարար միջոցներ այն վաղաժամ մահվանից ապահովագրելու համար, և կլինեն բավարար միջոցներ զուգահեռ համակարգը առողջ ու կենսունակ կառուցելու համար։

4. Գիտությունը ազգային չի լինում:

Սա ապացուցված է բազմաթիվ երկրների փորձով: Եթե ուզում ենք ունենալ ﬕջազգայնորեն մրցունակ գիտություն, պետք է բաց լինենք նաև արտերկրից մասնագետների համար: Բնականաբար, Հայաստանի առանձնահատկությունները հաշվի առնելով, կարելի է ենթադրել, որ ավելի հավանական է, որ Հայաստան մշտապես բնակության տեղափոխվել կնախընտրեն հիﬓականում հայազգի գիտնականներ, այն էլ` բացառիկ լավ հնարավորությունների դեպքում: Որպեսզի նրանք կարողանան ստեղծել իրապես մրցունակ գիտություն Հայաստանում, առնվազն պետք է օտարերկրացի ասպիրանտների և հետդոկտորական աշխատակիցների աշխատանքի ընդունելու հնարավորություն լինի: Սովորաբար տվյալ նեղ գիտական ուղղությամբ աշխարհում զբաղվում են սահմանափակ թվով մարդիկ, ու եթե նրանցից զտենք ﬕայն հայերին, շատ դեպքերում ոչ ﬕ թեկնածու չի ﬓա: Հետևաբար ազգային հիմքով ընտրությունը անհեթեթ է գիտության մեջ։ Ավելին, հետդոկտորական աշխատողները մեծ հաշվով կայացած գիտնականներ են, որոնք կրում են իրենց կայացման գիտական կենտրոնների մշակույթը։ Այնպես որ նրանց շարժունությունը նպաստում է գիտական մշակույթի համաշխարհային վերաբաշխմանը, և Հայաստանը նույնպես պիտի վերջիվերջո օգտվի այդ ինստիտուտի բարիքներից։ Կրթության տեսանկյունից՝ գիտության գոյությունը ունենալու է դրական էֆեկտ հենց հայկական համալսարանական կրթության համար, ինչը առանձին լուրջ քննարկման թեմա է։

Նման իրավիճակ կա արդեն տեղեկատվական տեխնոլոգիաների (ՏՏ) ոլորտում, երբ արտերկրից ՀՀ են գալիս աշխատանքային գրավիչ պայմանների շնորհիվ: Այդ փորձը պետք է զարգացնել՝ Հայաստան բերելով տարբեր ոլորտների որակյալ մասնագետների, որ գուցե ժողովրդագրական առումով չնչին ազդեցություն ունենա, բայց հասարակության որակի վրա նման ներհոսքի դրական ազդեցությունը դժվար է գերագնահատել։

5. Գիտությունը կողﬓակի արդյունք տալիս է, նույնիսկ եթե այդպիսի նպատակ դրված չէ:

Այստեղ կարող էր լինել հանրահայտ ֆիզիկոս Ռիչարդ Ֆեյնմանի հայտնի կատակը գիտության (ֆիզիկայի) պրակտիկ նշանակության վերաբերյալ, սակայն փոխարենը կմատնանշենք ﬕ լուրջ օրինակ: Հայաստանում վերջին տարիներին ﬔծ ծաղկում է ապրում ՏՏ ոլորտը: Ինչու՞ հենց Հայաստանում ու ոչ հարևան երկրներում: Այս հարցի պատասխանը շատ հեշտ է ձևակերպել Հայաստանում կա(ր) բավարար կրթական մակարդակ ՏՏ ոլորտի կադրեր պատրաստելու համար, ինչը արդյունք էր սովետական շրջանի հիﬓարար գիտության հաջողությունների: Գիտնականների առաջնային գործը գիտությունն է, բայց դրանից բացի նրանք ունեն շատ կարևոր գործառույթ` պահպանել կրթական մակարդակի որակը: Երբ գիտությունը կորցնում է որակը, դրան հետևում է կրթության որակի անկումը (որը գիտելիքի վերոհիշյալ «սահմանների» կոլապսի թերևս ամենադառը հետևանքներից մեկն է): Ցավոք, Հայաստանում գիտության հետ կատարվողը տեսնելով, դժվար է ակնկալել, որ այս տեմպերով զարգանալու դեպքում քառասուն տարուց այսօրվա ՏՏ նման տեխնոլոգիական հրաշք կունենանք կրկին: Ավելին, ներկա պահին մսխվում են խորհրդային գիտության վերջին փշուրները` վերածելով տնտեսական համեստ հաջողության:

6. Գիտության մոտավոր արժեքը: 

Թվերի հարցում կարող են տարբեր կարծիքներ լինել։ Մեր կարծիքով ՀՀ-ն կարիք ունի առնվազն հինգ հազար [2] որակյալ գիտնականների կրիտիկական զանգվածի։ Այս թվին հանգում ենք, երբ համեմատում ենք այլ, զարգացման ուղին բռնած երկրների նույն ցուցանիշի հետ։ Մոտավոր (նվազագույն) հաշվարկներով դա երկրի վրա կնստի տարեկան երեք հարյուր ﬕլիոն դոլար : Սա կազմում է ՀՀ ՀՆԱ մոտ 2,5 %-ը[3] : Պետական բյուջեն պետք է կրի այս ծախսերի առնվազն կեսը, որը նշանակում է առնվազն հնգապատկել ներկա գիտության բյուջեն: Խոսքը գիտական համակարգի հավակնոտ բարեփոխման մասին է, որը, անկախ աշխարհում գիտության հետագա զարգացուﬓերից, կարող է Հայաստանը մշտապես ապահովագրել հետ չﬓալուց տեխնոլոգիական այնպիսի թռիչքներից, ինչպիսին համակարգչային հեղափոխությունն էր՝ տեղեկատվական տեխնոլոգիաների կտրուկ զարգացումը վերջին երեսուն տարում: Հաշվի առնելով, որ ՏՏ ոլորտը ստեղծում է ՀՆԱ ավելի քան երեք տոկոսը, սա իրապես հաջող «բիզնես պլան» է, տնտեսական այնպիսի հաջողության գրավական հետագա տասնամյակների համար, ինչպիսին ՏՏ ոլորտում գրանցվողն է ներկայում [4]: Նաև հաշվի առնելով, որ այսպիսի ռեֆորմը կարող է զարգացնել կրթության այնպիսի որակ, որը Հայաստան կբերի ﬕջազգային ուսանողների ﬔծ հոսքեր՝ ակնհայտ տնտեսական արդյունքով, այս ծրագիրը դատապարտված է տնտեսական բազմապատիկ դրական ազդեցության: Այսպիսով ծախսերը արդարացված են լինելու նույնիսկ անհեռատես կառավարության տեսանկյունից:

Անհրաժեշտ ենք համարում կրկին շեշտել, որ գիտությունը ռազմավարական նշանակություն ունի երկրի քաղաքական (հումանիտար գիտություններ) և ռազմատնտեսական (ճշգրիտ գիտություններ) զարգացման համար, և որպես հետևանք՝ երկրի անվտանգության համար։ Համեմատության համար նշենք, որ 44-օրյա պատերազմի ամեն օր ծախսվել է ՀՀ գիտության այս տարվա բյուջեի չափ գումար (ըստ որոշ հաշվարկների)՝ չհաշված մասնավոր ծախսերն ու հանգանակությունները։ Կարող է մի քիչ անպատեհ հնչել, բայց նման կարգի գումարների արդյունավետ ծախսը ոչ միայն բնական, այլև նույնիսկ հումանիտար գիտություններում կարող էր ՀՀ համար ավելի շահեկան միջազգային և ռազմատնտեսական իրավիճակ ստեղծել, որը նաև կազդեր Արցախյան հակամարտության լուծման վրա։

Վերևում նշված մոտավոր թվերը մեր շատ նախնական գնահատականներն են Հայաստանի այն գիտական բյուջեի, որի դեպքում կարելի է քիչ թե շատ խելամտորեն ակնկալել հայկական գիտության դրական դինամիկա։ 

7. Համաշխարհային գիտությունը լուրջ մարտահրավերների առջև է:

Այս կետը վերաբերում է համաշխարհային գիտությանը, բայց նաև՝ հայկական գիտության տեղին ու դերին այդ համաշխարհային խճանկարում։ Սրա շուրջ, հուսով ենք, առաջիկայում առիթ կունենանք առանձին քննարկմամբ հանդես գալու, իսկ այստեղ շատ հակիրճ փորձենք ներկայացնել խնդիրը։ Այսօրվա աշխարհում գերիշխող գիտակրթական համակարգը, պայմանականորեն անվանենք այն «արևմտյան», խարսխված է խիստ շուկայական մոտեցումների վրա։ Ժամանակի ընթացքում, պարբերաբար ստորադասելով գիտական ասպեկտները կոմերցիոններին, այդ համակարգը գալիս է բուն գիտական արդյունքի՝ նոր գիտելիքի ստեղծման արդյունավետության հագեցման։ Չի բացառվում, որ մոտ ապագայում ականատես լինենք լրջագույն վայրիվերումների և դերակատարների փոփոխության։ Այս համատեքստում, կարծում ենք, կարևոր է մեկ քայլ առաջ նայել և չկրկնել մի շարք այլ նոր զարգացող գիտական հասարակությունների սխալները, այսինքն՝ արդեն իսկ լճացող համակարգի տարրերը բառացիորեն ներկրելու փոխարեն մտածել առավել առողջ, կայուն և հեռանկարային այլընտրանքների մասին։ Լճացող համակարգին կուրորեն հաղորդակցվելուն բնորոշ տարրերից են, օրինակ, մեծ ծախսերով հռչակավոր գիտնականների այցելությունների կազմակերպումը, որի «տրամաբանությունը» հեղինակությունների ավտորիտար համակարգում հռչակավոր ներկայացուցչի հետ առնչվելով նրա հեղինակությունից մի պատառիկ քաղելն է, սակայն իրականում այդ նույն հեղինակությունները սա վաղուց արդեն դիտարկում են որպես կիսագիտական զբոսաշրջության տեսակ։ Քսան հռչակավորի մեկական շաբաթով Երևան հրավիրելու փոխարեն կարելի է, օրինակ, փորձել նրանցից միայն մեկին ներգրավել մեկ հայ ասպիրանտի գիտական ղեկավարման մեջ, ընդ որում, միայն եթե դա գիտականորեն նպատակահարմար է երկու կողմին էլ։ Երևույթների ցանկը երկար է, բայց այստեղ միայն ամփոփելով նշենք, որ այդ մոտեցումներն իրենց աստիճանաբար սպառում են, և գալիք ցնցումներին դիմակայելու և նոր համակարգում տեղ ունենալու համար արժե այսօր արդեն ճիշտ թիավարել և ընտրել առողջ հոսանքները։

Հեղինակները կրում են բազմաթիվ գործընկերների ազդեցությունը՝ այստեղ արծարծված հարցերի շուրջ բազում քննարկումների շնորհիվ։ Այնուամենայնիվ, արտահայտված մտքերի համար պատասխանատվություն կրում են միայն հեղինակները։ Անճշտությունների ու սխալների համար ամեն հեղինակը մեղադրում է մյուս երկուսին։

 

[1] 

Այս ասպեկտը առնչվում է գիտության ֆինանսավորման էֆեկտիվ կիրառման խնդրին։ Սա ոչ պակաս հիմնարար և կարևոր խնդիր է, որն առանձին քննարկման կարիք ունի։ Այս հոդվածում մենք հպանցիկ կանդրադառնանք այս խնդրին 3-րդ մասում։

[2] 

Անհրաժեշտ ենք համարում նշել, որ այս հաշվարկը վերաբերում է մաքուր գիտական հաստիքներին։ Գիտնականները ներգրավվում են նաև կրթության ոլորտում, որը նույնպես հաստիքներ է ստեղծում (սրանք հաճախ համակցվում են)։ Այդպիսով, մեր առաջարկած թիվը ՀՀ-ում աշխատող ակտիվ գիտնականների վերջնական թվից մոտ երկու-երեք անգամ փոքր պետք է լինի։ Հաշվի առնելով նաև ուսանողների և ասպիրանտների մասնակցությունը գիտական աշխատանքին, այս առաջարկի արդյունքում Հայաստանում փաստացի կլինեն մոտ հինգ հազար գիտնականներ՝ մեկ միլիոն բնակչության հաշվարկով, ինչը միջազգայնորեն մրցունակ ցուցանիշ է։

[3] 

Աշխարհում ամենաբարձր ցուցանիշները առաջարկվողից կրկնակի բարձր են ՀՆԱ տոկոսի առումով, իսկ եթե հաշվի առնենք նաև ՀՀ ՀՆԱ-յի փոքր ծավալը, առաջարկվող թիվը անհամեմատ համեստ է աշխարհի (այս ցուցանիշով) առաջատարների՝ Իսրայելի, Հարավային Կորեայի և Ֆինլանդիայի համեմատությամբ։  

[4] 

Տեխնոլոգիական թռիչքները կարող են լինել այն ոլորտներում, որտեղ չի կանխատեսվել, հետևաբար ցանկալի է ունենալ որակյալ մասնագետներ հնարավոր տարբեր ուղղություններով:


Կարապետ Մկրտչյան -Լոնդոնի Իմպերիալ Քոլեջ (ICL), Լոնդոն, Մեծ Բրիտանիա

Ժիրայր Ավետիսյան -Կալիֆոռնիայի Համալսարան (UCSB) Սանտա Բարբարա, ԱՄՆ

Կարեն Հովհաննիսյան -Տեսական Ֆիզիկայի Միջազգային Կենտրոն (ICTP), Տրիեստ, Իտալիա

Մեկնաբանություններ (1)

Սուսաննա Գաբրիելյան
՛Տեսանելիությունը սահմանելու տարբեր գիտաչափական ցուցանիշներ կան․ դրանց տիրապետում է և կիրառում ՀՀ գիտության պետական քաղաքականությունը իրականացնող հիմնական մարմինը՝ Գիտության կոմիտեն։" Իմ փորձից ելմելով հայտարարում եմ, որ ԳԿ չափանիշերը չեն ապահովում առաջարկվող նյութի իրական գնահատականը, քանի որ դրանք ուղղակի չեն վերաբերվում նյութի բովանդակությունը: Պատրաստ եմ փաստերը տրամադրել հետաքրքրվողներին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter