HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Էրեբունիում ընթանում են բարեկարգման լայնածավալ աշխատանքներ

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը 2012 թվականի շինբարեկարգման ծրագրով նախատեսված աշխատանքների ընթացքին ծանոթանալու նպատակով պարբերաբար շրջայցեր է կատարում մայրաքաղաքի վարչական շրջաններ: Այս համատեքստում հերթականը Էրեբունի վարչական շրջանն էր:

Տարոն Մարգարյանը նախ ծանոթացել է բակերում, հանգստի գոտիներում, այգիներում ու պուրակներում իրականացվող բարեկարգման ու կանաչապատման աշխատանքերին, զրուցել բնակիչների հետ, լսել առաջադրվող խնդիրներն ու պատասխանատուներին տեղում հանձնարարել հաշվի առնել բնակիչների առաջարկները և նրանց ևս մասնակից դարձնել վարչական շրջանում իրականացվող ծրագրերին:

Արցախի 8 հասցեի բակում քաղաքապետի այցելության պահին եզրաքարերի նորոգման աշխատանքներ էին ընթանում: Ամբողջությամբ բարեկարգվում և կանաչապատվում են Գուրգեն Մահարի 39 և Ազատամարտիկների 76 շենքերի բակերը: Այստեղ կտեղադրվեն նոր զրուցարաններ ու նստարաններ, իսկ փոքրիկների համար կկառուցվեն խաղահրապարակներ:

Բոլոր բնակիչներն ընդգծել են, որ բակերի բարեկարգումն առաջնահերթ խնդիր է: Տարոն Մարգարյանն էլ խոստացել է բակերի բարեկարգման ավարտից հետո կրկին այցելել ու բնակիչների հետ կատարել դրանց պաշտոնական բացումը: Վարչական շրջանի պատասխանատուները զեկուցել են, որ աշխատանքները կավարտվեն սահմանված ժամկետում:

Բարեկարգմանը զուգահեռ վարչական շրջանում նաև ասֆալտապատման աշխատանքներ են կատարվում: Քաղաքապետարանի ծրագրով հիմնանորոգվող Նոր Արեշ 44 փողոցում կատարվող աշխատանքներին տեղում հետևել է նաև Տարոն Մարգարյանն ու համոզվել, որ դրանք ընթանում են լայն թափով, և ավելի քան 30 տարի նորոգման կարիք ունեցող այս փողոցի բնակիչները ևս գոհ են աշխատանքից:

Քաղաքապետն այցելել է նաև վարչական շրջանի Մանկական այգի, որտեղ ընթանում են հիմնանորոգման աշխատանքներ: Այս այգու բարեկարգման խոստումը Տարոն Մարգարյանը բնակիչներին տվել էր նախորդ տարեվերջին այստեղ կազմակերպված ծառատունկի ժամանակ: Ըստ այդմ, ամբողջությամբ փոխվում, արդիականացվում է արտաքին լուսավորության ցանցը, բարեկարգվում և կանաչապատվում է այգու ողջ տարածքը: Այգին կունենա նաև ոռոգման նոր համակարգ:

«Այս այգին, ըստ էության, Էրեբունու բնակիչների ամենասիրված հանգստի գոտիներից մեկն է: Մոտ մեկ ամսից կավարտենք աշխատանքներն ու այգին կհանձնենք մեր բնակիչներին: Ամեն տարի մենք ավելացնում ենք բարեկարգվող բակային տարածքների թիվը: Եվս մի քանի տարի և բարեկարգ կլինեն մայրաքաղաքի բոլոր բակերը: Միայն այս տարվա ընթացքում ամեն վարչական շրջանում նախատեսել ենք բարեկարգել 20-30 բակ»,- նշել է Տարոն Մարգարյանը:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդմամբ՝ շրջայցից հետո քաղաքապետն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել վարչական շրջանի աշխատակազմի հետ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter