Երևանի Ջիվան Աբրահամյանի անվան 111-րդ դպրոցը վերակառուցվում է
ՏԿԵ նախարարության Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի կողմից իրականացվող` դպրոցների սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագրով սկսվել են Երևանի 111-րդ դպրոցի վերակառուցման աշխատանքները։ Այս մասին տեղեկացնում է Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի հանրային կապերի բաժինը:
«Դպրոցը գտնվում էր վթարային վիճակում և ենթակա չէր վերանորոգման. որոշվել է այն քանդել և հիմնովին վերակառուցել։ Նորակառույց դպրոցում կտեղադրվի արևային կայան, ինչը հնարավորություն կտա կրճատել հոսանքի ծախսերը։ Կառույցը կունենա հարմարավետ դասասենյակներ, մարզադահլիճ, միջոցառումների դահլիճ, վերելակ։ Նախատեսված է կրթօջախը հարմարեցնել հաշմանդամություն ունեցող անձանց։ Ինչպես սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագրով կառուցվող մյուս բոլոր շենքերն, այս մեկը ևս սեյսմակայուն կլինի` մինչև 9 բալ երկրաշարժի դեպքում։
Կառավարության և Ասիական զարգացման բանկի ներդրումը կազմում է 1 միլիարդ 436,5 միլիոն դրամ, ծրագիրն իրականացվում է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության համակարգմամբ։
Նույն ծրագրով այս պահին իրականացվում են ևս 12 դպրոցների շինարարական աշխատանքներ»,- ասված է հաղորդագրության մեջ։
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել