
Պատգամավորներն առաջարկում են վերանայել ինքնակամ կառույցներին վերաբերող օրենսդրությունը
Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության մի խումբ պատգամավորներ առաջարկում են Քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ կատարել` առաջարկելով ինքնակամ կառույցի նոր սահմանում: Փոփոխությունների համաձայն` ինքնակամ կառույցների ապամոնտաժման ծախսերն ամբողջությամբ կկրի կառուցապատողը՝ անկախ նրանից, թե ով է ապամոնտաժման աշխատանքները կատարել:
Ըստ նախագծի` ինքնակամ կառույց է համարվում օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված կարգով այդ նպատակի համար չհատկացված հողամասում կամ շինությունում, կամ հողամասում կամ շինությունում, որի նպատակային և (կամ) գործառնական նշանակությունը նախատեսված չէ նմանատիպ կառույց կառուցելու համար, կամ առանց թույլտվության կամ թույլտվությամբ սահմանված պայմանների կամ քաղաքաշինական փաստաթղթերի խախտումներով կառուցված, վերակառուցված, տեղադրված շենքը, շինությունը կամ այլ կառույցը կամ կառուցվածքը:
Պետության կամ համայնքի սեփականություն հանդիսացող հողամասում կամ շինությունում կառուցված (տեղադրված) ինքնակամ կառույցը չի կարող ճանաչվել օրինական և այն ենթակա է քանդման (ապամոնտաժման) համայնքի ղեկավարի, իսկ Երևան քաղաքում՝ վարչական շրջանի ղեկավարի կողմից՝ առանց վարչական վարույթի հարուցման: Ինքնակամ կառույց իրականացրած (տեղադրած) անձը պարտավոր է հատուցել պետությանը կամ համայնքին հասցրած վնասը, ներառյալ՝ ինքնակամ կառույցի քանդման (ապամոնտաժման) և հողամասի նախկին վիճակի վերականգնման ծախսերը: Ֆիզիկական կամ իրավաբանական անձանց սեփականության իրավունքով պատկանող հողամասում կառուցված (տեղադրված) ինքնակամ կառույցը չի կարող ճանաչվել օրինական:
Նախագծի անցումային դրույթների համաձայն` ֆիզիկական կամ իրավաբանական անձանց սեփականության իրավունքով պատկանող շինությունում կառուցված (տեղադրված) ինքնակամ կառույցը կարող է ճանաչվել օրինական՝ կառավարության սահմանված կարգով:
Հողամասի սեփականատերը, այդ թվում՝ ինքնակամ կառույցի առկայությամբ հողամասը ձեռք բերողը, կրում է դրա վրա գտնվող ինքնակամ կառույցի օգտագործման ու ինքնակամ կառույցի քանդման (ապամոնտաժման) հետ կապված ռիսկերը, այդ թվում՝ ծախսերը, ներառյալ՝ քանդման և հողամասի նախկին վիճակի վերականգնման:
Հողամասի սեփականատերն իրավունք ունի քանդել (ապամոնտաժել) իր հողամասում գտնվող ինքնակամ կառույցը:
Ինքնակամ կառույցը պետության, համայնքի կամ այլ շահագրգիռ անձի հայցով ենթակա է քանդման (ապամոնտաժման), իսկ հողամասը` նախկին վիճակի վերականգնման` հողամասի սեփականատիրոջ հաշվին:
Հիմնավորման մեջ նշվում է, որ նախորդ տարիներին ձևավորվել է պրակտիկա, երբ տնտեսվարող սուբյեկտները և ֆիզիկական անձինք կառուցապատումը կատարում էին առանց համապատասխան շինարարության թույլտվության, իսկ այնուհետև դիմում էին համայնքի ղեկավարին՝ ինքնակամ կառույցները օրինականացնելու խնդրանքով: Պատճառը այն էր, որ ինքնակամ շինությունների օրինականացումը ավելի արագ է և ավելի մատչելի է, քան օրինական կարգով շինարարության թույլտվություն ստանալը:
Ակնհայտ է, որ նման իրավիճակը ոչ՛ կարող է շարունակվել, ոչ՛ պահպանվել. հետեւաբար, անհրաժեշտ է վերանայել ինքնակամ կառույցներին վերաբերող ամբողջ օրենսդրությունը:
Պատգամավորներն առաջարկում են փոփոխություն իրականացնել Քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածում, շարադրելով այն նոր խմբագրությամբ, ապահովելով մի կողմից տնտեսվարող սուբյեկտների և քաղաքացիների իրավունքները՝ ինքնակամ կառույցների օրինականացման հարցում, մյուս կողմից համայնքի իրավունքը՝ ինքնակամ կառույցները ապամոնտաժելու՝ առանց վարչական վարույթ իրականացնելու:
Հիշեցնենք, որ սա դեռևս նախագիծ է, և լիագումար նիստերի օրակարգում հայտնվելու համար նախ պետք է ստանա ԱԺ գլխադասային հանձնաժողովի դրական եզրակացությունը:
Մեկնաբանել