HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ամալյա Մարգարյան

Գիտությունը չի կարող զարգանալ այն երկրներում, որտեղ դրան հատկացվում է ՀՆԱ-ի 1%-ից էլ քիչ գումար. ԳԱԱ նախագահ

«Հաշվի առնելով 2020թ.-ին մեր կյանքում տեղի ունեցած աղետալի երեւույթները, պետք է փոխել մեր կյանքի ընթացքը, ապրել նորովի, չկրկնել նախկինում թույլ տված սխալները, որը հնարավոր է միայն գիտության զարգացման միջոցով»,- «Գիտությունը՝ որպես անվտանգության եւ զարգացման հենասյուն» թեմայով խորհրդարանական լսումների ժամանակ ասաց ԳԱԱ նախագահ Ռադիկ Մարտիրոսյանը՝ հավելելով, որ միայն այդպես կարելի է դիմակայել մարտահրավերներին։

Նրա խոսքով՝ 44-օրա պատերազմում ՀՀ-ի զոհերի, կորուստների թվի 90%-ը պայմանավորված է հակառակորդի տեխնոլոգիական առավելությամբ։ «Թուրքիայում ՀՆԱ-ի 2%-ը հատկացվում է գիտությանը։ Մեկ «Բայրաքթար» ստեղծելու վրա ծախսվել է 270 մլն դոլար, այդ գումարը մեր գիտությանը հատկացված միջոցն է՝ 10 տարվա ընթացքում»,- նշեց Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահը։ Ըստ նրա՝ գիտությունը զարգացնելու համար անհրաժեշտ է բավարար ֆինանսավորում, համապատասխան կադրային ներուժ, բարձր մակարդակի միջազգային համագործակցություն, գիտական բարձր մակարդակին համապատասխանող պետության կողմից պատվեր։ Ըստ Մարտիրոսյանի՝ գիտությանը ներկայում հատկացվող գումարը, որը կազմում է ՀՆԱ-ի 0,25%-ը, ոչ թե ուղղվել է զարգացմանը, այլ ԽՍՀՄ-ի ժամանակ գիտությամբ զբաղվող կազմակերպությունների պահպանմանը։

Ռադիկ Մարտիրոսյանի խոսքով՝ Հայաստանի գիտաշխատողների միջին աշխատավարձը 100 հազար դրամ է, որը կազմում է մեր երկրի միջին աշխատավարձի կեսը։ «ԳԱԱ աշխատողների 2/3-ը ստանում են մինիմալ աշխատավարձ»,- հայտնեղ ակադեմիայի ղեկավարը:
Խոսքը եզրափակելով՝ ԳԱԱ նախագահը նշեց, որ այն երկրները, որոնք գիտության զարգացմանը տալիս են ՀՆԱ-ի 1 %-ից էլ քիչ գումար, այդտեղ գիտությունը չի կարող ազդել տնտեսության վրա։

Պրն Մարտիրոսյանն առաջնային համարեց երիտասարդ կադրերի պատրաստումը՝ նշելով, որ բուհերում բարձր որակավորման մասնագետներ պատրաստելու համար պետք է լրջորեն վերանայել ուսումնական, գիտական ծրագրերը։ «Կրթության բովանդակությունը պահանջում է արմատական վերանայում»,- նշեց Ռադիկ Մարտիրոսյանը։ 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter