«Էրեբունի» արգելոց-թանգարանն ընդունում է «Պատանի հնագետ» դպրոցի դասընթացի մասնակցության հայտեր
Երևանի քաղաքապետարանի «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանին առընթեր «Պատանի հնագետ» դպրոցը միջին և բարձր դասարանների դպրոցականներին հրավիրում է հերթագրվելու դպրոցի 1-ին դասընթացին և պեղումների գործաշրջանին:
Տեսական պարապմունքների տևողությունը 3 շաբաթ է` շաբաթական 2 դաս պարբերականությամբ: Տեսական դասընթացին կհետևեն գործնական պեղումները թանգարանի հարևանությամբ կազմակերպված ուսումնական պեղավայրում:
Դասընթացը նախատեսում է տեսական և գործնական պարապմունքներ՝ հնագետի մասնագիտության և հնագիտական պեղումների նախնական հասկացությունների ու մեթոդների վերաբերյալ:
Դպրոցի նպատակն է աջակցել հնագիտությամբ հետաքրքրվող երիտասարդներին մասնագիտության ընտրության հարցում և գիտելիքների տարածմամբ նպաստել հնագիտական ժառանգությանը պատճառվող վնասների կրճատմանը:
Դիմումներն ընդունվում են մինչև 2012թ. ապրիլի 30-ը: Պետք է նշել դիմողի անուն-ազգանունը, ուսումնական հաստատության անվանումը (դպրոց, կրթական համալիր, վարժարան և այլն), մշտական բնակության վայրը և հասցեն, հեռախոսի համարը: Դիմումի ձևաչափը տեղադրված է արգելոց-թանգարանի կայքում` www.erebuni.am :
Դիմումը կարելի է ներկայացնել անձամբ (ք. Երևան, Էրեբունի փող. 38) կամ [email protected] էլ. փոստով: Մանրամասների համար զանգահարել հասարակայնության հետ կապերի և հանրահռչակման բաժին 43 89 53 հեռախոսահամարով:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել