
ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության առաջնահերթությունը Ադրբեջանում պահվող ռազմագերիների վերադարձի հարցն է եղել
Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի ձմեռային նստաշրջանում հայկական պատվիրակության առաջնահերթությունը ռազմագերիների հարցն է եղել:
Այս մասին խորհրդարանում լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԵԽԽՎ հայկական պատվիրակության ղեկավար Ռուբեն Ռուբինյանը` ամփոփելով նստաշրջանի աշխատանքները:
«Հայկական պատվիրակության առաջնահերթությունը նստաշրջանի ընթացքում բնականաբար արցախյան պատերազմից բխող խնդիրներն էին, և առաջին հերթին ռազմագերիների հարցը: Հայկական պատվիրակությունը առաջարկ էր արել հայ ռազմագերիների հարցը դարձնել ընթացիկ քննարկման թեմա, որը Բյուրոյում մերժվեց: Ի սկզբանե պարզ էր, որ հաշվի առնելով այլ թեմաները, մասնավորապես Նավալնու թեման, որը եվրոպացի պատվիրակների մոտ մեծ առաջնահերթություն էր, մեր առաջարկող թեման շատ քիչ հավանականություն կա, որ կներառվի ընթացիկ հարցերի մեջ»,- ասաց Ռուբինյանը:
Պատգամավորն ընդգծեց, որ այդ հարցը քննարկվել է թե՛ Բյուրոյում, թե՛ քաղաքական խմբերում: Որպես պատվիրակության ղեկավար հանդիպել է ԵԽԽՎ գլխավոր քարտուղարի, մարդու իրավունքների հանձնակատարի հետ և խոսել ռազմագերիների մասին:
«Պետք է ասեմ, որ հայկական պատվիրակությունը նպատակ էր դրել քննարկման թեմա դարձել ռազմագերիների հարցը, կարծում եմ, մեզ դա հաջողվել է»,- նշեց Ռուբեն Ռուբինյանը:
Ինչ վերաբերում է այն հարցին, թե ինչու է պատվիրակության անդամ Էդմոն Մարուքյանը միայնակ ակցիա իրականացրել և ինչու ամբողջ պատվիրակության կազմով չեն եղել, Ռուբեն Ռուբինյանը հիշեցրեց Մարուքյանի խոսքերը, թե որևէ տարբերություն չկա` պատվիրակության որ անդամն է ակցիա անում: Ըստ Ռուբինյանի` պատվիրակության տարբեր անդամներ տարբեր գործառույթներ են իրականացնում:
Պատվիրակության անդամ Տաթևիկ Հայրապետյանը հավելեց` ակցիայի նախաձեռնությունը Էդմոն Մարուքյանինն է եղել, սակայն միասին են իրականացրել, ապա պնդեց` արտաքին ճակատում միշտ միասնական են հանդես գալիս` անկախ նրանից, թե ով ինչ քաղաքական հայացք ունի:
Պատվիրակության անդամ, «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը հավելեց` ԵԽԽՎ-ում թիմային աշխատանք են կատարում, միասին բոլոր քայլերն էլ քննարկել են, ուստի պատվիրակության որևէ անդամի դերը կամ աշխատանքը չի կարելի թերագնահատել:
Մարուքյանն ընդգծեց, եթե ռազմագերիների վերաբերյալ ակցիան չիրականացվեր, պատվիրակության ղեկավարը չհամաձայներ իր նախաձեռնությանը, միանշանակ է, որ կքննադատեր վերջինիս, սակայն իրենց նպատակն է եղել Ադրբեջանում պահվող ռազմագերիների հարցը ԵԽԽՎ օրակարգում պահել: Մարուքյանի խոսքով` Ստրասբուրգ մեկնելուց առաջ առաջարկել է դեբատ նախաձեռնել, սակայն պարզ է եղել, որ այն մերժվելու է, այդպես էլ եղել է: Սա հերթական առիթն է դարձել ռազմագերիների հարցին անդրադառնալու:
Մարուքյանի խոսքով` ԵԽԽՎ քաղաքական խմբերի ղեկավարները ռազմագերիների վերադարձի հարցով կոչ են հնչեցրել, հարցին անդրադարձել է նաև նախարարների կոմիտեի ղեկավարը:
«Մեզ պետք էր հնչեղություն, որ իրազեկված լինեն պատվիրակները և վեհաժողովը, դա արվել է, դրա արդյունքում պետք է միջազգային ճնշումը մեծացնել ընդդեմ Ադրբեջանի»,- ասաց Մարուքյանը:
Մեկնաբանել