
Դատարանը քննում է Դավիթ Գալստյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու միջնորդությունը
Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ նախագահությամբ դատավոր Մնացական Մարտիրոսյանի, քիչ առաջ սկսել է Դավիթ Գալստյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ Ազգային անվտանգության ծառայության միջնորդության քննությունը: Դավիթ Գալստյանը հայտնի է «Պատրոն Դավո» մականունով:
Հիշեցնենք, որ երեկ Ազգային անվտանգության ծառայությունը հաղորդագրություն է տարածել այն մասին, որ արտերկրում գրանցված ընկերության խորհրդի նախագահ Դ. Գ.-ն, նախնական համաձայնության գալով նույն ընկերության տնօրեն Ա. Բ.-ի հետ, ի սկզբանե առանձնապես խոշոր չափերի գումար հափշտակելու դիտավորությամբ, ընկերության անունից ՀՀ պաշտպանության նախարարության հետ կնքել է պայմանագիր, որի համաձայն՝ ընկերությունը պարտավորություն է ստանձնել 2018 թվականի ընթացքում, ՀՀ ԶՈՒ ԳՇ կարիքների համար մատակարարել 1983-1986 թթ. արտադրության հրանոթի համապատասխան տրամաչափի կրակոցներ, սակայն մատակարարվել է
կնքված պայմանագրի առարկային չհամապատասխանող գույք:
Դեպքի առթիվ հարոցված քրեական գործով վերը նշված անձանց մեղադրանք է առաջադրվել և նրանց կալանավորելու միջնորդություն ներկայացվել դատարան:
«Հետքը» Դավիթ Գալստյանի պաշտպանական թիմից տեղեկացավ, որ Դավիթ Գալստյանն ու ընկերության տնօրեն Ա.Բ.-ն չեն ընդունում իրենց առաջադրված մեղադրանքները, նրանք այս պահին գտնվում են ազատության մեջ:
Մեկնաբանել