HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

Դավիթ Գալստյանին առնչվող գործով ՊՆ-ի հետ պայմանագիր կնքած ընկերության տնօրենը կալանավորվեց

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ նախագահությամբ դատավոր Մեսրոպ Մակյանի, քիչ առաջ բավարարեց Ազգային անվտանգության ծառայության միջնորդությունը՝ Պաշտպանության նախարարությունից առանձնապես խոշոր չափի գումար հափշտակելու գործով մեղադրյալ Արմեն Բաղդասարյանին կալանավորելու վերաբերյալ։ Վերջինս նույն գործի շրջանակներում կալանավորված Դավիթ Գալստյանի մորեղբոր որդին է։ Բաղդասարյանին կալանավորելու միջնորդության քննությունը սկսել էր այսօր։

Հիշեցնենք, որ Ազգային անվտանգության ծառայությունը փետրվարի 1-ին հաղորդագրություն էր տարածել այն մասին, որ արտերկրում գրանցված ընկերության խորհրդի նախագահ Դ. Գ.-ն, նախնական համաձայնության գալով նույն ընկերության տնօրեն Ա. Բ.-ի հետ, ի սկզբանե առանձնապես խոշոր չափերի գումար հափշտակելու դիտավորությամբ,  ընկերության անունից Պաշտպանության նախարարության հետ կնքել է պայմանագիր, որի համաձայն՝ ընկերությունը պարտավորություն է ստանձնել 2018 թվականի ընթացքում, ԶՈՒ ԳՇ կարիքների համար մատակարարել 1983-1986թթ. արտադրության հրանոթի համապատասխան տրամաչափի կրակոցներ, սակայն պայմանագրով նախատեսված հրանոթի համապատասխան տրամաչափի կրակոցների փոխարեն, խաբեության եղանակով՝ թաքցնելով մատակարարված գույքի տակտիկատեխնիկական բնութագրին չհամապատասխանելու փաստը, մեկ միասնական դիտավորությամբ, ՊՆ-ին են մատակարարել ընդհանուր՝ 523.089.000 ՀՀ դրամին համարժեք, 1.083.000 ԱՄՆ դոլար արժեքով ավելի հին՝ 1977 թվականի Չեխական արտադրության մեկ այլ տեսակի հրանոթի կրակոցներ, որոնք իրենց մարտավարական և տեխնիկական հատկանիշներով, ըստ ԱԱԾ-ի տարածած հաղորդագրության,  էապես զիջել են այն հրանոթի կրակոցներին, որոնց համար դրանք մատակարարվել են։ Այս գործով Դավիթ Գալստյանին և Արմեն Բաղդասարյանին մեղադրանք է առաջադրվել և նրանք կալանավորելու միջնորդություն ներկայացվել դատարան։

Գալստյանն ու Բաղդասարյանը չեն ընդունում իրենց առաջադրված մեղադրանքը։ Այսօր առավոտյան Գալստյանը հայտարարություն է տարածել՝ անդրադառնալով գործի վերաբերյալ Ազգային անվտանգության ծառայության տարածած հաղորդագրությունը։

«Ըստ հաղորդագրության՝ մեր ընկերության կողմից ՀՀ ՊՆ-ին մատակարարված ապրանքը ի հակառակ պայմանագրով նախատեսված պայմանների եղել է 1977 թվականի արտադրության։ Գտնում ենք, որ նմանատիպ պնդումը կարող է ունենալ երկու պատճառ։ Կամ նախաքննական մարմինը չի ցուցաբերել բավարար պրեֆեսիոնալիզմ և գործում առկա տվյալների վերլուծությամբ չի տվել ճիշտ գնահատական (իրականում 1977 թվականը հանդիսանում է տվյալ տեսակի զինամթերքի սերիական արտադրության սկզբնաժամկետը, այլ ոչ թե մատակարված ապրանքի արտադրության ժամկետը) կամ փորձ է արվել իրականությունն ակնհայտ խեղաթյուրելու միջոցով ստեղծել պատրանք, որ զինված ուժերին խարդախության միջոցով մատակարարվել է 70-ական թվականների արտադրության զինամթերք։ Հայտնում ենք, որ իրականում մատակարարվել է պայմանագրով նախատեսված տեսականուն և տարեթվերին արտադրված զինամթերք, ինչի վերաբերյալ հետագայում մեր կողմից կբացահայտվեն դրանք հիմնավորող ապացույցները և մյուս բոլոր փաստական տվյալները»,- ասված է հաղորդագրության մեջ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter