HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

Ազգային ժողովը քննարկում է քրեական մասնագիտացմամբ դատավորների թվաքանակն ավելացնելու նախագիծը

Խորհրդարանը կառավարության առաջարկով արտահերթ նիստ է հրավիրել: Օրակարգը ներկայացրեց արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը:

Նախագծերից մեկը Դատական օրենսգիրք սահմանադրական օրենքում փոփոխություններ կատարելու առաջարկն է: Նախարարի խոսքով` փոփոխությունների ընդունման հրատապությունը պայմանավորված է դատավորների թվաքանակի ավելացման, քրեական մասնագիտացման դատավորների ծանրաբեռնվածությունը թեթևացնելու, ինչպես նաև մինչդատական քրեական վարույթի գործերի քննության արդյունավետություը բարձրացնելու անհրաժեշտությամբ:

Օրակարգը ներկայացնելիս ընդդիմադիր պատգամավորներն իրենց վրդովմունքը հայտնեցին նման նախագծերի վերաբերյալ` պնդելով, որ ստեղծված իրավիճակում այն առաջնահերթություն չէ:

«Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանի համոզմամբ՝ եթե կառավարությունն արտահերթ նիստի օրակարգով նախագիծ ներկայացներ Արցախի օկուպացված տարածքների դեօկուպացիայի մասին կամ բանակաշինության բնագավառում փոփոխությունների մասին, կհասկանար, սակայն այժմ երկրի հիմնական խնդիրը անվտանգության հարցն է, ուստի որքան էլ դատական բարեփոխումների կողմնակից է, սակայն այն այժմ առանջնահերթություն չէ:

Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն արձագանքեց` խորհրդարանը բավական ծանրաբեռնված օրակարգեր է ունեցել, դա է պատճառը, որ այս նախագիծն ավելի վաղ չի ներառվել օրակարգում: Բադասյանը հիշեցրեց, որ նույն խորհրդարանում արդեն գրեթե երկու տարի քննարկվում է դատական համակարգի ծանրաբեռնվածության հարցը, պատգամավորներն էլ հարց են հնչեցնում, թե ինչու կառավարությունը համապատասխան միջոցներ չի ձեռնարկում:

Պատգամավոր Սիմոնյանը հակադարձեց` նման տեքստն արդիական կլիներ մեկ-երկու տարի առաջ, սակայն երկրում արմատական փոփոխություններ են եղել, ուստի խորհրդարանն էլ պիտի վերանայի իր առաջնահերթությունները:

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը, դիմելով հանրությանը, ասաց, որ երևի վերջիններս ակնկալում էին, որ այսօր օրինակ կարող է քննարկվել ռազմագերիների հարցը:

«Իրավացիորեն այո՛, էդպես պետք է լիներ, երևի ակնկալում էիք, որ տեղահանված արցախցիների խնդիրն էինք քննարկելու, որոնցից մեկին կալանավորման սանկցիա տվեցին հիմնավորմամբ, որ մշտական բնակության վայր չունի։ Բա որտեղի՞ց հադրութցի Վահան Բադասյանը մշտական բնակության վայր ունենա, եթե դուք զրկեցիք նրան բնակության վայրից»,- ասաց Զոհրաբյանը:

Ըստ պատգամավորի` նման կարևոր հարցերը չեն քննարկվում, որովհետև իշխանության համար շատ ավելի կարևոր օրակարգ կա, օրինակ` ինչպես ավելացնել կալանքի սանկցիա տվող դատավորների թիվը: Զոհրաբյանի խոսքով` իշխանությունը նման խնդրի է բախվել, քանի որ բազմաթիվ պարկեշտ դատավորներ հրաժարվել են կատարել Նիկոլ Փաշինյանի կատարել քաղաքական:

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանը վստահեցրեց, որ հետպատերազմական Արցախում այս պահին որևէ սոցիալական և հումանիտար խնդիր չկա:

«Դրա ամենամեծ փաստումը այն է, որ նոյեմբերի 10-ին մնացել է մի քանի հարյուր արցախցի, իսկ այսօր բնակչությունը ավելի է քան հարյուր հազարը»,-ասաց նախարարը: Առաքելյանի խոսքով`Արցախ են վերադարձել բոլոր այն արցախցիները, ովքեր ունեն մշտական բնակության վայրեր, իսկ կորցրած տարածքներից այժմ Արցախում է ապրում հինգ հազարից ավելի բնակիչ: Նախարարը նաև հայտնեց, որ Արցախում վերականգնվել է գազա և էլեկտրամատակարարումը, վերականգվել  կապի միջոցները:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter