
Առաջարկվում է միավորել սոցիալական ոլորտի 4 կառույց
Խորհրդարանն արտահերթ նիստում առաջին ընթերցմամբ քննարկեց Կառավարության ներկայացրած «Սոցիալական աջակցության մասին» օրենքում փոփոխություն կատարելու նախագիծը, որով առաջարկվում է ներդնել մեկ միասնական ինտեգրված սոցիալական ծառայություն: Նախագիծը ներկայացրեց Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանը, որի խոսքով՝ նպատակը սոցիալական պաշտպանության բնագավառում Կառավարության որդեգրած քաղաքականության իրականացման արդյունավետ մեխանիզմների ներդրումն է:
Փոփոխությունների համաձայն՝ 4 կառույց՝ սոցիալական ապահովության ծառայությունը, ընտանեկան նպաստների համակարգը, հաշմանդամության ու զբաղվածության ոլորտները կմիավորվեն:
Նախարարը հիշեցրեց, որ Կառավարությունը սոցիալական պաշտպանության բնագավառում որդեգրել է ինտեգրված սոցիալական ծառայությունների համակարգի ներդրման քաղաքականությունը, որը պետք է հիմնված լինի սոցիալական կարիքի գնահատման միասնական համակարգի վրա: Նախարարի համոզմամբ` ինտեգրված սոցիալական ծառայությունների համակարգի ներդրումը կբարձրացնի սոցիալական պաշտպանության համակարգի կառավարման արդյունավետությունը, ինչպես նաև սոցիալական ծառայությունների որակը:
«Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Սրբուհի Գրիգորյանը հետաքրքրվեց, թե արդյոք փոփոխություններից հետո հաստիքների կրճատում լինելու՞ է: Նախարարն արձագանքեց, որ նախարարությանը ենթակա սոցիալական բոլոր կառույցներում առկա է 1824 հաստիք, և այդ բոլոր հաստիքները պահպանվելու են, որևէ հաստիքի կրճատում չի լինելու:
«Բայց քանի որ բովանդակային փոփոխություն է լինելու` ինտեգրված ծառայությունների մատուցում, բնական է, որ հաստիքների և գործառույթների փոփոխություն է լինելու, և աշխատակիցները մրցութային կարգով ընտրվելու են՝ համաձայն նոր գործառույթների»,-ասաց Մեսրոպ Առաքելյանը:
Սրբուհի Գրիգորյանը նշեց, որ երբեմն քաղաքացիները սոցիալական ապահովության ծառայությունը շփոթում են սոցիալական ծառայության հետ և մի փաստաթղթի համար ստիպված են լինում տարբեր գրասենյակներ գնալ, ուստի այդ տեսանկյունից փոփոխությունները ողջունելի են: Պատգամավորը, սակայն, կարծիք հայտնեց, որ դժվար իրավիճակում հայտնված ընտանիքներին աջակցություն տրամադրվի ոչ միայն կարիքների գնահատմամբ, այլ սոցաշխատողները մշտական աշխատանք տանեն նման ընտանիքների հետ` փորձելով ժամանակի ընթացքում փոխել կարիքները:
Լուսանկարը՝ Կառավարության մամուլի ծառայության
Մեկնաբանել