HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Լիանա Սայադյան

Ֆրանս-հայկական հնագիտական արշավախումբն ամփոփել է Երերույքի տաճարի պեղումները

Շիրակի մարզի Անիպեմզա ավանի տարածքում գտնվող Երերույքի տաճարը վաղ քրիստոնեական շրջանի եկեղեցի է, կառուցվել է 6-րդ դարում։ Այն մեկ ամբողջական մտահղացում է եւ կառուցվել է միանգամից, թեեւ դարերի ընթացքում եղել են փոփոխություններ։ Նման եզրահանգման է եկել ֆրանս-հայկական հնագիտական արշավախումբը, որը Անիի ավերակների մոտ գտնվող, նշանավոր բազիլիկով հայտնի Երերույքի միջնադարյան համալիրում պեղումներ է իրականացրել 2009-2016 թթ․։

Պեղումների արդյունքներն ամփոփվել են արշավախմբի ղեկավար Պատրիկ Տոնապետյանի «Երերույք» երկլեզու (հայերեն և ֆրանսերեն) գրքում, որն այսօր հեղինակի մասնակցությամբ ներկայացվեց Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատանը։ Վերջինս աջակցել է դրա հրատարակմանը:

Պրն Տոնապետյանն ուղեկցում է Ֆրանսիայի ժառանգության ազգային ինստիտուտի պատվիրակությանը, որը Հայաստանում է Արցախի եւ շրջակա շրջանների հայկական ժառանգության պահպանման առաքելության շրջանակում։ «Ֆրանսիական իշխանությունները մոբիլիզացվել են այս հարցի շուրջ՝ ինչպես ՅՈՒՆԵՍԿՕ-ի, այնպես էլ երկկողմ համագործակցության շրջանակում։ Ընդհանուր առմամբ, հնագիտությունը մի ոլորտ է՝ լի գիտական, պատմական եւ այս պահին՝ նաեւ քաղաքական մարտահրավերներով, եւ քանի որ հնագիտության շուրջ երբեմն քաղաքական խնդիրներ կան, կարեւոր է գիտական մոտեցումը, գիտական պատասխանը։ Այդ իսկ պատճառով ողջունում ենք պրն Տոնապետյանի ներկայությունը եւ նրա գրքի շնորհանդեսը»,- շնորհանդեսի բացման խոսքում ասաց ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Ջոնաթան Լաքոտը։

«Երերույք» գիրքը համադրական և միաժամանակ ամբողջական կերպով ներկայացնում է ընդարձակ համալիրի բաղադրիչներն ու դրանց առնչվող հարցերը։ Հնագիտական պեղումներն իրականացվել են գրքի հեղինակի ղեկավարությամբ՝ ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի, Շիրակի երկրագիտական թանգարանի և Էքս-Մարսելի համալսարանի (Ֆրանսիա) համագործակցությամբ։

Երերույքը Հայաստանի ամենատպավորիչ և առեղծվածային հուշարձաններից է։ Դրա մասին շատ քիչ տեղեկություններ են գտնվել արխիվներում, այդ իսկ պատճառով այս պեղումներն ունեին չափազանց կարեւոր նշանակություն միջնադարյան համալիրի շուրջ եղած ենթադրությունների եւ վարկածների հաստատման կամ հերքման առումով։ 2018-ին «Հետքը» պատմել է համալիրի եւ կատարված պեղումների մասին։ Մեր այդ հրապարակման մեջ նշել էինք, որ ենթադրություն կա, թե այն հեթանոսական տաճար է եղել, որը հետագայում վերածվել է քրիստոնեական կառույցի։ Պրն Տոնապետյանը գրքի շնորհանդեսին ասաց, որ ի տխրություն արշավախմբի գյումրեցի գործընկերների՝ ապացուցվեց, որ Երերույքը վաղքրիստոնեական շրջանի հուշարձան է, եւ դրա հարակից բոլոր կառույցները՝ դամբարանադաշտեր, գերեզմանոցներ, ամբարտակներ, պարիսպ, թվագրվում են 6-րդ դարով։

Երերույքն իր տեսակի մեջ Հայաստանի տարածքում պահպանված եզակի կառույց է: Հնագետ Պատրիկ Տոնապետյանը (ինչպես եւ ճարտարապետ Թորոս Թորամանյանն իր ուսումնասիրություններում) Երերույքը համեմատում է արեւմտյան Հայաստանի Շիրակ գավառի համանուն գյուղում՝ ներկայիս Թուրքիայի Կարսի նահանգի Դիգոր քաղաքում`Անիից 20 կմ հեռու կառուցված Տեկորի տաճարի հետ (5-6-րդ դար), որն այժմ գոյություն չունի: Սակայն, Տոնապետյանի վկայությամբ, նման 15 բազիլիկ է հաշվվում Սիրիայում։ Երերույքի սիրիական զուգահեռները նույնպես վաղքրիստոնեական շրջանին են վերագրվում։ Բերելով Դեիր Սոլայբի (մոտ 5-րդ դար, 6-րդ դարի վերջ) օրինակը՝ գիտնականը մատնացույց է անում դրա եւ Երերույքի նույնատիպ անկյունային աշտարակները։

Երերույքը, ինչպես եւ Տեկորը բարձրանում է աստիճաններից կազմված հիմնահարթակի վրա: «Երբ դրսից ենք նայում, թվում է, թե տաճարը դրված է հզոր աստիճանների վրա, բայց դա իմիտացիա է, իլյուզիա, տպավորություն, եկեղեցու տակ քարեր չկան։ Աստիճանները զուտ եկեղեցու պատերն ամրացնելու եւ լայնացնելու նպատակ են ունեցել»,- պատմում է արշավախմբի ղեկավարը։

Հիշելով պեղումները՝ նա ասում է, որ չափազանց հուզված էր նման եկեղեցու քարերը բացելու հնարավորությունից։

Բացի բուն տաճարը՝ հետազոտվել են պարսպի մնացորդները, հարակից դամբարանադաշտը, բացվել է 70-ից ավելի գերեզման։ Արշավախումբը թաղումների ժամանակագրական դասակարգման փորձ է արել, եւ դրանք թվագրվել են վաղքրիստոնեական ժամանակաշրջանից մինչեւ մեր ժամանակները։ Ի զարմանս հնագետների՝ 1000 թվականից սկսած միայն երեխաների թաղումներ են կազմակերպվել այս վայրում, հիմնականում՝ նորածինների։ «Սա առեղծվածային է»,- ասում է Պատրիկ Տոնապետյանը։ Գանգերի ուսումնասիրությունից եկել են եզրահանգման, որ դրանք ձեւափոխված են եղել։ «Հավանաբար, վաղ մանկությունից փաթաթել են երեխայի գլուխը»,- ենթադրում է գիտական խմբի ղեկավարը։ Գերեզմաններում գտնվել են նաեւ 7-8-րդ դարերի զարդեր, ճարմանդներ։ Ցույց տալով դրանցից մեկը՝ պրն Տոնապետյանը նշում է, որ նման ճարմանդներ գտնվել են Դվինում՝ 9-13-րդ դարերում։

Ցավոք, պեղումների ընթացքում գիտախումբը պարզել է նաեւ, որ իրենցից առաջ միջնադարյան այս հուշարձանով «անցել են գանձագողերը»։ «Որոշ պատվանդաններ վնասված էին։ Պարսպի խորշի մեջ պեղում անելիս տեսանք, որ այդտեղով գանձագողեր էին անցել»,- նկատում է Պատրիկ Տոնապետյանը։

Երերույքի տաճարը ներկայում կիսավեր է, դրա վերականգնման, ամրացման աշխատանքներ կատարվել են 1928թ.-ին, խորհրդային շրջանում՝ 1965թ.-ին կատարված աշխատանքները մնացել են թերի: Երերույքի տաճարն ու Անիպեմզա գյուղը Եվրոպա Նոստրա միջազգային կազմակերպությունն ընդգրկել է «7 առավել վտանգված հուշարձանների» ցանկում։ Փորձերը՝ տաճարն ընդգրկել ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում, դեռեւս հաջողությամբ չեն պսակվել։

«Երերույք» գիրքը հրատարակել է «Սարգիս Խաչենց – Փրինթինֆո» հրատարակչությունը 2020 թ.-ին, 1000 օրինակ տպաքանակով։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter