
Հուլուսի Աքար. Թուրքիան և Գերմանիան համատեղ կզարգացնեն անօդաչու թռչող սարքերը
Անկարան և Բեռլինն առաջիկայում կոնկրետ քայլեր կձեռնարկեն պաշտպանության և անվտանգության ոլորտներում համագործակցության զարգացման ուղղությամբ։ Այդ մասին հայտարարել է Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը՝ Բեռլինում իր գերմանացի գործընկեր Անեգրեթ Քրամփ-Կարրենբաուերի հետ հանդիպումից հետո։
Ինչպես հաղորդում է Anadolu գործակալությունը, Աքարը հիշեցրել է, որ Թուրքիան, պաշտպանական նշանակության տարբեր զինատեսակների, սարքավորումների և տեխնիկայի մատակարարման հարցերում սերտորեն համագործակցում է գերմանական ընկերությունների հետ։ Ըստ թուրք նախարարի՝ առաջիկայում այդ ուղղությամբ սպասվում են դրական տեղաշարժեր։
Աքարը նաև հայտարարել է, որ Թուրքիան և Գերմանիան նախատեսում են ընդլայնել համագործակցությունը անօդաչու թռչող սարքերի մշակման և արտադրության գործընթացում։
Բացի այդ, Աքարն ընդգծել է, որ Թուրքիան Գերմանիային ընդունում է որպես բարեկամ երկիր, արժեքավոր դաշնակից և գործընկեր։ Նա հույս է հայտնել, որ հնարավոր կլինի լուծել բոլոր տարաձայնությունները երկու երկրների միջև, ինչը շահավետ կլինի ոչ միայն Բեռլինի ու Անկարայի, այլև ողջ Եվրոպայի համար:
Լուսանկարը՝ sozcu.com.tr-ից
Մեկնաբանել