HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սառա Պետրոսյան

«Պատերազմի ժամանակ մենք հաղթանակի սահմանում չունեինք»,- զոհված զինվորի հոր եզրահանգումը պարտության պատճառների մասին

Սեպտեմբերի 21-ին սերժանտ Արեն Մեհրաբյանին հնարավորություն էր տրվել Հայաստանի անկախության օրվա առթիվ եթերով շնորհավորել հարազատներին ու հայությանը: Արենն առաջինը շնորհավորեց պապիկին՝ Մակար Մեհրաբյանին: «Պապ ջան, ինչու հենց քեզ հիշեցի, որովհետև իմ մեջ դու ես սերմանել հայրենասիրությունը ու անկախ Հայրենիքի հանդեպ սերը: Միակ մարդն ես իմ ճանաչածներից, ում համար թանկ է հայրենիքը, և հայրենիք գալու համար դու շատ բաներ ես թողել ուրիշ երկրում ...»:

Երկու տարի առաջ Կալիֆորնիայի համայնքային քոլեջի ֆիզիկայի ֆակուլտետն ավարտելուց հետո Արենը նույնպես ԱՄՆ-ից վերադարձավ Երևան՝ զինվորական ծառայություն անցնելու համար: Մայրը՝ Սաթիկ Նաիրյանն ասում է, որ 21-ամյա որդին ուզում էր շարունակել կրթությունը աստղաֆիզիկայի ուղղությամբ, բայց որոշեց առ ժամանակ դադար տալ: «Ես պարտք ունեմ հայրենիքիս, գնամ ծառայեմ, հետո կշարունակեմ հիմնական կրթությունս»,- որոշել էր Արենը: Նա մոտ էր երազանքին, զորացրվելուն 2,5 ամիս էր մնացել, երբ սկսվեց պատերազմը:

Սերժանտ Արեն Մեհրաբյանին իր հրետանավոր զինակիցների հետ հոկտեմբերի 1-ին Իջևանի զորամասից  տեղափոխել էին Արցախ։

Սեպտեմբերի 27-ին՝ պատերազմի առաջին օրը, կամավորագրվեցին նաև Արենի հայրը՝ Մհեր Մեհրաբյանը, հորեղբայրը՝ Արամ Մեհրաբյանն ու նրա որդին՝ Դավիթը: Սեպտեմբերի 28-ին նրանք արդեն Արցախում էին: Արենը գիտեր, որ հարազատները կռվում են տարբեր ճակատներում: Իմացավ, որ հայրը 12 օր հետո վիրավորվել է ոտքից, նրան վիրահատել են ու տեղափոխել Երևան, բայց դա չընկճեց նրան:

Արենն ավելի երկար դիմադրեց թշնամուն, հրետանավորների նրանց դասակը 28 օր առանց հերթափոխի կռվում էր Մարտակերտում։ Հոկտեմբերի 27-ի գիշերը, լույս 28-ին հրամանատարական կազմն Իջևանից մեկնում է Արցախ՝ հերթափոխ իրականացնելու: Երբ հրամանատարների մեքենան մոտ է լինում նրանց դիրքերին, «Բայրաքթար» անօդաչու թռչող սարքը (ԱԹՍ) նկատում է նրանց ու հարվածում մեքենային: Արենն ընկերների հետ շտապում է օգնության, չորս հրամանատարներն էլ վիրավոր էին, նրանցից երեքին տեղավորում են կողքի խրամատում:

«Հրամանատարներից մեկն ասում է, որ ոտքերս չեմ զգում: Ոտքերը կոտրված են լինում, իսկ տղաները մտածում են, որ երևի ողնաշարն էլ է վնասվել, խրամատից վրանը բերում են ու դրանով տեղափոխում: Բոլորը միասին տեղավորվում են խրամատում, «Բայրաքթարի» սնարյադը տեսնում է նրանց ու հարվածում»,- այսքանը Արենի ծնողներին պատմել են վիրավոր հրամանատարները:

Խրամատում գտնվող 6 զինվորները՝ Արեն Մեհրաբյանը, Հենրի Արուտյունովը, Գագիկ Աբրահամյանը, Արամ Սիմոնյանը, Կարեն Պետիկյանը, Էդվարդ Դովլաթբեկյանը և վիրավոր հրամանատարը զոհվում են: Կողքի խրամատում գտնվող վիրավոր հրամանատարները կենտրոնին տեղեկացնում են կատարվածի մասին։ Շտապօգնություն է գալիս, մեկը վիրավորներին է տանում, մյուսը՝ դիերը:

«Ցավն այն է, որ դիերը տեղափոխել են Երևանի դիահերձարան, գիտեին, թե ում դիերն են և ոչ մեկի ընտանիքին տեղյակ չեն պահել: Մենք վերջին անգամ հոկտեմբերի 27-ին, երեկոյան ժամը 5-ին խոսեցինք Արենի հետ։ Վերջին հեռախոսազրույցի ժամանակ հարցրեց. «Մամ, պատերազմը երկա՞ր է տևելու, եթե երկար է տևելու, մեզ դեղորայք, զինվորական հագուստ և անհրաժեշտ այլ պարագաներ են պետք»: Մի երկար ցուցակ ուղարկեց, գնեցինք ինչ ուզել էր, դասավորեցինք արկղերի մեջ ու հանձնեցինք ընկերոջ ծնողներին: Հոկտեմբերի 29-ին արկղերը հասել էին Ստեփանակերտ, բայց մենք չգիտեինք, որ մեր որդիների դիերն արդեն Երևանում են»,- պատմում է մայրը:  

Վերջին հեռախոսազանգից հետո 3 օր չեն կարողացել կապվել իրենց որդու հետ։ «Ասացին, թե Մարտակերտի շրջանում կապը խափանվել է: Հոկտեմբերի 30-ին զանգեցի Արենի ընկերոջ հորը, որպեսզի նրանցից մի բան իմանամ: Նա ասաց՝ Հենրիս չկա, ԴՆԹ-ի թեստ ենք հանձնել: Արենի հայրը՝ Մհերը, որ ժամեր առաջ էր հիվանդանոցից տուն վերադարձել, այդ լսելով՝ միանգամից դիահերձարան է գնացել և տեսել, որ տղաների դիերն այնտեղ են»,- շարունակում է Արենի մայրը՝ Սաթիկ Մեհրաբյանը:

Սաթիկն ընկերներին խնդրել է Պաշտպանության նախարարության թեժ գիծ զանգել, նրանք ասել են, որ Արենը զոհվել է, բայց իրենք չեն տեղեկացնում զոհվածների հարազատներին: Ասել են՝ դուք պետք է զանգեք, դուք պետք է փնտրեք:

Հոկտեմբերի 28-ին զոհված 7 զինծառայողների անունները Պաշտպանության բանակը (ՊԲ) փետրվարի 2-ին հրապարակեց:

«Նրանց ասում եմ՝ մարդը զոհվել է հայրենիքի համար, ինչ դժվար էր այդ թղթաբանությունն անեիք, տայիք ոստիկանության թաղային տեսուչին, որ տուն բերեր, մի շնորհակալություն ասեր ու հանձներ մեզ»,- ասում է Մհերը և ավելացնում, որ նույն քաոսային վիճակը մարտադաշտում էր: Թիկունք չկար, Արցախն ամբողջությամբ մարտադաշտ էր: Խրամատներ չկային, զինվորները մարտի ժամանակ էին խրամատներ փորում: Պատերազմն ամբողջությամբ վեր հանեց հրամանատարական կազմի անգրագիտությունը:

«Պատերազմի ժամանակ մենք հաղթանակի սահմանում չունեինք։ Ալիևը հենց սկզբում պատերազմի իր սահմանումը հստակ տվեց՝ Ղարաբաղի կապիտուլյացիա: Փաշինյանի սահմանումը ո՞րն էր»,- հարցնում է Արցախյան երկրորդ պատերազմի ժամանակ կամավորագրված լեյտենանտ Մհեր Մեհրաբյանը:

Մհերը պատմում է, որ սեպտեմբերի 28-ին, երբ եղբայրներով հասել են Հայկազովի զորամաս, այն արդեն գնդակոծված էր։ Այստեղ պարզվել է, որ մարտական առաջադրանք չի լինելու:

«Մենք մինչև հոկտեմբերի 5-ը Մարտունիում էինք, դրանից հետո տեղափոխվեցինք՝ Ֆիզուլիով գնացինք Ջաբրայիլի թիկունք և մինչև հոկտեմբերի 9-ն այնտեղ էինք գտնվում: Այստեղ նույնպես մարտական առաջադրանք չունեինք, գործողությունների պլան չունեինք։ Մոտավոր կրակում էինք և չգիտեինք, թե անհրաժեշտության դեպքում ինչպես պետք է նահանջենք, նահանջի քարտեզ նույնպես չունեինք: Զինակիցներիս հետ քննարկում էինք իրավիճակը, նրանց ասացի՝ կամ մերոնց ենք խփում թիկունքից, կամ՝ թշնամին առաջ է եկել: Եթե արդեն առաջ է եկել, ուրեմն մենք շրջափակման մեջ ենք մնում: Ենթադրելով ասում եմ, որ թուրքերն են առաջ եկել, և մենք շրջափակման մեջ ենք ընկել: Ռացիա չունեինք որևէ մեկի հետ կապվելու համար, հեռախոսով կապվեցինք շտաբի պետի հետ, նա չընդունեց, որ շրջափակման մեջ ենք:

Հետո ասացին, որ դիրքերը թողնենք և արագ դուրս գանք տարածքից: Կեսօր էր, զինվորներին լցրեցինք մեքենաները և 2 գրադ մեքենայով դուրս բերեցինք։ Գրադներից 10-ը մնացին այնտեղ, որովհետև դրանք արդեն խփված էին: Քարտեզ չունեի, որ տեսնեմ՝ նահանջի ճանապարհ կա՞, թե ոչ, միայն գիտեի, որ մեզնից աջ Հադրութն է: ԱԹՍ-ներն անընդհատ պտտվում էին մեր գլխավերևում, այդտեղից փախանք մի գյուղ, որտեղ մի տատիկ մեզ թեյ, սուրճ, հաց տվեց։ Մի օր մնացինք այդտեղ, հետո կրկին փախանք մեկ ուրիշ դիրք, 4-րդ օրը հասանք մի անտառային ձորակի, այստեղ գյուղացիներից մեկը  նահանջի ճանապարհը ցույց տվեց:

Հրաման կար, որ զինվորներին պիտի դուրս բերենք այդտեղից, որոշեցինք գիշերով մի գծով վազքով գնալ: Ճանապարհին այլ վայրերից նահանջող զինվորներ էին միացել մեզ՝ մոտ 150 հոգի։ Ավելի քան 7 կմ պիտի վազեինք, որոշեցինք ավտոմատներից բացի ուրիշ ոչինչ չվերցնել հետներս: Բայցևայնպես, ես ջուր վերցրեցի և ուսապարկս, որովհետև զրահաբաճկոն ու մետաղյա սաղավարտ  չունեինք, մտածում էի, որ ուսապարկը մի քիչ կպաշտպանի: ԱԹՍ-ները գտել էին մեզ և անընդհատ գնդակոծում էին: Մոտ 5 կմ վազել էինք արդեն, զգացի, որ ԱԹՍ-ի արկը գլխավերևումս է, ձայնով արդեն կարողանում էինք որոշել: Ճանապարհից դուրս եկա, 3 քայլ արեցի ու պառկեցի գետնին, 1 մետրի վրա, ոտքերիս մոտ արկը պայթեց:

Կոնտուզիա ունեի, ոտքից վիրավորվեցի, զինակիցներիցս մեկն ինձ օգնեց, նրա ուսին հենված 1,5 կմ քայլեցի, արդեն ուժասպառ էի եղել, ոտքս արյունահոսում էր, այլևս չէի կարող շարունակել ճանապարհը: Պառկեցի մի տեղ, այդ ժամանակ մի «Նիվա» մեքենա եկավ, ինձ տեղավորեցին մեքենայի մեջ: Ճանապարհին այլ վիրավորներ էլ կային, նրանց էլ լցրեցին մեքենան ու հասցրին Կարմիր շուկա։ Այստեղ առաջին բուժօգնություն ցույց տվեցին մեզ, հետո տեղափոխեցին Ստեփանակերտ։ Վիրահատելուց հետո Գորիսից ուղղաթիռով տեղափոխեցին Երևան»,- պատմում է Արենի հայրը՝ Մհերը:

Նրա խումբը 25 կմ վազելով հասել է մինչև Մաճկալաշեն, Ամարաս վանական համալիրի մոտ: Ճանապարհին նոր վիրավորներ են ունեցել, «Բայրաքթարը» խփել է, բայց հաջողվել է զինվորներին դուրս բերել այդտեղից:

Ֆիզիկոս, գործարար Մհեր Մեհրաբյանը երկար վերլուծել է մեր պարտության պատճառները, որը նրան տեսանելի է եղել մարտի առաջին օրերին: «Ամեն ինչ ռազմական գաղտնիք է համարվում մեր երկրում, իրականում այն ամենը, ինչը փակել էին մեզ համար, լիովին տեսանելի է google maps-ով: Այս քարտեզով մեր պարտությունն արդեն տեսնում ենք»,- ասում է նա՝ ցույց տալով ամայի հողատարածքների մեջտեղում, բաց երկնքի տակ գտնվող զորամասերը:

«Հայրենիքը հայրենիք է դառնում, երբ քրտինք ես թափում այդ հողի վրա»,- շեշտում է Մհերը: Արցախյան առաջին պատերազմի ժամանակ 7 շրջան էինք վերցրել մեր հսկողության տակ, բայց դրանք չբնակեցրինք, ժողովրդի սեփականությունը չդարձրինք: Ադրբեջանցիներն իրենց երեխաներին կրթել են «դրանք մեր հողերն են՝ պիտի ետ բերենք» գաղափարով։ Մենք մեր երեխաներին կրթել ենք «սա մեր հողը չէ» կարգախոսով: Զինվորական համազգեստը ինտելեկտուալ զգացողություններ չի առաջացրել մարդկանց մոտ:

«Պատերազմում տեսա լավ դաստիարակված, առյուծասիրտ տղաների և տեսա ռազմական կրթություն ստացածների անգրագիտությունը: Տեսել եմ 30 տարվա թալանված բանակ և տեսել եմ 2,5 տարվա ոչ պրոֆեսիոնալ մոտեցում բանակին: Ցավալի է, որ ռազմական ակադեմիա են գնում կրթություն ստանալու ձգտում չունեցողները, բայց այնտեղ էլ սպաներ կրթելու պատասխանատվություն ստանձնողներ չկան»,- ասում է Մհերը:

Որդու՝ Արեն Մեհրաբյանի մահն իմաստավորելու միակ ճանապարհը գործարար հայրը համարում է Հայաստանի հզորացումը: Նա միանգամայն իրատեսորեն քննարկում է ռազմական արդյունաբերություն սկսելու իր ծրագիրը:  

Մեկնաբանություններ (1)

Եվա
Խոնարհումս

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter