HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գայանե Հովսեփյան

Աշակերտները գնահատական կստանան 5-րդ դասարանի 2-րդ կիսամյակից սկսած․ հանրակրթության ոլորտի փոփոխությունները

Սովորողների միավորային գնահատումը կիրականացնվի 5-րդ դասարանի երկրորդ կիսամյակից։ Տարրական դպրոցում ամփոփիչ գնահատում կիրականացվի սովորողի ուսումնական ձեռքբերումների բնութագրման միջոցով: Հանրակրթության ոլորտում բարեփոխումների փաթեթն ընդունվեց Կառավարության փետրվարի 4-ի նիստում։

Փոփոխություններից մեկն էլ բացասական կամ անբավարար միավորային շեմից հրաժարվելն է՝ գիտելիքը արժևորելու նկատառումով։ Այս քայլի արդյունքում նախատեսվում է ունենալ առավել արդարացի գնահատում, հատկապես՝ հաշվի առնելով հանրակրթության ներառականությունը։

Ըստ ԿԳՄՍ փոխնախարար Ժաննա Անդրեասյանի՝ հանրակրթության նոր պետական չափորոշիչը հիմնված է կարողունակությունների վրա, ինչը նշանակում է, որ հավասարապես շեշտադրվում են գիտելիքը, հմտությունը, դիրքորոշումը և արժեքային բաղադրիչը՝ որպես հանրակրթության հիմնական անելիք։

«Ըստ էության, կարողանալու ենք հրաժարվել այս պահին գործող հոսքային ուսուցումից և անցնել անհատականացված դասացուցակի՝ ըստ աշակերտի նախասիրությունների և մասնագիտական կողմնորոշման»,- հայտնեց փոխնախարարը։

Կարևոր փոփոխություններից է նաև 7-րդ դասարանից սկսած նախագծային ուսուցման պարտադիր պահանջի ամրագրումը, որը հնարավորություն կտա արդի իրականության մեջ զարգացնել սովորողների առանցքային կարողունակությունները՝ ստեղծարարության և հետազոտական հմտությունների, ինքնուրույն վերլուծությունների և քննադատական մտածողության տեսանկյունից։ 

Միևնույն ժամանակ, առաջարկվում է տարրական, միջին և ավագ դպրոցներում  նվազեցնել դասաժամերը, ինչի արդյունքում կթեթեւանա դասարանների շաբաթական ծանրաբեռնվածությունը։ Այն հնարավորություն կտա փոքրացնել մեկ օրվա ընթացքում ուսուցանվող նյութի ծավալն այնպես, որ աշակերտները կարողանան նյութը յուրացնել տարիքով և անհատական առանձնահատկություններով պայմանավորված ծանրաբեռնվածությամբ և արագությամբ։

Ավագ դպրոցում նվազագույն ժամաքանակները սահմանված են այնպես, որ ուսումնական պլանը ձևավորելիս ուսումնական հաստատությունը հնարավորություն ունենա ավելի շատ ժամեր տրամադրել պետական պարտադիր առարկաներին, աշակերտների ընտրած առարկաներին, միևնույն ժամանակ ժամեր հատկացնել չափորոշչով սահմանված բոլոր բնագավառներին: Դասարանների շաբաթական ծանրաբեռնվածության պակասեցումը չի խոչընդոտի ծրագրով նախատեսված նյութի յուրացմանը՝ հաշվի առնելով առարկայական ծրագրերում նախատեսված բովանդակության բեռնաթափումը: 

Տարրական դասարաններում ծանրաբեռնվածության ճիշտ բաշխման նպատակով երկու շաբաթով կրճատվել է նաև տարեկան նվազագույն ուսումնական շաբաթների թիվը 3-4-րդ դասարաններում, ինչը հնարավորություն կտա ունենալ գարնանային և աշնանային արձակուրդների ընդլայնված տևողություն այս դասարանների սովորողների համար։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter