HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երանուհի Սողոյան

Արցախցի Եսայաններ. «Մենք մինչեւ վերջ համոզված ենք եղել, որ Շուշին չի հանձնվելու, որ անհնար է Շուշին գրավել»

«Երբ ես դուրս էի գալիս ու քայլում Շուշվա փողոցներով, միշտ մտածում էի, թե ինչ հրաշալի զգացողություն է Շուշիի հայկական դեմքը, միայն հայերով բնակեցված լինելը, որ անարդարացիորեն, տարիներ առաջ խլվել է մեզանից ու վերադարձվել 90-ականներին: Ես մտածում էի՝ արդյոք բոլորը, ովքեր առօրյայով տարված՝ ամեն լուսաբացին դուրս գալով իրենց տներից, ունե՞ն այս նույն զգացողությունը, հասկանու՞մ են՝ ինչ է նշանակում քնել եւ արթնանալ հայկական հողում: Մտածում էի, որ մարդկանց մի մասը, գուցե առօրյայով տարված, չէր գիտակցում, որ սա մեծ արժեք է»,-ասում է Շուշիի արդեն նախկին բնակիչ, Գյումրիում ժամանակավոր ապաստան գտած Եսայան ընտանիքի հայրը՝ 62-ամյա Ռոբերտ Եսայանը:

Արցախյան պատերազմի տարբեր օրերին Արցախի Շուշի քաղաքից Հայաստան տարհանված Եսայանները նոյեմբերի սկզբին միավորվեցին Գյումրիում: Շուշին մնաց թշնամուն: Շուշիի մասին հուշերը, Շուշիի հետ կապված երազանքներն ու ծրագրերը, Շուշին աշխարհի ամենասիրուն քաղաք համարելու մտածումները Եսայաններն իրենց հետ տեղափոխեցին Հայաստանի ամենակոլորիտային քաղաք: 

«Ի՞նչ էր Շուշին ձեզ համար»,-հարցնում եմ Ռոբերտ Եսայանին: «Շուշին ինձ համար բարձունքային մտածողություն էր, ապրելով այնտեղ՝ աշխատելով Ստեփանակերտում, ես դա եմ հասկացել: Երկար ժամանակ Շուշին չէր սարքվում, բայց վերջին 10 տարում միանգամից սկսվեց շինարարական եռուզեռը, սկսեցին սարքել, վերականգնել, շատ արագ եւ՛ համալսարաններ բացվեցին, եւ՛ քոլեջներ, մշակույթի տունը կառուցվեց: Քաղաքը շնչում էր, ապագայի լավատեսական հույսեր կային,-նկատում է Ռոբերտ Եսայանը,-ես Շուշին նմանեցնում եմ Գյումրուն: Շուշին Արցախի մշակութային մայրաքաղաքն էր, Գյումրին՝ Հայաստանի: Գուցե դրա համար մենք հարմարվեցինք Գյումրուն ու մնացինք»:

Ռոբերտ Եսայանը գրող է: Երկար տարիներ խմբագրում է «Շուշի» թերթի եւ Արցախի ազատամարտիկների միության «Հայրենյաց պաշտպան» թերթերը: Ստեղծագործում է, բանաստեղծությունների ժողովածու է տպագրել: Նրա գործերից մեկի հիման վրա ներկայացում է բեմադրվել Ստեփանակերտի թատրոնում: 

Ռոբերտ Եսայանի Վահագն զավակն իր 5 հոգանոց ընտանիքով նույնպես Գյումրիում է: Շուշիից նախ հեռացել են Վահագնի կինն ու երեք մանկահասակ երեխաները: Լուսինեն պատմում է, որ սեպտեմբերի 28-ին ապաստարանում նշել են տղայի ծննդյան օրը, իսկ սեպտեմբերի 29-ին, շատ քիչ իրեր վերցնելով, քանի որ վստահ են եղել, թե մի քանի օրից վերադառնալու են, հեռացել Շուշիից: «Ծննդյան օրվա համար նախօրոք էինք պատրաստվել, առեւտուր էինք արել, ոչ մեկ չգիտեր, որ մի երկու օրից պիտի պատերազմ լինի,-ասում է Լուսինեն,-Նվերիս 6-ամյակն էր լրանում: Մտածեցի՝ ինչ անեմ, ի վերջո, երեխաները մեղավոր չեն, որ մեծերը պատերազմի մեջ են: Մի խոսքով, ինչ հնարավոր է՝ իջեցրել եմ պադվալ, ես բարձրացել եմ տուն, արագ-արագ՝ մեկ ժամում, տորթ եմ թխել, էդպես շենքի երեխեքի հետ նշել ենք: Հետո, երեկոյան, վարչական ղեկավարն եկավ ու ասաց, որ կանայք ու երեխաները պետք է առաջնահերթ դուրս գան Շուշիից»:

Վահագնը Շուշիի տիկնիկային թատրոնի երաժշտական մասի վարիչն էր, Լուսինեն՝ մշակույթի տանը գործող «Վարանդա» երգչախմբի խմբավարը: Երբ հրահանգ է եղել կանանց ու երեխաներին հանել Շուշիից, կանգնել են փաստի առաջ, քանի որ այդ ժամանակ, համատարած տարհանման պայմաններում, դժվար է եղել հարմար մեքենա գտնել, նաեւ հասկանալ, թե կոնկրետ ու՞ր պետք է ուղարկել ընտանիքի անդամներին: «Ես պետք է զբաղվեի ոչ միայն իմ ընտանիքի հարցերով, այլեւ պիտի օգնեի ծնողներիս ու հիվանդ եղբորս: Ոչ մեկ չգիտեր, թե, ասենք, հաջորդ պահին ինչ գործողություններ կլինեին: Մեզ ասացին, որ ողջ առաջնագծով լայնածավալ հարձակում է սպասվում՝ հանեք կանանց ու երեխաներին: Մայրս դեռ չէր ուզում դուրս գալ քաղաքից, հայրս նույնպես շարունակում էր իր աշխատանքը: Էդ ժամանակ զանգեց մեր տնօրենը՝ Աշխենն ու ասաց, որ իրենք ուղեւորվում են Գյումրի, եթե ես կնոջս ու երեխաներիս հասցնեմ գոնե մինչեւ Գորիս, իրենք արդեն կտանեն»,-պատմում է Վահագնը:

Լուսինեն ընտրում է Գյումրին: Սկզբում տեղավորվում են «Վանանդ» հյուրատանը: Լուսինեն ասում է, որ շնորհակալ է ճակատագրին ու այն բոլոր գյումրեցիներին, որ այդ օրերին եղել են իրենց կողքին: «Ոչ միայն մեր ընտանիքի մասին է խոսքն, այլ՝ ընդհանրապես արցախցիների: Մարդիկ օգնում էին մեզ՝ իրենք էլ լինելով վշտի մեջ, ունենալով հարազատներ առաջնագծում: Հիշում եմ՝ հյուրատան հարեւանությամբ մի կին էր ապրում, իր տղան Արցախում էր, ինքը մեզ լավաշ բերեց, լացում էր, հաջորդ օրն իմացանք, որ տղան զոհվել է: Հյուրատան տնօրենն է ամենասկզբում աջակցել, հետո արդեն՝ կազմակերպությունները»:

Ես երկրաշարժ տեսած սերնդից եմ՝ ժամանակավոր տարհանված, սակայն մի քանի ամսից ծննդավայր վերադարձած այն հազարավորներից, որ օտարության մեջ անգամ հստակ գիտեր. թեպետ ավերված, սակայն կա տեղ, որտեղ կարող ես վերադառնալ: Շուշիից Գյումրի տեղափոխված իմ նոր ծանոթները, ցավոք, նույն բանը չեն կարող ասել իրենց մասին:

«Ես միշտ մտածել եմ, որ ոչինչ, թեկուզ ռմբակոծեն, ավիրեն, ոչինչ, մենք հետ կգնանք, նորից կսարքենք, բայց հիմա անգամ չգիտենք, թե վերջնական որտեղ ենք հաստատվելու,-նկատում է Վահագնը,-մինչեւ տարեվերջ հաստատ կմնանք Գյումրիում, հետո՝ չգիտեմ: Ես Շուշիից դուրս եմ եկել ռուսների մտնելու օրը՝ նոյեմբերի 10-ին: Մինչեւ էդ՝ հոկտեմբերի 31-ին, Շուշիից հանել եմ մորս ու եղբորս: Հայրս հաջորդ օրն է գնացել: Մենք մինչեւ վերջ համոզված ենք եղել, որ Շուշին չի հանձնվելու, որ անհնար է Շուշին գրավել: Շատերն էին էդպես մտածում, որովհետեւ քաղաքն ինտենսիվ չէր ռմբակոծվում, ոնց որ հատուկ՝ բնակելիներին չէին կպնում, ի տարբերություն Ստեփանակերտի, չնայած երկինքն անպաշտպան էր: Հիմա գուցե շատ բաներ հասկանալի է դառնում, իսկ էն ժամանակ մտածում էինք, որ Շուշիում ավելի ապահով է, որովհետեւ մարդիկ կային, որ տներից ապաստարան չէին իջնում, քնում էին տանը»:

Վահագի ընտանիքը դեկտեմբերի 14-ից ապրում է վարձով, Գյումրու Անի թաղամասում: Բնակարանն իրենք են գտել, իսկ վարձակալական եւ կոմունալ ծախսերը վեց ամիս ժամանակով հոգում են Վաշինգտոնից երկու հայ ընտանիք: Նման բան հնարավոր է դարձել շնորհիվ Գյումրու Հայորդաց տան տնօրեն Աստղիկ Եդիգարյանի անձնական կապերի: «Մենք շատ երկար փնտրեցինք վարձով տուն, արդեն հոգնել էինք,-պատմում է Լուսինեն,-Վահագը որ ասում էր գնանք էս տունն էլ նայենք, կամ էն տունն, արդեն չէի ուզում: Հետո պատահական էս բնակարանը գտանք, շատ հարմար, իրերը մեջը, բայց գինն էր բարձր, ու էստեղ օգնության եկավ Աստղիկը: Իր միջնորդությամբ, վեց ամսով, մեր ծախսերը մինչեւ մայիս երկու ընտանիք են հոգում, որոնց հետ մենք անընդհատ կապի մեջ ենք»:

Վահագնը եւ Լուսինեն աշխատանք են փնտրում Գյումրիում: Վահագնը վարսավիրի մասնագիտություն է սովորում, Լուսինեն հույս ունի, որ որեւէ մշակութային օջախում խմբավարի կամ մանկապարտեզում դաստիարակի աշխատանք կառաջարկեն: Ամուսիններն էլ են հասկանում, որ աջակցությունները հավերժ չեն եւ պետք է որեւէ կերպ ընտանիքի հոգսը հոգան: «Ես հիմա վարսավիրություն եմ սովորում, չգիտեմ՝ Գյումրիում կաշխատեմ, թե՞ չէ, սակայն մասնագիտություն է, ուր էլ գնամ՝ ինձ պետք է գալու,-ասում է Վահագնը,-պատերազմը մեր կյանքում շատ բան փոխեց՝ լիքը բաներ պիտի սկսենք զրոյից: Պատերազմը դրական կողմ չունի, սակայն սովորեցնում է գնահատել մարդկային վերաբերմունքը: Ես շնորհակալ եմ ճակատագրից, որ հանդիպել եմ Աստղիկին Եդիգարյան, Շուշանիկին Հակոբյան, Լիանային Վանոյան, հենց թեկուզ՝ ձեզ: Ես գուցե նախկինում չեմ մտածել այդ մասին, բայց հիմա բոլորս սկսել ենք առավել գնահատել մարդկային վերաբերմունքը, որ Գյումրիում շատ տեսանք»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter