HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երեխաները, ծնողներն ու ուսուցիչները բավարար տեղեկացված չեն երեխայի համար համացանցի վտանգներից. ՄԻՊ

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը շարունակում է ստանալ ահազանգեր ծնողներից և ուսուցիչներից թվային միջավայրում երեխաների իրավունքների պաշտպանության վերաբերյալ։

ՄԻՊ աշխատակազմի հանրային կապերի բաժինը տեղեկացնում է, որ բողոքների վերլուծությունը ցույց է տալիս, որ ծնողներն ու ուսուցիչները բավարար տեղեկացված չեն համացանցի վտանգներից ու խնդիրներից։

«Վերջերս, համացանցում լայն տարածում են գտել երեխաների կյանքի և առողջության համար վտանգավոր խաղեր, որոնք անկառավարելի տարածում են ստացել ամբողջ աշխարհում և մեծ սպառնալիք են երեխաների, հատկապես՝ դեռահասության տարիքում գտնվող երեխաների առողջ զարգացման համար:

Ցավոք, մեր երկրում նույնպես տարածում են գտել այդպիսի խաղեր։ Նշվածը պահանջում է երեխաների ծնողների, այլ օրինական ներկայացուցիչների, ուսուցիչների կողմից առավել մեծ ուշադրություն և զգոնություն, հստակ կանխարգելիչ միջոցներ, այդ թվում՝ ուղղված երեխաների համար թվային միջավայրում անվտանգության մեխանիզմների կատարելագործմանը:

Երեխաները նույնպես պետք է իմանան, թե ինչպես խուսափեն վտանգներից կամ ինչպես պաշտպանեն իրենց համացանցում, քանի որ նորարարական տեխնոլոգիաների միջավայրը գրավիչ ազդեցություն ունի երեխաների վրա:

Թվային միջավայրում երեխաների պաշտպանության վերաբերյալ օգտակար խորհուրդներ երեխաներն ու նրանց ծնողները, ինչպես նաև ուսուցիչները կարող են գտնել «Թվային միջավայրում երեխաների իրավունքները հարգելու, պաշտպանելու և իրացնելու համար» ուղեցույցում, որն ընդունվել է Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի կողմից:

Տվյալ ուղեցույցը պարունակում է առաջարկություններ Եվրոպայի խորհրդի անդամ բոլոր պետությունների համար»,- ասված է ՄԻՊ հաղորդագրության մեջ:

Ուղեցույցի հայերեն թարգմանությունը ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը ներկայացրել է դեռևս 2018 թվականին:

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը պարբերաբար կազմակերպում է սեմինարներ ուսուցիչների համար՝ ուշադրություն դարձնելով թվային միջավայրում երեխաների անվտանգության վերաբերյալ ինֆորմատիկայի ուսուցիչների իրազեկվածության բարձրացմանը։

Այդ դասընթացներին արդեն իսկ մասնակցել է շուրջ 100 ուսուցիչ:

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի թարգմանած «Թվային միջավայրում երեխաների իրավունքները հարգելու, պաշտպանելու և իրացնելու համար» հայերեն ուղեցույցն՝ այստեղ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter