HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դատախազության և Հատուկ քննչական ծառայության անգործությունը վիճարկելու մասին բողոքը է մուտք արվել դատարան. Արա Զոհրաբյան

Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ տեղեկացնելով, որ Դատախազության և Հատուկ քննչական ծառայության անգործությունը վիճարկելու մասին բողոք է այսօր մուտք արվել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան: Գրառումը՝ ստորև.

«Ինչպես գիտեք, 2020 թվականի դեկտեմբերի 22-ին ավելի քան հարյուր փաստաբաններ, հաղորդում են ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազին, խնդրելով հարուցել քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 299-րդ հոդվածով (պետական դավաճանությունը) նախատեսված հանցավոր արարքի կատարման փաստի կապակցությամբ։

Հաղորդումը վերաբերում էր մինչև պատերազմը, պատերազմի ընթացքում և պատերազմից հետո տեղի ունեցած այն իրադարձություններին, որոնք առերևույթ վկայում են պետական դավաճանության հնարավորության մասին:

ՀՔԾ ավագ քննիչը 04.02.2021թ. գրությամբ տեղեկացրել է, որ՝ դատախազությունը նշված հաղորդումն ուղարկել է Հատուկ քննչական ծառայություն, ՀՀ ՊՆ ռազմական վերահսկողության ծառայության նախկին պետ Մովսես Հակոբյանի 2020 թվականի նոյեմբերի 19-ի հարցազրույցի կապակցությամբ Քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով հարուցված թիվ 62227420 քրեական գործին կցելու և դրանում նշված հանգամանքների շուրջ քննություն կատարելու համար։

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 180-րդ և 181-րդ հոդվածների համաձայն 10 օրվա ընթացքում հանցագործության մասին տեղեկություն ստանալու յուրաքանչյուր դեպքում ընդունվում է հետևյալ որոշումներից մեկը` 1) քրեական գործ հարուցելու մասին. 2) քրեական գործ հարուցելը մերժելու մասին. 3) հաղորդումն ըստ ենթակայության հանձնելու մասին: Առ այսօր դատախազությունից կամ հատուկ քննչական ծառայությունից չենք ստացել այս երեք որոշումներից ոչ մեկը:

Դատախազությունը կամ քննչական մարմինը այս երեք ճանապարհներից մեկը պետք է ընտրեր, այսինքն՝ (1) քրեական գործ հարուցեր, եթե «տեսներ» հանցագործության առիթը և հիմքը, (2) քրեական գործ հարուցելը մերժեր, եթե «չտեսներ» հանցագործության առիթը և հիմքը, կամ (3) հաղորդումը որոշումով ուղարկեր իրավասու մարմնին:

Օրենքով չորրորդ ճանապարհ նախատեսված չէ հանցագործության մասին հաղորդումը քննարկելու ժամանակ: Մինչդեռ, դատախազությունը և Հատուկ քննչական ծառայությունը ընտրել են չորրորդ ճանապարհը, դիմող փաստաբաններիս զրկելով նշված երեք տեսակի որոշումներից մեկը ստանալու իրավունքից: Դատախազության և Հատուկ քննչական ծառայության անգործությունը վիճարկելու մասին բողոքը այսօր մուտք է արվել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան:

Դատարանը բողոքը պետք է քննի 10-օրյա ժամկետում»,- գրել է Արա Զոհրաբյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter