HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

Զինծառայողների չօգտագործած արձակուրդների համար փոխհատուցում. Տարոն Սիմոնյանի առաջարկը

«Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանն առաջարկում է օրենքով հստակեցնել, որ զինծառայության ընթացքում չօգտագործված և արձակուրդ ունեցող զինծառայողներին տրվի փոխհատուցում` չօգտագործված արձակուրդների բոլոր օրերի համար: Պատգամավորը փոփոխություններ է առաջարկում «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում:

Առաջարկվում է օրենքը լրացնել նոր հոդվածով, ըստ որի՝ անկախ զինվորական ծառայությունից արձակման տարեթվից` զինվորական ծառայության ընթացքում չօգտագործված արձակուրդ ունեցող զինծառայողներին տրվի փոխհատուցում:

Պատգամավոը հիշեցրել է, որ Աշխատանքային օրենսգրքի համաձայն` ամենամյա արձակուրդը չօգտագործելու համար դրամական հատուցումը վճարվում է աշխատանքային պայմանագիրը լուծելիս. հատուցումը վճարվում է չօգտագործված բոլոր արձակուրդների համար:

Սակայն զինծառայողների համար սահմանվել է չօգտագործված արձակուրդների դիմաց փոխհատուցում ստանալու այլ ընթացակարգ, որի համաձայն՝ զինծառայության ընթացքում չօգտագործված արձակուրդ ունեցող զինծառայողներին տրվում է փոխհատուցում` ոչ ավելի, քան զինվորական ծառայությունից արձակվելու և դրան նախորդող երկու տարվա չօգտագործված արձակուրդի օրերի դիմաց` կառավարության սահմանած չափով: Ինչը, ըստ պատգամավորի, խտրական մոտեցում է:

Տարոն Սիմոնյանը նաև հիշեցրել է Սահմանադրական դատարանի 2018թ. հուլիսի 10-ի ՍԴՈ-1424 որոշումը (վերոնշյալ օրենքի 16-րդ հոդվածը համարել է Սահմանադրությանը հակասող և անվավեր):

«Նախագծի ընդունումը բխում է «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի պահանջից և հետապնդում զինծառայողների (նրանց հավասարեցված անձանց) ու այլ հանրային ծառայողների համար չօգտագործված արձակուրդների դիմաց փոխհատուցում ստանալու հավասար հնարավորության անմիջական օրենսդրական ամրագրում նախատեսելու նպատակ»,-ասվում է նախագծում:

Այն շրջանառության մեջ է դրվել փետրվարի 5-ին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter