HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Դոմիկներ»-ի մոռացված տարեցները

Բարսեղյան Նինան, անշարժ, ձեռքերը ոտքերին դրած, նստած է իր հին բազմոցին։ Հետևի պատին կախված է մաշված գորգը, իսկ գլխավերևում շրջանակի մեջ երևում է երիտասարդ որդու նկարը։ Նինայի հարսը՝ Կարինեն, հատակն է ավլում, ռադիոյից լսվում է լուրերի թողարկումը։

Տնակի մյուս անկյունում՝ մահճակալի վրա, պառկած է Նինայի ամուսինը՝ Լևոնը։ Ընդհանուր սենյակից այդ անկյունն առանձնացրել են վարագույրով, տնակում դռներ չկան, իսկ պատուհանները միայն մի կողմում են։ Ժամանակին պատերի թարմ պաստառներն արդեն սևացել են։

Չնայած տնակի մեջտեղում դրված վառարանի մեջ նոր են փայտ գցել՝ տնակը չի տաքանում։ Լևոնը տաք ձմեռային գլխարկը հազվադեպ է հանում, իսկ Նինան միշտ մի քանի շերտ տաք շորեր է հագնում։

«Ֆռա՛, նկարե՛, թող սաղ տեսնին, թե ինչ պայմաններում կապրինք»,- ասում է Նինան։

«Դոմիկում» ծանր մթնոլորտ է։ Պատերի սևությունն ու ներսում տիրող տրտմությունը, դանդաղ սողալով, տարածվում են ամբողջ մարմնովդ: 

1988 թ․ դեկտեմբերի 7-ի երկրաշարժից հետո դեռ կա ժամանակավոր տնակներում բնակվող 3600 մարդ, որից 2800-ը՝ Գյումրիում, մնացածը՝ Շիրակի մարզի տարբեր համայնքներում։

Ժամանակավոր կացարաններում ու ոչ հիմնական շինություններում ապրողների քարտեզագրման աշխատանքները ավարտվել են միայն 2020-ի վերջին։ 32 տարի շարունակ պետությունը հստակ տեղեկություն չի ունեցել, թե տնակներում ապրող քանի մարդ կա։ Չնայած տարբեր անհատական և պետական ջանքերին՝ անօթևանների հարցը դեռ վերջնական լուծված չէ։

Ծայրահեղ աղքատության մեջ ապրող մարդիկ անպաշտպան են։ Գյումրիում տնակային պայմաններում գոյատևող Նինայի ու Լևոնի պես տարեցները շարունակում են ապրել անմարդկային պայմաններում, մոռացված, իրենց հոգսերի հետ՝ մեն-մենակ։ Ցուրտ ձմռանը դառնում են ավելի խոցելի։

Այս տարի հունվարին ցրտահարությունից մահացել էր միայնակ ապրող մի կին։ Գյումրիի տնակային ավաններում բնակվող և ցրտահարությունից մահվան կամ հիվանդանալու վտանգի տակ ապրող տասնյակ այլ տարեցներ կան։

Լևոնը զայրացած ասում է, որ տուն ստանալու խոստումներ լսել են տարբեր մարդկանցից, բայց նրանց խոսքը երբեք գործ չի դարձել։ Չնայած իր հարևաններից շատերը տուն ստացել են, 32 տարի տնակում բնակվելուց հետո նրանք արդեն հույսը կորցրել են, որ երբևէ տուն կստանան։ Նինան մտածել է, որ գոնե 2018-ի իշխանափոխությունից հետո տների տրամադրման գործընթացը կարագանա։

Տարեց զույգը ստանում է 70 հազար դրամ թոշակ, որը հազիվ բավարարում է ուտելիք գնելուն։ Այս տարի Շիրակի մարզպետարանից փայտ են ստացել, ինչը մի փոքր թեթևացրել է նրանց հոգսը։

Լևոնը հիվանդության պատճառով կուրացել է, հիմնականում պառկած է, տանից չի կարողանում դուրս գալ։ Նինան նույնպես առողջական խնդիրներ ունի, մեկ աչքը չի տեսնում, տան գործերը չի կարողանում անել։

Երկու որդիներից մեկը՝ Արտյոմը, որի նկարը կախված է Նինայի գլխավերևում, աշխատանքի վայրում շմոլ գազի թունավորումից մահացել է 16 տարի առաջ։ Իսկ մյուս որդին հիմնականում Ռուսաստանում է ապրում, գրեթե չի օգնում։

Նինային և Լևոնին միակ օգնողը Կարինեն է։ Չնայած նրան, որ բաժանված է ամուսնուց՝ Նինայի և Լևոնի որդուց, Կարինեն շարունակում է այցելել և օգնել զույգին, ասում է, որ չի կարող մենակ թողնել իր երեխաների տատին և պապին։

Բաց երկնքի տակ կանգնած այս տնակին նայելիս թվում է, թե այն ամեն րոպե կարող է փլվել։ Խարխուլ կտուրը պահող փայտե սյուները եղանակային պայմաններից արդեն ծակվել և մաշվել են։

«Մեզի տուն տան էս կռիսներից ազատվիմ։ Որ բդի ապռիմ տարիմ ապռիմ, երկու ապռիմ գոնե մարդավարի ապռիմ»,- ասում է Նինան։

Հ.Գ. Նինային և Լևոնին օգնելու համար կապ հաստատեք մեզ հետ, մենք կփոխանցենք նրանց կոնտակտային տվյալները։ 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter