HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Հայացք». հայկական ընտրազանգվածը ներվրացական նախընտրական պայքարում

Վրաստանում նախընտրական գործընթացների թափ հավաքելուն զուգընթաց, ընտրական գործընթացի հիմնական դերակատարները սկսել են ազգային փոքրամասնություններին իրենց կողմը գրավելու քայլերը: Նախօրեին «Վրացական երազ» ընդդիմադիր կոալիցիայի առաջնորդ Բ. Իվանիշվիլին հանդիպել է Վրաստանի հայ համայնքի ներկայացուցիչների հետ և շնորհավորել նրանց Ծաղկազարդի տոնի կապակցությամբ: Ընդ որում` Իվանիշվիլու անձնական կայքում տեղադրված տեղեկատվության մեջ չկա պարզաբանում, թե վիրահայ համայնքի կոնկրետ որ ներակայացուցիչներն են մասնակցել հանդիպմանը: Ըստ «Ռեգնումի» մեջբերման. «Հանդիպման ժամանակ քննարկվել է երկրում ստեղծված իրավիճակը: Հայ համայնքի ներկայացուցիչները ցանկություն են հայտնել ակտիվորեն մասնակցել քաղաքական գործընթացներին և աջակցել կոալիցիային նրա նպատակների իրագործման ուղղությամբ: Նրանք նաև տեղեկացրել են, որ տարածաշրջաններում ապրող հայ համայնքի որոշ ներկայացուցիչներ չեն կարողացել ժամանել, որովհետև նրանց զանգահարել են և սպառնալիքներով ստիպել հրաժարվել»:

Ամեն ինչից երևում է, որ «Վրացական երազ» ընդդիմադիր կոալիցիայի և Վրաստանի իշխանությունների միջև պայքարը լինելու է շատ կոշտ ու անզիջում: Իշխանությունները կարծես մտադիր չեն վերականգնել «Վրացական երազի» հիմնադիր և առաջնորդ Իվանիշվիլու քաղաքացիությունը, թեպետ հիշյալ հարցի դրական կամ բացասական պատասխան տալու օրինական ժամկետները սպառվում են: Ըստ ընդդիմադիր կոալիցիայի մամուլի քարտուղար Մ. Պանջիկիձեի պնդման` իշխանությունները ստիպված են լինելու վերականգնել օլիգարխի քաղաքացիությունը, որովհետև «այդ նպատակով նրանց նկատմամբ առկա է ներքին և արտաքին լուրջ ճնշում»:

Մինչդեռ իշխանության գործողությունները ամենևին էլ լավատեսություն չեն ներշնչում: Սահակաշվիլին և իր թիմը ճնշում են գործադրում բոլոր ուղղություններով` Իվանիշվիլու և նրա գլխավորած կոալիցիայի հասարակական նշանակությունը նվազեցնելու համար: Ծայրաստիճան լարված հակադրությունը դրսևորվում է անգամ մանրուքներում: Վերջերս ամերիկյան հայտնի Ազգային ժողովրդավարության ինստիտուտը (NDI) հրապարակել էր սոցհարցում, որի համաձայն «Վրացական երազ» կոալիցիայի վարկանիշը Վրաստանի բնակչության շրջանում ընդամենը 10% էր, մինչդեռ իշխող «Ազգային շարժմանը» վերագրվել էր 47% վարկանիշ: Իվանիշվիլին անմիջապես իր դժգոհությունն է հայտնել Վրաստանում ԱՄՆ դեսպանին այս կապակցությամբ, և դեսպան Ջ. Բասսը հարկադրված է եղել պարզաբանել, որ NDI-ի տվյալ սոցհարցումը չի ֆինանսավորվել ամերիկյան կառավարության կողմից: Ընդդիմություն-իշխանություն հարաբերությունների ծայրահեղ լարվածության մասին է վկայում նաև Վրաստանում հրատարակվող և ամերիկյան Forbes-ի վրացական վարկածը հանդիսացող Forbes Georgia ամսագրի թղթակից Ռ. Սաքևարիշվիլու հետ կապված սկանդալը: Վերջինս հայտարարեց, որ այլևս չի թղթակցելու Forbes Georgia-ին, որովհետև պարբերականի խմբագիրը երկար ժամանակ չի տպագրել Իվանիշվիլու հետ իր հարցազրույցը` պահանջելով տեքստում իրականացնել որոշակի «սրբագրումներ»: Խորհրդարանական ընտրություններից մի քանի ամիս առաջ այսպիսի փոխադարձ անհանդուրժողությունը ցույց է տալիս, որ ընտրական գործընթացի խաղաղ հանգուցալուծման հավանականությունը Վրաստանում դառնում է խիստ անհավանական:

Նման իրավիճակում ազգային փոքրամասնությունները, տվյալ դեպքում` հայկական համայնքը, թերևս պետք է զերծ մնան միանշանակ դիրքորոշում արտահայտելուց և չընդգրկվեն ո՛չ իշխանությանը, ո՛չ էլ ընդդիմությանը սատարելու դրսևորումներում: Անշուշտ, վիրահայությունը Սահակաշվիլու ներքին քաղաքականությունից դժգոհելու ավելի քան բավարար հիմքեր ունի, և միայն դրանց թվարկումը առանձին հոդվածի նյութ է: Բայց մինչ այժմ Իվանիշվիլին ու նրա թիմն էլ որևէ առարկայական բան չեն առաջարկում ազգային փոքրամասնություններին` Վրաստանում նրանց կարգավիճակի, ազգային լեզվի և մշակույթի զարգացման, ազգային փոքրամասնությունների բնակության տարածաշրջաններում կուտակված տնտեսական և սոցիալական հիմնախնդիրների լուծման ուղղությամբ: Եվ ինչպես իշխանությունները, վարչատարածքային ինքնավարության մասին լսել անգամ չեն ուզում: Իսկ Վրաստանի բոլոր քաղաքացիների համար ազատ և ժողովրդավարական երկիր կառուցելու մասին խոստումներում ժամանակին պակաս շռայլ չէր նույն Սահակաշվիլին, սակայն արդյունքում նրա իշխանության գալուց 9 տարի անց նույն Ջավախքում կուտակված հիմնախնդիրները ոչ միայն չեն լուծվել, այլև տարբեր ուղղություններով Թբիլիսիի ճնշումը միայն մեծացել է` Հայաստանի հայեցողական պասիվության պայմաններում: Ուստի վիրահայ համայնքը առաջիկա ընտրություններում պետք է առաջին հերթին կողմնորոշվի սեփական անվտանգության ապահովման առումով, որպեսզի որևէ ձևով չներքաշվի այլևս խիստ հավանական թվացող ներվրացական հերթական առճակատման մեջ:

Վ. ՎԱՐԴԱՆՅԱՆ

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter