HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տիգրան Ավինյանը Իրանի դեսպանի հետ քննարկել է առևտրատնտեսական համագործակցության հարցեր

Փետրվարի 5-ին փոխվարչապետ Տիգրան Ավինյանը հանդիպել է Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրիին: Այս մասին հայտնում է կառավարության մամուլի ծառայությունը։

Տիգրան Ավինյանը նշել է, որ հայ-իրանական հարաբերություններն առանձնանում են դարավոր բարեկամությամբ՝ հիմնված փոխվստահության ու փոխադարձ հարգանքի վրա: 

Կայունությունը, խաղաղությունն ու կայուն զարգացումը դիտելով Հայաստանի և Իրանի ընդհանուր հետաքրքրությունների տիրույթում՝ Տիգրան Ավինյանն անդրադարձել է Արցախի դեմ Ադրբեջանի ռազմական ագրեսիայի հետևանքով տարածաշրջանում ստեղծված իրավիճակին: Փոխվարչապետը հատուկ ուշադրություն է հրավիրել գերիների փոխանակման հարցի վրա՝ որպես Հայաստանի համար առաջնային կարևորություն ներկայացնող խնդիր:

Կողմերը քննարկել են նաև երկու երկրների միջև առևտրատնտեսական համագործակցության հարցերը: Դեսպան Զոհուրին կարևորել է համատեղ ջանքերը, որպեսզի տնտեսական հարաբերություններում առկա ներուժն առավելագույնս օգտագործվի:

Ըստ հաղորդագրության՝ Իրանի հետ ձեռք բերված պայմանավորվածությունները կյանքի կոչելու համատեքստում Տիգրան Ավինյանն ընդգծել է Իրան-Հայաստան 400կՎ երրորդ էլեկտրահաղորդման գծի ու «Նորավան» ենթակայանի կառուցման ծրագրի իրականացումը: Փոխվարչապետը նշել է նաև, որ համագործակցության ռազմավարական հիմնական ուղղություններից է «գազ՝ էլեկտրաէներգիայի դիմաց» ծրագիրը՝ կարևորելով համաձայնագրի ժամկետները երկարացնելու, ինչպես նաև գազի և էլեկտրաէներգիայի ծավալների մեծացման վերաբերյալ 2020թ. դեկտեմբերին ձեռք բերված պայմանավորվածությունները:

Հանդիպման ընթացքում քննարկվել են «Պարսից ծոց - Սև ծով» միջազգային տրանսպորտային միջանցքին վերաբերող հարցեր:

Փոխվարչապետը խոսել է նաև տեղեկատվական և հեռահաղորդակցության տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության հնարավորությունների մասին, այդ թվում՝ Եվրոպա-Հայաստան-Իրան-Կատար տարածաշրջանային հեռահաղորդակցության նախագծի շրջանակներում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter