HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Հայացք». ո՞րն էր Լավրովի երևանյան այցի նպատակը

Քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի` հայ-ռուսական դիվանագիտական հարաբերությունների 20-ամյակի կապակցությամբ այցը Երևան դիտարկում է որպես նախկին վարչակազմի հաշվետվություն նոր նախագահին:

Քաղաքագետն այն կարծիքին է, որ այսօր Ռուսաստանն ավելի մտահոգված է Հայաստանի հետ հարաբերությունները սերտացնելով, քան Արևմուտքը: «Այսօր նման մտահոգություններ ավելի շատ կան Ռուսաստանում, քան Արևմուտքում: Մի կողմից կա Ռուսաստանի հետ ռազմական համագործակցություն, մյուս կողմից էլ` Արևմուտքի հետ քաղաքական ակտիվ շփումներ, ինչը բավական հաջող իրականացվում է: Դրա վկայությունն է նաև նախորդ օրը ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնի հնչեցրած քննադատական ելույթը: Դա ցույց է տալիս, որ ԱՄՆ-ը բավական ուշադիր է հետևում Հայաստանում ծավալվող բոլոր զարգացումներին»,- ասում է նա: Ըստ նրա` քննադատական այս ուղղվածությունը չպետք է պայմանավորել Ռուսաստանի հետ դիրքերի պարզաբանմամբ:

Քաղաքագետի հավաստմամբ` Հարավային Կովկասում Ռուսաստանի համար կան բազմաթիվ բարդ, մասամբ` անհասկանալի խնդիրներ, այդ թվում` Արցախյան հակամարտության շուրջ տեղի ունեցող զարգացումները, որոնք կարող են ազդել նաև Հյուսիսային Կովկասի վրա: «Ռուսաստանն ամեն ինչ կանի, որպեսզի Ղարաբաղյան հիմնահարցը չկրի ռազմական բնույթ, քանի որ այն կարող է շղթայական ռեակցիայով տեղափոխվել Դաղստան և Չեչնիա»,- կարծիք է հայտնում քաղաքագետը և հավելում, որ ռազմական վտանգի վերացումից հետո մեր հանդեպ հետաքրքրությունը Մոսկվայում կտրուկ կնվազի:

Քաղաքագետը նաև նշում է, որ Լավրովի համար շատ կարևոր է հասկանալ ադրբեջանաիրանական հակամարտության ներկա փուլը: Ըստ նրա` «ակնհայտ է, որ տեղի են ունենում գործընթացներ, որոնց մասնակցում է նաև Իսրայելը. անգամ նշվում է այն մասին, որ Իսրայելը Ադրբեջանում ստեղծել է ռազմակայաններ, որոնք պետք է օգտագործի Իրանի դեմ»:

Քաղաքագետի կարծիքով` Ադրբեջանը վերջին շրջանում մեծ ջանքեր է գործադրում ԼՂ հիմնահարցի ձևաչափը փոխելու համար: «Ադրբեջանի ջանքերի շնորհիվ Եվրախորհրդի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում քննարկվեց ստեղծված իրավիճակը և առաջարկվեց Ֆրանսիայի մանդատը փոխարինել ԵՄ մանդատով: Բաքուն, լավ հասկանալով, որ միջազգային հանրության գլխավոր խնդիրը անվտանգության ապահովումն է, ստեղծում է լարված իրավիճակ ղարաբաղա-ադրբեջանական սահմանին և այդ քայլով միջազգային հանրությանը ստիպում է բանակցել իրենց հետ»,- նշում է նա:

ԼԵՎՈՆ ԳԵՎՈՐԳՅԱՆ

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter