Ջո Բայդեն. Թրամփի վարքագծի պատճառով նրան չպետք է հասանելի լինեն գաղտնի տվյալները
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ, իր կարծիքով, Դոնալդ Թրամփին հասանելի չպետք է լինեն հետախուզության գաղտնի տվյալները։ Պատճառը նրա «փոփոխական վարքագիծն» է։ Այդ մասին գրում է BBC-ն։
Սա ԱՄՆ պատմության մեջ առաջին դեպքն է, երբ երկրում առկա ավանդույթը, համաձայն որի նախկին նախագահները տեղեկացվում են հետախուզության գործունեության մասին, կարող է խախտվել։ Ներկայում ճեպազրույցներ են տեղի ունենում Ջիմի Քարթերի, Բիլ Քլինթոնի, Ջորջ Բուշի և Բարաք Օբամայի համար։
ԱՄՆ-ում կա ավանդույթ, որը նախկին նախագահներին հնարավորություն է տալիս տեղեկություններ ստանալ ազգային անվտանգության խնդիրների մասին։ Սա պարտադիր չէ, սակայն համարվում է նոր նախագահի կողմից «սիրալիր քայլ», ինչպես նաև՝ հնարավորություն խորհուրդներ ստանալու նախկին նախագահներից։
Պատասխանելով CBS հեռուստաընկերության այն հարցին, թե արդյոք անհրաժեշտ է Դոնալդ Թրամփի համար ևս կազմակերպել ճեպազրույցներ, Բայդենը պատասխանել է՝ կարծում եմ՝ ոչ։ «Ո՞րն է նրա համար հետախուզական ճեպազրույցի արժեքը։ Ի՞նչ ազդեցություն այն կարող է ունենալ, բացի նրանից, որ նա կարող է բացբերանություն անել և ինչ-որ բան ասել»,- նշել է Բայդենը։
Թրամփի ներկայացուցիչները դեռևս չեն մեկնաբանել Բայդենի խոսքերը։ Ավելի վաղ, Սպիտակ տունը հարցականի տակ էր դրել ճեպազրույցներին Թրամփի մասնակցության հարցը, որին անվստահություն հայտնելու գործընթացը Սենատում սկսվելու է հաջորդ շաբաթ։ 2021 թվականի հունվարին Ներկայացուցիչների պալատի հետախուզության հարցերով հանձնաժողովի նախագահ Ադամ Շիֆը հայտարարել էր, որ Թրամփին չպետք է հայտնի դառնա գաղտնի որեւէ տեղեկություն։ «Չկա որևէ պարտավորություն, որի պարագայում այդ նախագահը պետք է մասնակցի հետախուզության ճեպազրույցներին։ Ո'չ հիմա, ո'չ էլ ապագայում»,- նշել էր Շիֆը։
Դեռ հունվարին՝ Թրամփի օրոք, ԱՄՆ ազգային հետախուզության ծառայության ղեկավարի գլխավոր տեղակալի պաշտոնը զբաղեցրած Սյու Գորդոնը հայտարարարել էր, որ նախկին նախագահի քաղաքական ասպարեզում մնալու հայտարարությունները կարող են սպառնալիք լինել երկրի ազգային անվտանգության համար, քանի որ Թրամփը գործարար կապեր ունի այլ երկրների հետ։ «Որպես հետախուզության ավելի քան 30 տարվա փորձառություն ունեցող վետերան, իմ խորհուրդն է՝ հունվարի 20-ից հետո նրա համար չկազմակերպել որևէ ճեպազրույց»,- Գորդոնի խոսքերը մեջբերել էր Washington Post-ը։
Wall Street Journal պարբերականին ԿՀՎ նախկին սպա Դևիդ Փրիսը հայտնել է, որ նախկին նախագահների համար կազմակերպվող ճեպազրույցներն, իրավամբ, պարունակում են գաղտնի տեղեկություններ, սակայն չեն ներառում ամենաբարձր աստիճանի գաղտնի տվյալները, որոնք ամենօրյա ռեժիմով ներկայացվում են ԱՄՆ նախագահին։
Սենատի լսումները, որտեղ երկրորդ անգամ կքննարկվի Դոնալդ Թրամփի իմպիչմենտի հարցը, սկսվում են փետրվարի 8-ին։ Այն փաստը, որ Թրամփն արդեն իսկ չի պաշտոնավարում, չի խանգարում նրան իմպիչմենտ հայտարարել։ Իմպիչմենտի պարագայում Սենատը նախկին նախագահին կարող է զրկել կենսաթոշակից և այլ արտոնություններից, ինչպես նաև առանձին որոշմամբ արգելել նրան կրկին ընտրվել։
Դոնալդ Թրամփը մեղադրվում է 2021 թվականի հունվարի 6-ին խռովություններ հրահրելու մեջ, որի արդյունքում Վաշինգտոնում ամբոխը ներխուժեց Կապիտոլիում։ Զոհվեց 5 մարդ։
Լուսանկարը՝ Erin Schaff/The New York Times
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել