HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

Խորհրդարանական ընդդիմության օրակարգում վարչապետի հրաժարականի պահանջն է

Եթե արտահերթ ընտրությունների անցկացման ժամկետների շուրջ խորհրդարանական ընդդիմությունը որոշակի հակասություն ունի, մի հարցում միասնական է` գործող վարչապետ Նիկոլ Փաշինյանը պետք է շուտափույթ հրաժարականի դիմում ներկայացնի:

Փետրվարի 7-ի ուշ երեկոյան «Իմ քայլը» խմբակցությունը հայտնեց` հանդիպել են վարչապետին և արձանագրել, որ հասարակության լայն շերտերի շրջանում արտահերթ ընտրությունների պահանջ չկա:

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը տարօրինակ է որակում քաղաքական իշխանության որոշումը` հետ կանգնել արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու մտադրությունից: Մելքումյանը հիշեցնում է` արտահերթի գաղափարը իշխանությանն էր:

Ըստ նրա` իշխանությունը կարող էր հրաժարվել այդ գաղափարից նախ այն պատճառով, որ տարբեր հետազոտություններ ցույց են տվել, թե քաղաքական մեծամասնության վարկանիշը գահավիժում է: Երկրորդ պատճառը, ըստ Մելքումյանի, կարող է այն լինել, որ գործադիր իշխանությունը չի վստահում քաղաքական մեծամասնությանը: Այլապես վարչապետը հրաժարական կներկայացներ, և կհրավիրվեին արտահերթ ընտրություններ, սակայն, ըստ երևույթին, իշխանությունը կասկածներ է ունեցել, թե հնարավոր է վարչապետի այլ թեկնածու առաջադրվեր, ապա ընտրվեր:

«Արտահերթ ընտրություններ անցկացնելու գաղափարն իշխանությունն ինքն է առաջ բերել` դրանով ընդունելով, որ կա քաղաքական ճգնաժամ, իսկ ճգնաժամի լուծման գործիքն արտահերթ ընտրություններն էին, իրենք գնում էին ընտրությունների պայմանով»,-ասում է Մելքումյանը:

Ըստ պատգամավորի` այս շրջանում արտահերթ ընտրությունների անցկացումը երկիրը կտաներ երկպառակության, անցումային փուլ էր հարկավոր, որը կղեկավարեր չեզոք անձ, ապա կլինեին ընտրություններ:

Մելքումյանի խոսքով` խորհրդարանական ընդդիմությունը չընդունեց վարչապետի նախապայմանը և հարց հնչեցրեց՝ եթե հիմա ընդունեն նախապայմանը, արդյոք տասն օրից հանրային պահանջը մեծանալու է, և լինելու են արտահերթ ընտրություններ:

«Մենք համաձայն չենք ճգնաժամի պատճառ հանդիացող կառավարության պահանջով գնալ արտահերթ ընտրությունների. կարծում եմ՝ լուծման ճանապարհը հանրային ճնշումներն են»,-ասաց Մելքումյանը:

Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանն առաջարկում էր խորհրդարանական ընդդիմությանը հուշագիր կնքել, որ իր հրաժարականի դեպքում նոր թեկնածու չի առաջադրվի, ինչի հետևանքով խորհրդարանը կլուծարվեր, սակայն ընդդիմությունը մերժեց այս առաջարկը:

«Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի համոզմամբ` իշխանությունը մանիպուլյատիվ քայլ է արել:

«Ընդդիմադիր դաշտում եղել է մեկ պահանջ`վարչպետի հրաժարական, և խորհրդարանը ընտրի նոր վարչապետ: Ի պատասխան այս պահանջի՝ վարչապետն ասում է` կանենք արտահերթ ընտրություններ, ու սկսվում է արտահերթի մասին, այսպես կոչված, նիսյա խոսակցություն: Ամբողջ դաշտը մանիպուլացված է կեղծ օրակարգով, այն չի մերժվել որևէ մեկի կողմից, բոլորն էլ ասել են` արեք ընտրություններ, ինքն էլ ասել է հուշագիր ստորագրենք»,-ասում է Մարուքյանը:

Ընդդիմադիր պատգամավորը կոչ է անում քաղաքական մեծամասնության հայտարարությանը լուրջ չվերաբերվել: Մարուքյանն անգամ չբացառեց, որ չորեքշաբթի հարցուպատասխանին վարչապետն ասի, թե կարծում է՝ արժե անել ընտրություններ:

Մարուքյանի կարծիքով` իշխանությունն ի սկզբանե ցանկություն չի ունեցել արտահերթ ընտրություն անելու, պարզապես հարց են դրել շրջանառության մեջ, հիմա հանում են:

«Գործող վարչապետը չի ուզում որևէ պարագայում հեռանա, բայց կկարողանա՞, արդյոք, էդպես պահել իշխանությունը։ Կարծում եմ՝ ոչ»,-ասում է Մարուքյանը:

«Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցն էլ նշում է, թե հանրային պահանջի ձևակերպման մեխանիզմներից առաջնայինը դրսևորվում է քաղաքական ուժերի ներկայացման տեսքով: Եվ քանի որ ընդդիմությունն այդ պահանջը չի ձևակերպել, արտահերթ ընտրություններ չեն լինի:

«Ինչ վերաբերում է այն պայմաններին, թե դրանք ինչպես պետք է անցկացվեն, այն շատ կարևոր է, քանի որ ոչ միայն ընդդիմությունն է մասնակցում ընտրությանը, այլև իշխանությունը: Մենք նշել ենք, որ իշխանափոխության պահանջը մեզ համար հնարավոր է բացառապես ընտրությունների միջոցով, նշել ենք նաև, որ շարունակելու ենք ճանապարհային քարտեզի իրագործման աշխատանքները և ամփոփելիս արդեն նոր այդ համատեքստում կանդրադառնանք արտահերթի անհրաժեշտությանը»,-ասաց Մակունցը:

Խմբակցության ղեկավարի խոսքով` իշխանության ներկայացուցիչների շփումները քաղաքացիների հետ իրենց չեն հաղորդում նման ազդակներ, թե կա արտահերթ ընտրություններ իրականացնելու հանրային պահանջ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter