HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի ներկայացուցչի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները

էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը փետրվարի 8-ին ընդունել է Հայաստանում ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) մշտական ներկայացուցիչ Դմիտրի Մարիյասինին։

Նախարարության տարածած մամուլի հաղորդագրության համաձայն՝ ողջունելով ՄԱԶԾ մշտական ներկայացուցչին՝ նախարարն ընդգծել է շարունակական արդյունավետ համագործակցությունը ՄԱԶԾ հետ՝ նշելով համատեղ զարգացման ծրագրերը ՓՄՁ, գյուղատնտեսության,  զբոսաշրջության ոլորտներում։

Դմիտրի Մարիյասինը շնորհավորել է նախարարին ՀՀ էկոնոմիկայի նախարարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ, այնուհետև ներկայացրել ՄԱԶԾ գերակայությունները, ընդգծել նորարարության վրա հիմնված նոր ծրագրերի իրականացման անհրաժեշտությունը։

Հանդիպման ընթացքում կողմերը կարևորել են պարբերական խորհրդակցությունների և աշխատանքների իրականացումը նորարարարության, գյուղատնտեսության, փոքր ջրամբարների, ներդրումների խթանման բնագավառում։  Այս տեսանկյունից  Վահան Քերոբյանը կարևորել է ՄԱԿ-ի Առևտրի և զարգացման համաժողովի (UNCTAD) կողմից Investment Policy Review զեկույցի պատրաստումը և  առաջարկությունների մշակումը։

Նախարարը տեղեկացրել է նաև գյուղական վայրերում ոչ գյուղատնտեսական աշխատատեղերի ստեղծման նախաձեռնության մասին, ինչը հնարավորություն կընձեռի գյուղական համայնքների բնակիչներին աշխատելու նաև զբոսաշրջության, թեթև արդյունաբերության և այլ ոլորտներում։

Էկոնոմիկայի նախարարը խոսել է Երևանը տարածաշրջանային բարձր տեխնոլոգիաների կենտրոն դարձնելու հավակնոտ գաղափարի մասին՝ տեղեկացնելով, որ ներկայումս քննարկումներ են ընթանում համապատասխան ենթակառուցվածքներ ստեղծելու ուղղությամբ։ Վահան Քերոբյանը նաև ներկայացրեց Հայաստանում գործող ջրամբարների՝ այցելուների համար բաց լինելու գաղափարն, ինչը հնարավորություն կտա զարգացնելու ներքին զբոսաշրջությունը։

Դմիտրի Մարիյասինն անդրադարձել է eRegulations էլեկտրոնային հարթակին և առաջարկել շարունակել խորացնել աշխատանքները ներդրումների խթանման և զբոսաշրջության զարգացման համատեղ ծրագրերի իրականացման ուղղությամբ։

Հանդիպման ավարտին պայմանավորվածություն է ձեռք բերվել զբոսաշրջության և ներդրումների ոլորտի միջազգային փորձագետների հետ առանձին հանդիպումներ կազմակերպելու վերաբերյալ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter