HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Լիանա Սայադյան

Հանրային հեռարձակողի խորհրդի անդամի թափուր տեղի համալրման մրցույթ է հայտարարվել

Հանրային հեռարձակողի 5 հոգանոց խորհուրդը շուտով կհամալրվի եւս երկու անդամով։ Դա «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքի պահանջն է։ Ըստ 2020 թվականին ընդունված օրենքի՝ Հանրային հեռարձակողի խորհուրդը պետք է ունենա 7 անդամ՝ Խորհրդի նախագահ եւ 6 անդամ։ Խորհուրդը ներկայում ղեկավարում է Արա Շիրինյանը, իսկ 4 անդամներն են՝ Ստեփան Զաքարյան, Նարա Շլեպչյան, Մերուժան Տեր-Գուլանյան, Լեւոն Գալստյան։

Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը (ՀՌՀ) փետրվարի 6-ին հայտարարել է Հանրային հեռարձակողի խորհրդի անդամի թափուր տեղի համալրման մրցույթի դիմումներն ընդունելու մասին։ Խորհրդի անդամ կարող են լինել Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող, հայերենին տիրապետող և բարձրագույն կրթություն ունեցող, տեսալսողական բնագավառի, ինչպես նաև գիտության, կրթության, մշակույթի և լրագրության ոլորտի գործիչներ:

«Տեսալսողական մեդիայի մասին» նոր օրենքի համաձայն՝ Խորհրդի անդամները նշանակվում են մրցութային կարգով վարչապետի կողմից՝ 6 տարի ժամկետով: Խորհրդի անդամները վարձատրվում են։

Հունվարի 29-ին ՀՌՀ-ն հաստատել էր ժամանակավոր մրցութային հանձնաժողովի կազմը, որը պետք է ընտրի Հանրային հեռարձակողի խորհրդի նոր անդամներին՝ լրագրող, արվեստի քննադատ Նունե Հախվերդյան, ազգաբան, Հնագիտության եւ ազգագրության ինստիտուտի գիտաշխատող Աղասի Թադեւոսյան, ռեժիսոր Վահե Գևորգյանց, ռեժիսոր Արամ Սուքիասյան, մեդիա հետազոտող Սամվել Մարտիրոսյան: Հանձնաժողովը մրցույթի հաղթողներին կհայտարարի փետրվարի 26-ին:

Հիշեցնենք, որ Հանրային հեռարձակողի խորհուրդը (նախկինում՝ Հանրային հեռուստառադիոընկերության խորհուրդ) «Հայաստանի հանրային հեռուստաընկերություն», «Հայաստանի հանրային ռադիոընկերություն» և «Հոգևոր-մշակութային հանրային հեռուստաընկերություն» փակ բաժնետիրական ընկերությունների կառավարման մարմինն է:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter