HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Քննչական կոմիտեն ամփոփել է 2020 թ. գործունեությունը

Քննչական կոմիտեում փետրվարի 8-ին տեղի է ունեցել կոլեգիայի ընդլայնված նիստ, որը վարել է ՔԿ նախագահ Հայկ Գրիգորյանը: 

Քննարկվել և ամփոփվել են 2020 թվականին կատարված աշխատանքների արդյունքները, վերլուծվել հանցավորության վիճակը, շարժընթացը, բացահայտումների ուղղությամբ կատարված աշխատանքները, ձեռքբերումներն ու թերացումները։ 

ՔԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը մանրամասներ է ներկայացրել կոլեգիայի նիստից, որը հրապարակում ենք ստորեւ։

«Արձանագրվել է, որ Քննչական Կոմիտեի գործունեության վրա զգալի բացասական ներգործություն են ունեցել Covid-19 համավարակով պայմանավորված սահմանափակումները, ինչպես նաև՝ Ադրբեջանի Հանրապետության կողմից Արցախի Հանրապետության դեմ սանձազերծած պատերազմը, որին մասնակցություն է ունեցել ՀՀ քննչական կոմիտեի 180 ծառայող: Չնայած այս ամենին, 2020թ. ընթացքում ՀՀ քննչական կոմիտեի մինչդատական վարույթ իրականացնող մարմիններն ու ստորաբաժանումներն աշխատել են գերծանրաբեռնված:      

Հայաստանի Հանրապետությունում նախաքննություն կատարելու իրավասությամբ օժտված քննչական մարմինների վարույթներում քննված քրեական գործերից 32.483-ը կամ շուրջ 94.3%-ը քննվել է Քննչական կոմիտեի վարույթում: Քրեական գործերով յուրաքանչյուր քննիչի միջին ծանրաբեռնվածությունը կազմել է 69 քրեական գործ:

Նշված ժամանակահատվածում  մեղադրական եզրակացությամբ և բժշկական բնույթի հարկադրական միջոցներ կիրառելու որոշմամբ դատարան է ուղարկվել 3.637 քրեական գործ՝  4.319  անձի նկատմամբ, (2019թ.՝ 3.261 քրեական գործ  4.016 անձի նկատմամբ), 7.433 քրեական գործի վարույթ կարճվել է :

2020թ. նախաքննությունն ավարտված քրեական գործերով և ոչ արդարացման հիմքով մերժված նյութերով պետությանը պատճառված 2.790.056.050 ՀՀ դրամ գույքային վնասից նախաքննության փուլում վերականգնվել է 1.024.805.677 ՀՀ դրամը, իրավաբանական անձանց պատճառված 4.912.217.865 ՀՀ դրամ վնասից՝ 78.777.741 ՀՀ դրամը, ֆիզիկական անձանց պատճառված 1.805.644.081 ՀՀ դրամ վնասից՝ 634.227.058 ՀՀ դրամը:

Ներկայացվել են ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում քննվող և ավարտված հասարակական հնչեղություն ունեցող քրեական գործերը:
Ադրբեջանի Հանրապետության ռազմաքաղաքական ղեկավարության կողմից 2020 թվականի սեպտեմբերի 27-ից արցախաադրբեջանական շփման գծի ողջ երկայնքով Արցախի Հանրապետության դեմ ագրեսիվ պատերազմ սանձազերծելու և վարելու, ռազմական գործողությունների ընթացքում նախապես հավաքագրված վարձկաններ օգտագործելու, պատերազմ վարելու արգելված մեթոդներ և միջոցներ կիրառելու, քաղաքացիական բնակիչներին զինծառայողներից չտարբերակելու և Արցախի Հանրապետության խաղաղ բնակավայրերի քաղաքացիական բնակչությանը համակարգված, կանխամտածված և նպատակաուղղված գրոհների թիրախ դարձնելու,  մասնավորապես՝ խորը թիկունքում գտնվող քաղաքացիական բնակչությանը և քաղաքացիական օբյեկտները ոչ ընտրովի հարձակման օբյեկտներ դարձնելու և հրետակոծելու, միջազգային մարդասիրական իրավունքի նորմերի լուրջ խախտումներ համարվող արարքներ կատարելու փաստերի առթիվ ՀՀ Քննչական կոմիտեի քրեագիտական վարչությունում, Զինվորական քննչական գլխավոր վարչության և Կոմիտեի տարածքային ստորաբաժանումներում առ այսօր հարուցվել է 82 քրեական գործ, որոնք հիմնականում միավորվել են մեկ վարույթում։

Քննչական կոմիտեի նախագահի որոշմամբ ստեղծվել է քննչական խումբ, որի կողմից նախաքննության առաջին իսկ օրերից Արցախի Հանրապետությունում իրականացվել և շարունակվում են իրականացվել  մեծածավալ քննչական և դատավարական գործողություններ։
Քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանը կոնկրետ հանձնարարականներ է տվել՝ նախաքննության որակը, քննության ժամկետները բարելավելու, Քննչական կոմիտեի առանձին ստորաբաժանումների գործունեության արդյունավետությունը բարձրացնելու ուղղությամբ:

Ներկայացվել են նաև ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի կողմից կատարված աշխատանքները, վերլուծվել ձեռքբերումներն ու թերացումները: Նշվել է նաև, որ ՀՀ քննչական կոմիտեին 2020թ. ՀՀ պետական բյուջեով հատկացված (7,748 մլրդ դրամ) գումարից տարեվերջի կտրվածքով տնտեսվել է շուրջ 280 մլն դրամ, որն ուղղվել է ՀՀ պետական բյուջե:

Քննչական Կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանը դեպարտամենտի ղեկավարությանը ևս հանձնարարել է ձեռնարկել համապատասխան միջոցառումներ՝ դեպարտամենտի գործունեությունն առավել արդյունավետ դարձնելու ուղղությամբ»,- ասված է ՔԿ տարածած հաղորդագրության մեջ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter