HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

ԵՄ-ՌԴ դիվանագիտական նոր լարվածություն. Ռուսաստանի նկատմամբ նոր պատժամիջոցներ կարող են կիրառվել

Եվրամիության արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Ժոզեֆ Բորելը, պատասխանելով Մոսկվա կատարած այցի արդյունքների վերաբերյալ խիստ քննադատությանը, հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ նշել է, որ Ռուսաստանը չի ցանկանում երկխոսել, և ԵՄ-ն պետք է մտածի պատասխանի մասին, այդ թվում՝ պատժամիջոցների։ Այդ մասին գրում է BBC-ն։ 

«Մամլո ասուլիսի ագրեսիվ դրամատուրգիան և այցի ժամանակ ԵՄ երեք դիվանագետների արտաքսումը ցույց են տալիս, որ ռուսական իշխանությունները չեն ցանկացել օգտագործել այս հնարավորությունը՝ ԵՄ-ի հետ առավել կառուցողական երկխոսության համար։ Եվրամիությունում մենք ստիպված պետք է լինենք եզրահանգումներ անել, մանրակրկիտ մտածել Ռուսաստանի հետ մեր հարաբերությունների ուղղության մասին և շարժվենք առաջ՝ համաձայնեցված և հաստատակամ»,- իր պաշտոնական բլոգում գրել է ԵՄ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Ժոզեֆ Բորելը։ 

Ժոզեֆ Բորելը Մոսկվա էր այցելել փետրվարի 4-6-ը, որպեսզի քննարկի Ալեքսեյ Նավալնիի գործը և ԵՄ-ՌԴ հարաբերությունները։ Գրառումը բլոգում հայտնվել էր փետրվարի 7-ի երեկոյան, այն բանից հետո, երբ եվրոպացի բազմաթիվ քաղաքական գործիչներ, դիվանագետներ և վերլուծաբաններ այցի արդյունքներն անվանել էին եվրոպական դիվանագիտության աղետ, ձախողում և նվաստացում։ «Իմ հանդիպումը ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ և իմ այցի ժամանակ ռուսական իշխանություններից ստացվող ազդակները հաստատել են, որ Եվրոպան և Ռուսաստանը տարբեր ուղղություններով են լողում։ Թվում է, թե Ռուսաստանն ավելի ու ավելի է տարանջատում իրեն Եվրոպայից և ժողովրդավարական արժեքները դիտարկում որպես էքզիստենցիալ սպառնալիք»,- գրել է Բորելը։

Ի պատասխան՝ Ռուսաստանի ԱԳՆ-ն հայտարարել է, որ «զարմացած է» Բորելի եզրահանգումներից, քանի որ Մոսկվայում կայացած մամլո ասուլիսի ժամանակ նա այդպիսի բան չի ասել։ «Հնարավոր է, որ Բրյուսել ժամանելուն պես եվրոպական դիվանագիտության ղեկավարին բացատրել են, թե ինչպես պետք է շեշտադրումներ արվեին, սակայն դա միայն հաստատում է, թե ում կողմից է իրականում ձևավորվում ԵՄ քաղաքականությունը»,- հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ-ն՝ չմեկնաբանելով, թե ում նկատի ունի։ 

ԵՄ քաղաքականությունը ձևավորվում է Եվրոպական խորհրդի կողմից, այսինքն՝ նախարարների խորհրդի և ԵՄ անդամ պետությունների ու կառավարությունների ղեկավարների գագաթնաժողովի, որի մասին իր բլոգում հիշեցրել է նաև Ժոզեֆ Բորելը։ «Մենք այդ հարցերը կքննարկենք ԵՄ արտաքին գործերի նախարարների հետ։ Ինչպես միշտ, հետագա քայլերի վերաբերյալ որոշումը կընդունեն Միության անդամ երկրները և, այո՛, այդ քայլերը կարող են ներառել նաև պատժամիջոցներ»,- գրել է Բորելը։ 

ԵՄ արտաքին գործերի նախարարների հաջորդ հանդիպումը, որի ընթացքում կքննարկվի նաև Ռուսաստանի հարցը, նշանակված է 2021 թվականի փետրվարի 22-ին։ Ռուսաստանի հարցը մանրամասն կքննարկվի նաև ԵՄ անդամ պետությունների ու կառավարությունների ղեկավարների գագաթնաժողովի ժամանակ, որը կկայանա 2021 թվականի մարտի 25-26-ը։

Լուսանկարը՝ ՌԴ ԱԳՆ մամուլի ծառայության

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter