
ԱԺ հերթական նիստը մեկնարկեց ոչ հրատապ համարվող նախագծերի մասին դժգոհությամբ
Ազգային ժողովի հերթական քառօրյան մեկնարկեց օրակարգի վերաբերյալ ընդդիմության դժգոհությամբ: «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանը դժգոհեց, որ օրակարգի 16 հարցերից գոնե մեկը կարող էր երկրի առջև ծառացած մարտահրավերներին վերաբերել:
Պատգամավորի խոսքով` թե՛ Դատական օրենսգիրքը, թե՛ Կրթության մասին օրենքը կարևոր են, սակայն հարկավոր է ադեկվատ օրենսդրական նախաձեռնություն, որը կոնկրետ խնդիր կլուծեր:
«Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցն արձագանքեց` մեկ շաբաթ առաջ արտահերթ նիստ էր հրավիրված, և ընդդիմությունը կրկին ասում էր, թե նախագծերը հրատապ չեն, սակայն դրանցից մեկը սոցիալական ոլորտին էր վերաբերվում:
Մակունցը նաև կարևորեց, որ ընդդիմությունը հրատապ համարվող նախագծերով հանդես գա, վստահեցնելով, որ իրենք կողջունեն: Ըստ նրա` որևէ ինստիտուտ պարապուրդի չպետք է մատնվի, հատկապես այն պարագայում, որ վճարվում են պետական բյուջեից:
Տարոն Սիմոնյանը հակադարձեց` իր հեղինակած բոլոր նախագծերը իշխանությունը մերժել է, վերջինս է որոշում, թե ինչ նախագծեր ընդունվեն, որոնք` մերժվեն:
«Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն էլ ընդգծեց` այս օրակարգին դեմ են քվեարկելու: Երկար քննարկումներից հետո օրակարգը հաստատվեց:
Մեկնաբանել