HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Հերգնյան

Բուքմեյքերների հասույթը 2020-ին կրճատվել է 5%-ով, խաղատներինը՝ 83.9%-ով

Հայաստանում տեղի ունեցող քաղաքական ու տնտեսական իրադարձությունները 2020 թվականին փոքր ազդեցություն են թողել բուքմեյքերական ընկերությունների աշխատանքի վրա: Այդ շուկայի հասույթը կրճատվել է 5%-ով: Մինչդեռ խաղատների հասույթը կրճատվել է 83.9%-ով:

Հայաստանում գործող բուքմեյքերական ընկերություններն ու խաղատները վերջին առնվազն 5 տարիներին, բացառությամբ 2020 թվականի, մեծ թափով ընդլայնվել են: Խաղամոլության տարածումը հանգեցրել է բուքմեյքերական ընկերությունների ու խաղատների հասույթի տարեցտարի աճին: Բացվել են նոր գրասենյակներ ու մասնաճյուղեր: Արդյունքում խաղերի այս ոլորտը դարձել է ծառայությունների առաջատար ճյուղերից մեկը: Սակայն, 2020 թվականին միտումները փոխվել են:

Բուքմեյքերների հասույթը կրճատվել է 5%-ով

2020 թվականին Հայաստանի տնտեսությունը շոկի ենթարկած կորոնավիրուսը՝ ՔՈՎԻԴ-19-ն, ու պատերազմն ազդել են տնտեսության գրեթե բոլոր ոլորտների վրա: Սակայն, առանձնացել են ոլորտներ, որոնց վրա ազդեցությունն ավելի մեղմ է եղել:

Չնայած ընդհանուր ծառայությունների ոլորտը մեծապես տուժել է 2020 թվականին, սակայն երբ առանձին դիտարկում ենք ըստ ենթաոլորտների, տեսնում ենք, որ բուքմեյքերական գործն այն եզակիներից է, որը համեմատաբար քիչ է տուժել: Այլ խոսքով ասած՝ իրավիճակն այն չափով չի ազդել բուքմեյքերական ընկերությունների աշխատանքի վրա, ինչպես ընդհանուր ծառայությունների:

Ըստ Վիճակագրական ծառայության տվյալների (ՀՀ ՎԿ)՝ 2020 թվականին ծառայությունների ծավալը Հայաստանում կազմել է 1 տրլն 708 մլրդ դրամ, որը 2019 թվականի համեմատ նվազել է 14.7 %-ով: Եվ մասնավորապես բուքմեյքերական ընկերությունների հասույթը, որոնք զբաղվում են վիճակախաղերի ու վիրտուալ մոլախաղերի կազմակերպմամբ, կազմել է մոտ 321 մլրդ դրամ՝ նվազելով 5%-ով: Ծառայությունների ոլորտի ամբողջ ծավալի 18.8%-ն ապահովել են միայն բուքմեյքերական ընկերությունները: Սա բավականին էական մաս է ծառայությունների ոլորտում՝ հաշվի առնելով, որ այս ցուցանիշով բումեյքերները զիջում են միայն ֆինանսական ոլորտին:

Ի դեպ, թե՛ բուքմեյքերական գործը, թե՛ խաղատների կազմակերպումը պաշտոնական վիճակագրությունը ներառում է մշակույթ, զվարճություններ և հանգիստ ենթաոլորտի ներքո: Այստեղ են նաև արվեստի և մշակութային կազմակերպությունները:

Գրաֆիկում առավել պատկերավոր ներկայացված է նշված ոլորտի կառուցվածքը, ինչպես նաև՝ հասույթի անկումը 2019 թվականի համեմատ: Այստեղ կարելի է տեսնել, որ բուքմեյքերական ընկերությունների ծավալներն անհամեմատ ավելի մեծ են խաղատներից և մյուս ենթաոլորտներից: 

Խաղատների հասույթը կրճատվել է 83.9%-ով

Բուքմեյքերական ընկերություններն, ինչպես տեսնում ենք, համեմատաբար քիչ են տուժել նախորդ տարի: Ինչ վերաբերում է խաղատներին, ապա այստեղ իրավիճակն այլ է: Դեռևս կորոնավիրուսի տարածման առաջին ամիսներին՝ մարտից սկսած, մի շարք այլ տնտեսական գործունեությունների հետ մեկտեղ երկրում արգելվեց նաև խաղատների գործունեությունը: Ու քանի որ խաղատներն, ի տարբերություն բուքմեյքերական ընկերությունների, օնլայն տիրույթից հասույթ չէին ստանում, արգելքը միանգամից ազդեց ոլորտի վրա:

Հետագայում էլ՝ հուլիսին, հայտնի դարձավ, որ պետական տուրքը չվճարելու համար խաղատան կազմակերպման լիցենզիայից զրկվել է ամենախոշոր և Երևանին ամենամոտ գտնվող խաղատունը՝ «Շանգրի Լա Երևանը», որի շահագործողը «Օնիրա քլաբ» ՍՊԸ-ն է: Ընկերությունը պատկանում է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի ընտանիքին: Այս ընկերությունը խաղատան լիցենզիան ստացել էր դեռևս 2014 թվականի հունվարին:

Այս իրավիճակը, բնականաբար, չէր կարող չարտացոլվել նաև վիճակագրության մեջ:

Ի դեպ, ինչպես տեղեկանում ենք Ֆինանսների նախարարությունից, այս պահին խաղատան լիցեզիա ունի երկու ընկերություն («Ռոյալ Սիգնաչր» ՍՊԸ, «Կոբալտ Գրուպ» ՍՊԸ ), որոնք երկուսն էլ խաղատուն են շահագործում Ծաղկաձորում: Սակայն, ըստ էության, 2020 թվականի ամբողջ ընթացքում խաղատները չեն գործել՝ բացառությամբ առաջին երկու ամիսների:

Սպասվում է, որ այս տարի ևս խաղատների հասույթը կշարունակի կրճատվել, քանի որ «Շանգրի Լա Երևանը» դեռևս չի գործում, չունի լիցենզիա: Մինչդեռ բուքմեյքերական խաղերի տարածումը շարունակվում է, և անգամ բուքմեյքերական գրասենյակների փակ լինելը չի կարող խոչընդոտել խաղամոլությանը, քանի որ օնլայն հարթակում կազմակերպվող խաղերը չեն դադարում: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter