HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Հայաստան» համահայկական հիմնադրամի Արգենտինայի տեղական մարմնի հովանավորությամբ Դիտավան համայնքը նոր դպրոց կունենա

Արգենտինաբնակ բարերարներ Արմեն եւ Նատիա Էքսերճիէաններն այս անգամ ձեռնամուխ են եղել Տավուշի մարզի Դիտավան գյուղի դպրոցի կառուցմանը: Սա նրանց  հովանավորությամբ «Հայաստան» հիմնադրամի կողմից իրականացվող չորրորդ ծրագիրն է համայնքում:

Գործող դպրոցը 1950-ականների փայտե շինություն է: Աշակերտների թվի ավելացմանը զուգընթաց, ժամանակի ընթացքում շինությանը կից տեղադրվել են մետաղական տնակներ, որոնք ընդամենը տարածքի խնդիր են լուծել: «Ձմռանը ցուրտ, ամռանը շոգ, այս պայմաններում դժվար է  երեխաների ուշադրությունը դասերին ուղղել»,- ասում է դպրոցի տնօրեն Արմեն Հախվերդյանը: «Նոր դպրոցը մեծ ձեռքբերում է համայնքի համար. բազմաթիվ խնդիրներ կմնան հետեւում»,- ավելացնում է նա:

Երկհարկանի նորակառույցն իր հարկի տակ կարող է ընդունել շուրջ 60 աշակերտի: Դպրոցը կունենա ամբողջական կահավորում` ներառյալ համակարգչային դասասենյակ: Տեղադրվել են ջեռուցման եւ օդափոխության համակարգերը: Ներքին հարդարման աշխատանքների ավարտից հետո` սեպտեմբերին, գյուղի ավելի քան 40 աշակերտները նոր ուսումնական տարին կսկսեն նորակառույց դպրոցում:

«Էքսերճիէան ամուսինները մեծ ներդրում ունեն սահմանամերձ մարզի այս գյուղում: Ուրախ ենք, որ նրանք ժամանակ են հատկացնում եւ անձամբ ներկա են գտնվում Դիտավանում մեկը մյուսին հաջորդող ծրագրերի բացմանը եւ ականատես լինում, թե ինչպես է կյանքը փոխվում համայնքում: Նրանց շնորհիվ է, որ գյուղն այսօր ունի խմելու ջուր, գազ, համայնքային կենտրոն»,- ասում է Հիմնադրամի գործադիր տնօրեն Արա Վարդանյանը:

Էքսերճիէան ամուսիններին Դիտավանի «Պատվավոր գյուղացի» կոչման շնորհումը եւ Դիտավանի հրապարակի վերանվանումը բարերար ընտանիքի անունով համայնքի գնահատանքի դրսեւորումն է: 

«Հայաստան» համահայկական հիմնադրամ

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter