HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

Բուհերի ֆինանսավորման և կառավարման խորհրդի կազմավորումը վերանայվում է

Խորհրդարանի հերթական նիստում քննարկվում է «Բարձրագույն կրթության և գիտության մասին» և կից ներկայացված օրենքներում փոփոխություններ կատարելու նախագծերի փաթեթը: Այն ներկայացրեց Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի (ԿԳՄՍ) նախարար Վահրամ Դումանյանը, որի խոսքով նախագիծն արտացոլում է բարձրագույն կրթության և գիտության միջազգայնացմանն ուղղված ներկա միտումները: Ըստ նախարարի` օրինագծի հիմնական նպատակն է բարձրագույն կրթության և գիտության ոլորտում իրավահավասարության ապահովումը, խտրականության բացառումը, թափանցիկության և հրապարակայնության, բուհերի և գիտական կազմակերպությունների ինքնավարության ապահովումը:

Փոփոխություններով անցում է կատարվելու բարձրագույն կրթության որակավորումների եռաստիճան համակարգի` բակալավր, մագիստրոս, դոկտոր: Գործող համակարգը նախատեսում է երկաստիճան` բակալավր, մագիստրոս որակավորումների համակարգ, ասպիրանտական ծրագիրը համարվում է հետբուհական: Նախարարի խոսքով` ԵՄ անդամ երկրներում ասպիրանտական ծրագիրը ներդրված է որպես բարձրագույն կրթության երրորդ աստիճան: Փոփոխություններից է նաև այն, որ երկու և ավելի բուհեր կարող են համատեղ մշակել և իրականացնել կրթական ծրագրեր և շնորհել բարձրագույն կրթության որակավորում:

«Անկախ բուհերի կազմակերպաիրավական ձևից և կարգավիճակից` բակալավրի որակավորման աստիճանի ցանկացած կրթական ծրագրով ՀՀ քաղաքացիների համար բուհի ընդունելության համար հայոց լեզվի առարկայի քննությունը պարտադիր է»,- ասաց նախարարը:

ԿԳՄՍ նախարարի խոսքով` թե՛ բուհերի ֆինանսավորման, թե՛ կառավարման մոդելում նոր մոտեցում է առաջարկվում, կառավարման խորհուրդը բաղկացած է լինելու է 9 հոգուց, որոնցից չորսին ընտրում է համալսարանի ակադեմիական խորհուրդն ու դասախոսաուսանողական համակազմը, ինչպես նաև բուհի հետ համագործացող գործատուները: Հինգ անձին նշանակում է լիազոր մարմնի ղեկավարը` ԿԳՄՍ նախարարությունը, գործարար շրջանակներից: Հանրային բուհի ռեկտորի ընտրության նոր մեխանիզմ է առաջարկվում, ռեկտորն ընտրվում է կառավարման խորհրդի կողմից` ընտրանքային կարգով: Բուհի ղեկավար պաշտոն զբաղեցողն անձը չի կարող լինել որևէ քաղաքական մարմնի ղեկավար անդամ:

Ինչ վերաբերում է բուհերի ֆինանսավորմանը, ապա նախարարի խոսքով` ոչ թե բուհերին ֆիքսված պետպատվեր է տրամադրվելու, այլ դրամաշնորհի շրջանակում այլ աջակցությունը տրվելու է բուհ ընդունված անձին, ընդունվելուց հետո ինքն է որոշելու, թե տվյալ մասնագիտությունը որ բուհում ստանա:

«Ոչ թե տեղերն ենք վերցնում, այլ անձը պետք է գնա բուհ, սովորողն ինքը կորոշի՝ տվյալ մասնագիտությամբ որ բուհում կսովորի»,-ասաց նախարարը:

Նրա խոսքով` գործընթացը կարգավորվելու է մրցույթով, յուրաքանչյուր բուհի ֆիլտրման միջոցով ընտրելու է իր համար լավագույն ուսանողներին:

«Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանն անդրադարձավ բուհերի կառավարման խորհրդի առաջարկվող 9 հոգանոց կազմին` հետաքրքրվելով, ինչու է այդ թիվը որոշվել: Նախարարն արձագանքեց` թվաքանակը բարդ է հստակ հիմնավորել, թե ինչու այդքան, ինչպես բարդ է գիտականորեն հիմնավորել` ինչու պատգամավորների թիվը պետք է լինի 132:

Փոփոխություններով առաջարկվում է Երևանի պետական համալսարանին (ԵՊՀ) օրենքով տալ հատուկ կարգավիճակ: «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյանը հետաքրքրվեց, թե ինչ առանձնահատկություն ունի ԵՊՀ-ն մյուս բուհերի համեմատ, որ ֆինանսավորման առանձին կարգ ունենա:

Նախարարն արձագանքեց` աշխարհի բոլոր առաջադեմ բուհերն ավանդույթների պատմություն ունեն, իսկ այն, որ ԵՊՀ-ն հանրության շրջանում «Մայր բուհ» անվանումն ունի, ամենևին էլ պատահական չէ:

«Կարծում եմ` կարիք չկա հիմնավորել, որ ԵՊՀ-ն մեր բուհական համակարգի լոկոմոտիվն է, և՛ մայրն է, և՛ հայրն է, և՛ բազմաթիվ բուհեր ուղղակի ծնունդ են առել, և հենց հիմա իրենց առաջադեմ դասախոսներով շարժվում են դեպի առաջ, իսկ դասախոսներից շատերը ուսանել են ԵՊՀ-ում, ապա` աշխատել: Պետք չէ այսօրվա իրավիճակով դիտարկել ԵՊՀ-ն, այն ավելի քան 100 տարեկան է»,- ասաց Դումանյանը:

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանն էլ հետաքրքրվեց, թե Գիտությունների ազգային ակադեմիայի կարգավիճակն ինչ է լինելու, ինչպես նաև ֆինանսավորումն ինչպես է կարգավորվելու:

ԿԳՄՍ նախարարը պատասխանեց` ինստիտուտները ստանալու են առավել ինքնուրույնություն, խորհրդի ութ հոգանոց կազմից չորսին գիտխորհուրդն է առաջադրելու, մեկը լինելու է նախագահությունից, երեքին` լիազոր մարմինն է առաջադրում: Ինչ վերաբերում է ֆինանսավորմանը, ապա այն ուղղվելու է հենց ինստիտուտին, նախագահությունը լինելու է, սակայն վարչարարական ու ֆինանսավորման հարցերին չի առնչվելու:

Լուսանկարում՝ ԵՊՀ կենտրոնական մասնաշենքը

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter