HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

Հրայր Թովմասյան․ «Ինձ ասում են՝ Դուք ճիշտ չեք հասկացել, թե ինչ եք գրել»

Սահմանադրական դատարանի դատավոր Հրայր Թովմասյանի պաշտպանները նրա նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու միջնորդություն են ներկայացրել։

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում միջնորդության քննությունն այս շաբաթ ընդմիջվել է և կշարունակվի փետրվարի 15-ին։ Հրայր Թովմասյանը դատարանից պահանջել է նիստի արձանագրությունը, որպեսզի կարողանա իրենց միջնորդության վերաբերյալ դատախազների հայտնած դիրքորոշումը վերծանել։ Խնդիրն այն է, որ ըստ պաշտպանական կողմի՝ մեղադրողներն իրենց բարձրացրած հարցերի վերաբերյալ դիրքորոշում չեն հայտնել, նրանք ընթերցել են նախօրոք պատրաստած, նախորդ նիստերին ասված մի տեքստ։ Իսկ դատախազներն ասում են, որ դատարանում քննարկված հարցերը՝ չնչին բացառություններով, մինչև դատավոր Տաթևիկ Գրիգորյանի վարույթում բուն գործի քննությունն արդեն իսկ քննարկման առարկա են դարձել։

Մի քանի ժամ տևած դատական նիստի ընթացքում քննարկման առարկա դարձած հիմնական հարցը Հրայր Թովմասյանի անձեռնմխելիության վերաբերյալ էր։

Դատախազությունը համարում է, որ Թովմասյանի անձեռնմխելությունը հաղթահարելու խնդիր չի եղել նրա նկատմամբ քրեական հետապնդում սկսելիս, իսկ պաշտպանական կողմը բարձրաձայնում է այն մասին, որ առանց Թովմասյանի անձեռնմխելության արգելքը հաղթահարելու՝ առանց Սահմանադրական դատարանի համաձայնության, նրա նկատմամբ քրեական հետապնդում չէր կարող սկսվել, ուստի դրան հաջորդած բոլոր պրոցեսներն անօրինական են։

Նշենք, որ Հրայր Թովմասյանը Սահմանադրական դատարանի անդամ է նշանակվել, երբ գործել է 2005 թվականի փոփոխություններով Սահմանադրությունը, որը սահմանադրական դատարանի նախագահի և անդամի համար նախատեսում է ընդհանուր անձեռնմխելիություն։ 2015 թվականի փոփոխություններով Սահմանադրությունը սահմանադրական դատարանի անդամի համար նախատեսում է միայն գործառութային անձեռնմխելիություն։

Թովմասյանի պաշտպաններից Ամրամ Մակինյանը նրա նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու միջնորդությունը ներկայացնելիս դիրքորոշում հայտնեց, որ անկախ այն հանգամանքից՝ Հրայր Թովմասյանն օժտված է 2005 թվականի, թե 2015 թվականի փոփոխություններով սահմանադրությամբ սահմանադրական դատարանի անդամի համար սահմանված անձեռնմխելիության ծավալով՝ գլխավոր դատախազը Սահմանադրական դատարանի նախագահի պաշտոնը զբաղեցնող Հրայր Թովմասյանի նկատմամբ 2019-ի դեկտեմբերին չէր կարող հարուցվել քրեական հետապնդում՝ առանց Սահմանադրական դատարանի համաձայնության։

Հրայր Թովմասյանին, հիշեցնենք, վերագրվում է պաշտոնեական լիազորությունները չարաշահելու արարք, որը կապված է նրա՝ Արդարադատության նախարար եղած ժամանակահատվածի հետ։ Նա Սահմանադրական դատարանի անդամ է նշանակվել 2018-ի մարտին։ Ըստ Ամրամ Մակինյանի՝ նման պայմաններում ակնհայտ է, որ Թովմասյանի նկատմամբ քրեական հետապնդման պահին կիրառելի է եղել ընդհանուր անձեռմխելությունը։ Բացի այդ՝ 2015 թվականի խմբագրությամբ Սահմանադրությունն, ըստ պաշտպանի, վատթարացրել է Հրայր Թովմասյանի իրավական կարգավիճակը, և չի կարող որևէ կերպ հետադարձ ուժ ունենալ։

Ըստ պաշտպանի՝ Սահմանադրական դատարանի դատավորի ընդհանուր անձեռնմխելիությունը հետադարձ ուժով վերացնելը թե՛ իր բնույթով, թե՛ կիրառման հետևանքներով նույնական է պատասխանատվություն սահմանող օրենքին հետադարձ ուժ տալու հետ։

Մակինյանի խոսքով՝ 2019-ի դեկտեմբերին Հրայր Թովմասյանին մեղադրանք առաջադրելու վերաբերյալ հաղորդագրության մեջ Դատախազությունը Հրայր Թովմասյանի անձեռնամխելիության ծավալը 2015 թվականի Սահմանադրությամբ սահմանված կանոններով կարգավորվելու հանգամանքը փորձել է հիմնավորել Քրեական դատավարության օրենսգրքի 4-րդ հոդվածով, որը սահմանում է՝ «քրեական գործերով վարույթը կարգավորվում է քրեական դատավարական այն օրենքով, որը գործում է համապատասխանաբար հետաքննության, նախաքննության կամ գործը դատարանում քննելու ժամանակ»։

Պաշտպանն ասում է՝ որպեսզի ՀՀ քրեական դատավարության վերը նշված հոդվածը կիրառելի լինի Սահմանադրական դատարանի դատավորի անձեռնմխելիության ծավալի նկատմամբ, այդ անձեռնմխելիության ծավալը կարգավորող նորմը պետք է լինի քրեադատավարական օրենք, մինչդեռ ինչպես 2005 թվականի փոփոխություններով Սահմանադրությամբ, այնպես էլ 2015 թվականի փոփոխություններով Սահմանադրությամբ սահմանված Սահմանադրական դատարանի դատավորի անձեռնմխելիությունը չի կարող որևէ դեպքում համարվել քրեադատավարական օրենք, այն սահմանադրական նորմ է, որն ավելի բարձր իրավաբանական ուժ ունի։

Պաշտպանների պնդմամբ՝ Հրայր Թովմասյանի նկատմամբ քրեական հետապնդումը պետք է դադարեցնել՝ առանց դատաքննություն սկսելու

Գործով որպես Հրայր Թովմասյանի պաշտպան ներգրավվելու համար դատարան էր ներկայացել նաև փաստաբան Արամ Օրբելյանը։ Վերջինս նույնպես Թովմասյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու միջնորդություն ներկայացրեց և պնդեց, որ դատարանը դա պետք է անի հենց այս փուլում՝ առանց դատաքննություն սկսելու։ Օրբելյանը նաև նշեց, որ այս միջնորդությունը ենթակա չէ հետաձգման։

Պաշտպանի խոսքով՝ քրեական գործի վարույթը՝ Հրայր Թովմասյանին վերաբերող մասով ենթակա է կարճման, քրեական հետապնդումը՝ դադարեց­ման, քանի որ գործում բացակայում է Սահմանադրական դատա­րանի որոշումը՝ Հրայր Թովմասյանին որպես մեղադրյալ ներգրավե­լու մասին համաձայնություն տալու վերաբերյալ։ Նման դեպքում, ըստ պաշտպանի, Սահմանադրության ուժով քրեադատավարական գործընթացներ չէին կարող նախաձեռնվել, ուստի նախաձեռնված գործընթացները հակաիրավական են, դրանք  կատարվել են անշտկելի սխալներով, իսկ այդ անշտկելի սխալները պարզ են դատավարական այս փուլում, հետևաբար՝ դրանք չեն կարող հաստատել հանցակազմի առկայություն։

Օրբելյանը վկայակոչեց Քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածը, որը սահմանում է քրեական գործի վարույթը կամ քրեական հետապնդումը բացառող հանգամանքները և նշեց, որ Սահմանադրական դատարանն այս հոդվածում օրենսդրական բաց է արձանագրել պայմանավորված այն հանգամանքով, որ քրեական գործի վարույթը կամ քրեական հետապնդումը բացառող հանգամանքների թվում նախատեսված չէ սահմանադրության ուժով հատուկ պաշտպանու­թյամբ օժտված պաշտոնատար անձանց գործառութային անձեռնմխե­լիությունը։ ՍԴ-ն այս մասով Քրեական օրենսգրքի 35-րդ հոդվածը Սահմանադրության համապատասխան հոդվածներին հակասող և անվավեր է ճանաչել։

Օրբելյանը նաև նշեց, որ Հայաստանի Հանրապետության դատական իշխանությունը որդեգրել է այն մոտե­ցումը, որ երբ առերևույթ առկա են քրեական գործի վարույթը բացառող հիմքեր, դատա­րանը ոչ թե պետք է անցնի դատաքննության՝ այդպիսով ուսումնասիրելով քրեական գոր­ծում առկա ապացույցները և հանգեցնելով անձի իրավունքների խախտման շարունա­կականության, այլ պետք է կարճի գործի վարույթը և դադարեցնի քրեական հետա­պնդումը: Ընդ որում՝ այդ հիմքերի առկայությունը հաստատելու համար ամենևին պար­տադիր չէ ապացույցների ուսումնասիրություն, քանի որ դրանք ակնհայտ են և առերև­ույթ, ինչպես նաև դատավարական այդ փուլում արդեն իսկ հասանելի են դատարանին:

Անդրադառնալով արդեն իսկ քննարկման առարկա դարձած՝ օրենքի հետադարձության հարցին՝ Օրբելյանը դիտարկեց, որ Սահմանադրական դատարանի անդամի (դատավորին) տրվող երաշխիքն իր բնույթով սահմանադրաիրավական երաշխիք է, և հետադարձու­թյան հարցը պետք է քննարկվի ոչ թե Քրեական դատավարության նորմերի՝ ժամա­նակի մեջ գործողության կարգավորումների տեսակետից, այլ հենց Սահմանադրության նորմերի՝ ժամանակի մեջ գործողության տեսակետից:

Օրբելյանը նշեց, որ ցանկացած այնպիսի մեկնաբանություն, որը ենթադրում է գոր­ծող դատավորներին (ներառյալ ՍԴ անդամներին) տրամադրված երաշխիքների նվազեցում, չի բխում Սահմանադրությունից, հակասում է վերջինին և հակաիրավա­կան է։ Պաշտպանը նշեց նաև, որ դատավորների անկախության երաշխիքները չեն կարող նվազեցվել հետադարձության կարգով:

Մեջբերելով Վճռաբեկ դատարանի հայտնած իրավական դիրքորոշումներից մեկը՝ Օրբելյանն ասաց, որ դատա­վորի անձեռնմխելիությունը ոչ թե նշված պաշտոնը զբաղեցնող քաղաքացու անձնական, մասնավոր առավելությունն է, այլ՝ դատական իշխանության անկախության հանրային երաշխիք։

Օրբելյանն ընդգծեց նաև, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը պաշտպանում է ոչ միայն դատական իշխանության անկախության սկզբունքը՝ վերացական ձև­ով, այլև ցույց է տալիս դատավորի՝ այդ թվում որպես անձի (ոչ միայն հանրային իշխանության ներկայացուցչի) իրավունքից նահանջի անթույլատրելիություն՝ պայմանավոր­ված վերջիններիս կարգավիճակի առանձնահատկություններով:

Անձեռնմխելության՝ որպես դատավորի անկախության երաշխիքի մի շարք իրավական կարգավորումների և սկզբունքների հղում կատարելով՝ Օրբելյանը նշեց, որ եթե դատարանը, հակադրվելով իրենց կողմից ներկայացված փաստարկներին, մերժի միջնորդությունը և, այնուամենայնիվ, շարունակի քրեական հետապնդումը, գործի քննությունը Հրայր Թով­մասյանի նկատմամբ, կխաթարի ողջ դատական իշխանության անկախությունը, քանզի կստացվի, որ չնայած դատավորի անձեռնմխելիությունը ամրագրված և ճանաչված է մի շարք ներպետական կարգավորումներով և օրենսդրական համակարգի մաս կազ­մող միջազգային փաստաթղթերով՝ այնուամենայնիվ դրանք ուղենիշային նշանակու­թյուն չունեն իրավապահ համակարգի համար, և ցանկացած դատավոր ցանկացած պա­հի կարող է ենթարկվել քրեական պատասխանատվության:

Ինչպես հայտնի է, 2020 թվականի հունիսին Ազգային ժողովի շուրջ հինգ տասն­յակ պատգամավոր ներկայացրել է ՀՀ Սահմանադրության 213-րդ հոդվածի փոփոխության նախագիծ, որով ՍԴ մի քանի անդամի պաշտոնավարումը դադարեցվել է, իսկ Հրայր Թովմասյանը շարունակում է պաշտոնավարել որպես դատավոր։ Այս կարգավորումն ուժի մեջ է մտել 2020 թվականի հունիսի 22-ին։

Նախագծի հիմնավորումներում նշվել է, որ «Սահմանադրական դատարանի ճգնաժաﬕ առաջնային խնդիրը ﬕնչև 2015 թվականի փոփոխություններով Սահմանադրության 7-րդ գլխի ուժի մեջ մտնելը նշանակված Սահմանադրական դատարանի նախագահի, անդամների և դրանից հետո ընտրված և ընտրվելիք Սահմանադրական դատարանի դատավորների կարգավիճակների ակնհայտ տարբերությունն է։ Արամ Օրբելյանը նկատում է, որ փաստացի, օրենսդիրը համարել է, որ Սահմանադրական դատարանի այն անդամների նկատմամբ, ովքեր նշանակվել են նախքան 2018 թվականի ապրիլի 9-ը, այն է` Սահմանադրության 7-րդ գլխի ուժի մեջ մտնելն, ի տարբերություն դրանից հետո նշանակված ՍԴ դատավորների, շարունակել է կիրառվել 2005 թ. խմբագրությամբ Սահմանադրության երաշխիքները, հետևաբար Թովմասյանի նկատմամբ գործել է 2005-ի անձեռնմխելիության երաշխիքը: Դրանից բխում է, որ առնվազն Հրայր Թովմասյանին մեղադրանք առա­ջադրելու պահին վերջինս ունեցել է այսօր գոյություն ունեցող կարգավիճակից տարբեր­վող կարգավիճակ, և օրենսդիրն ինքն էլ ընդունել է այդ հանգամանքը։

Պաշտպան Միհրան Պողոսյանը դիրքորոշում հայտնեց, որ թեև Հրայր Թովմասյանին մեղադրանք է առաջադրվել 2019-ի դեկտեմբերին, նրա նկատմամբ քրեական հետապնդումը սկսվել է դեռևս նույն թվականի հոկտեմբերի 29-ին, երբ Քննչական կոմիտեն հաղորդագրություն է տարածել այն մասին, որ տվյալներ են ձեռք բերվել Հրայր Թովմասյանի կողմից պաշտոնեական լիազորություններն առերևույթ չարաշահելու վերաբերյալ։

Պողոսյանը նշեց, որ հաղորդագրությունը տարածելու օրվա դրությամբ այժմ գործով ամբաստանյալ Նորայր Փանոսյանը մեղադրյալի կարգավիճակ է ունեցել, և Հրայր Թովմասյանի կողմից ենթադրյալ արարք կատարելու հանգամանքն է հիմք հանդիսացել, որ Քննչական կոմիտեից գործը ուղարկվել է Հատուկ քննչական ծառայություն։ Պաշտպանն ասում է՝ նման պայմաններում, երբ քրեական հետապնդումը, փաստացի, սկսված է եղել, գլխավոր դատախազը մինչև Քննչական կոմիտեի հաղորդագրության տարածելն արդեն իսկ պետք է հաղթահարած լիներ Թովմասյանի անձեռնմխելիության արգելքը։

«Եթե ենթադրյալ հանցագործությունը բացահայտվեր մարտի 25-ին, այդ ժամանակ ինչ էր անելու դատախազությունը, արդյոք կրկին պնդելու էր, որ անձեռնմխելիության հաղթահարման հարց չկա, բնականաբար՝ ոչ։ Այսինքն՝ մենք հասել ենք այն մակարդակին, որ սահմանադրաիրավական ինստիտուտի անձեռնմխելության կիրառելիությունը պայմանավորվում է նրանով, թե քննիչը երբ է լավ աշխատել կամ ոչ»,- դիտարկեց Միհրան Պողոսյանը։

Պաշտպանը նույնպես դիրքորոշում հայտնեց, որ դատարանը միջնորդության լուծումը ոչ թե պետք է հետաձգի, այլ հենց այս փուլում որոշում կայացնի, քանի որ այն հանգամանքները, որոնք միջնորդության լուծման համար էական են, դատարանին արդեն իսկ հայտնի են, դրանք չեն փոփոխվելու։

«Հարգելի՛ դատարան, Դուք իրավասու եք կայացնելու կա՛մ այս միջնորդությունը բավարարելու, կա՛մ մերժելու որոշում, հետաձգելու որևէ իրավական հիմք չունեք»,- ասաց Միհրան Պողոսյանը։ Վերջինս ընդգծեց, որ դատավորի հայտնած դիրքորոշումն իրենց հնարավորություն կտա հասկանալ, թե ինչ դատարանի հետ գործ ունեն, ու ինչ պետք է քննարկել առաջիկայում։

Միջնորդության վերաբերյալ դիրքորոշում հայտնելիս ամբաստանյալ, Հրայր Թովմասյանի սանիկ Նորայր Փանոսյանը հայտարարեց, որ հետագայում ինքը կասի, թե ովքեր են իր հետ գնացել ու զրույցել, որ Հրայր Թովմասյանին փոխանցի՝ հրաժարական տալ։

«Սևով սպիտակի վրա գրել և ինձ ազատել են պատասխանատվությունից»

Հրայր Թովմասյանը դիրքորոշում հայտնելիս հիշեցրեց իր կանխատեսումն այն մասին, որ իր վերաբերյալ գործը շատ հեռուն գնացող, վտանգավոր արմատներ ունի, որը կարող է վտանգել Հայաստանի անվտանգությունը, պնդեց, որ այստեղ միայն Հրայր Թովմասյան անձի խնդիրը չէ, և Սահմանադրական դատարանի նախագահի վերաբերյալ գործ չի քննվում։

«Ցավոք սրտի՝ ես իմ կանխատեսումներում ճիշտ եմ դուրս եկել։ Դատարանում երդվելու ինստիտուտ չկա, բայց երդվում եմ, որ ինձ համար շատ ավելի փոքր, ոչ էական նշանակություն ունի այս քրեական գործի հետևանքներն ինձ համար՝ ինչպիսի ելք ուզում է՝ լինի, քան թե մեր երկրում անկախ դատական իշխանություն ունենալը»,- ասաց Հրայր Թովմասյանը և կարծիք հայտնեց, որ դատարանի որոշումը էական ու անկյունաքարային է լինելու իր կողմից նշած խնդրի համատեքստում։

«Որովհետև, խնդրում եմ մեծամտություն չհամարեք, ոչ բոլորն են Հրայր Թովմասյան՝ իր անցած իրավական ճանապարհով, իր պաշտոններով, որ կկարողանան դիմակայել այդ բոլոր ճնշումներին, հանցավոր առաջարկներին ու կհայտնվի այստեղ»,- ասաց Հրայր Թովմասյանը։ Վերջինս նշեց, որ անձեռնմխելիության ինստիտուտի նպատակը ոչ թե անձին պատասխանատվությունից ազատելն է, այլ անկախ դատական իշխանություն ունենալն և դատավորին հնարավոր ոտնձգությունից պաշտպանելը, ըստ որում՝ այնպիսի ոտնձգությունից, որը լատենտ է, չի երևում և որի մասին դատավորը չի բարձրաձայնելու։

Թովմասյանն անդրադարձավ նաև իր հեղինակած Սահմանադրության տարաբնույթ մեկնաբանություններին։

«Մի տեսակ ավանդույթ է դարձել, երբ քաղաքական գործիչներ, դատախազներ ինձ փորձում են սովորեցնել իմ գրածը: Ինձ ասում են՝ Դուք ճիշտ չեք հասկացել՝ ինչ եք գրել։ Ես ձեզ վստահեցնում եմ, որ այն, ինչը հիմա քննության առարկա է, հեղինակը ես եմ, և դրա ստեղծմանը նախորդել են տասնյակ ժամեր, օրեր, եթե չասեմ՝ հարյուրավոր օրեր, միջազգային լավագույն մասնագետների հետ քննարկումներ, և մենք գիտենք, թե ինչ ենք գրել»,- ասաց Հրայր Թովմասյանը և փորձեց ավելի պարզ ներկայացնել, թե ինչու են իրենք պնդում, որ իր անձեռնմխելությունը պետք էր հաղթահարել։

Հրայր Թովմասյանն անդրադարձավ հարցին՝ իր նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու պահին ինքը եղել է Սահմանդրական դատարանի անդամ, թե՞ դատավոր։

«Ես դրա վերաբերյալ ունեմ իմ ուրույն կարծիքը, բայց քանի դեռ կան սահմանադրական փոփոխություններ, որոնք հակասահմանադրական չեն ճանաչվել, եկեք այս նորմերի շրջանակներում փորձենք զուտ տառացի մեկնաբանել հարցը»,- ասաց Հրայր Թովմասյանն ու մեջբերեց Սահմանադրության 213-րդ հոդվածի 2-րդ մասը, որը վերաբերում է Սահմանադրական դատարանի անդամների (դատավորների) և նախագահի պաշտոնավարմանը։

«Մինչև Սահմանադրության 7-րդ գլխի ուժի մեջ մտնելը նշանակված Սահմանադրական դատարանի անդամը, որի պաշտոնավարումը չի դադարում սույն հոդվածի 1-ին մասի ուժով, շարունակում է պաշտոնավարել որպես Սահմանադրական դատարանի դատավոր մինչև այդ պաշտոնում նրա պաշտոնավարման 12 տարին լրանալը` հաշվի առնելով նաև մինչև Սահմանադրության 7-րդ գլխի ուժի մեջ մտնելը, ինչպես նաև Սահմանադրության 7-րդ գլխի ուժի մեջ մտնելուց հետո պաշտոնավարած ժամկետը»,- ընթերցեց Թովմասյանն ու պարզաբանեց, որ «անդամ» բառի փոխարեն կարող էր լինել «Հրայր Թովմասյան», որովհետև ինքը մինչև Սահմանադրության 7-րդ գլխի փոփոխություններն ուժի մեջ մտնել է նշանակցված ՍԴ անդամ։ Այս հոդվածն ուժի մեջ է մտել 2020 թվականի հունիսի 22-ին, ուստի Թովմասյանը պարզաբանեց, որ ըստ հոդվածի տառացի մեկնաբանության՝ ինքը ՍԴ դատավոր է դարձել 2020 թվականի հունիսի 22-ին, այսինքն այդ պահից՝ ՍԴ անդամ Հրայր Թովմասյանը շարունակել է պաշտոնավարել որպես ՍԴ դատավոր։

«Իմ հմտությունների, սոփեստական ունակությունների շրջանակներում այլ բան սրանից ես չեմ կարող բխեցնել։ Ես մի կողմ եմ թողնում՝ սա ճիշտ կարգավորում է, թե՞ սխալ, բայց փաստ է, որ սահմանադիրն ասել է՝ պարոն Հրա՛յր Թովմասյան, Դուք մինչև 2020 թվականի հունիսի 22-ը եղել եք Սահմանադրական դատարանի անդամ, և մենք ենք, որ Ձեզ դարձրել ենք դատավոր»,- ասաց Հրայր Թովմասյանն ու նշեց, որ որևէ տեղ չկա կարգավորում, որ  ՍԴ անդամի երաշխիքները չեն գործել, դրանք գործել են իր նկատմամբ քրեական հետապնդման հարուցման ժամանակ, սակայն իր անձեռնմխելիության արգելքն, այնուամենայնիվ,  չի հաղթահարվել։

«Ինչո՞ւ ենք շարունակում այս ամբողջը։ Ես գտնում եմ՝ Սահմանադրական դատարանում այս կարգավիճակով միայն ես եմ, այլևս մյուսը չի լինելու»,- ասաց Թովմասյանը և նշեց, որ իրեն ավելի շատ մտահոգում է ընդհանուր իրավասության դատարաններում դատավորների անկախության երաշխիքը, և եթե այսօր դատավորների անկախության երաշխիքը չպահպանվի, ապա դրանով վտանգվում է անկախ դատական համակարգը։ Թովմասյանը նշեց, որ  այժմ ինքը տեսնում է իրական անկախ դատական իշխանության ծիլերն ու ուրախանում, հպարտանում դրանով։

«Ասում եմ՝ ոչինչ, ես այս ամենի միջով անցնում եմ, բայց սա ինքնանպատակ չէր, ես գիտեի, անիմաստ չէր, եթե այս նպատակին ես հասել եմ, մնացած զրկանքները, սահմանափակումներն ինձ համար երկրորդական են»,- ասաց Թովմասյանն ու հայտարարեց, որ եթե որևէ մեկն իրեն կասի, թե 2018թ.-ի փոփոխություններից հետո եղել է Սահմանադրական դատարանի դատավոր, ինքը կպատռի իմ բոլոր գիտական աստիճանների դիպլոմները։

«Եթե պառլամենտական մեծամասնությունը իմ կողմնակիցները լինեին, և ես իրենց հետ գնայի խարդավանքի, թե ոնց անենք՝ Հրայր Թովմասյանին ազատենք, ավելի լավ բան չէի մտածի, բայց իրենք ընկել են իրենց հյուսած թակարդը, որովհետև իրենք սահմանադրական դատարանում ճգնաժամ էին հորինել։ Եթե այս նորմը չլիներ, ոչինչ էլ պետք չէր, բայց իրենք այս նորմով արձանագրում են, որ դուք նոր դարձաք սահմանադրական դատարանի դատավոր»,- նշեց Թովմասյանը՝ հայտարարելով, որ սևով սպիտակի վրա գրել ու իրեն ազատել են քրեական պատասխանատվությունից։

Դիմելով դատարանին՝  Թովմասյանը ևս մեկ անգամ շեշտեց, որ դատարանի կողմից կայացված որոշումը միայն Հրայր Թովմասյանի գործով կայացված որոշում չի լինելու։

«Հարգելի՛ դատարան, Դուք ընդունելու եք «նախադեպային» մի որոշում, որով օրինական հիմքերով պաշտպանելու եք մեր բոլոր դատավորներին այս տիպի հետապնդումներից, այնպիսի հետապնդումներից, որոնք ստվերելու են, որոնք խոչընդոտելու են, քայքայելու են մեր անկախ դատական համակարգի կայացումը»,- ասաց Հրայր Թովմասյանը։

Մեղադրողն առարկեց միջնորդության դեմ

«Հարգելի դատարան, գտնում եմ, որ միջնորդությունն անհիմն է»,- միջնորդության վերաբերյալ միայն այս նախադասությունն էր հասցրել ասել մեղադրող Արսեն Մարգարյանը, երբ Հրայր Թովմասյանը, ներողություն խնդրելով դատարանից, զարմանք արտահայտեց, որ մեղադրողն անգամ ժամանակ չի խնդրում՝ դիրքորոշում հայտնելու համար։

«Դուք լսեցիք, կարդացիք, ընկալեցի՞ք այդ երեսուն էջանոց միջնորդությունը։ Դուք այնքան անհաղորդ էիք այս ընթացքում»,- ասաց Հրայր Թովմասյանը։

Մարգարյանը դատարանին պարզաբանեց, որ գրեթե նույնաբովանդակ բողոք ներկայացված է եղել գործի նախաքննության ընթացքում, որը քննվել է մեկ այլ դատավորի՝ Մեսրոպ Մակյանի վարույթում։ Այսինքն՝ դատախազի խոսքից կարելի է հասկանալ, որ նիստի ընթացքում արտահայտված դիրքորոշումները նոր չէին, որպեսզի իրենք լրացուցիչ ժամանակ խնդրեին՝ դրանց պատասխանելու համար։

Արսեն Մարգարյանը նշեց, որ անձի անձեռնմխելիությունը հաղթահարելու խնդիր կարող էր առաջանալ, եթե նրան վերագրվող ենթադրյալ արարքի կատարման պահին նա  անձեռնմխելիությունից օգտվող պաշտոնատար անձ հանդիսանար, մինչդեռ Հրայր Թովմասյանը ենթադրյալ արարքի կատարման պահին եղել է Արդարադատության նախարար, որն անձեռնմխելի չէ։

«Նման տրամաբանությամբ, օրինակ, անձը կարող է 20 տարեկանում հանցանք կատարել, մի ամիս դատավոր լինել, և նրան քրեական պատասխանատվության կանչելու դեպքում ասել՝ ես մի ամիս անձեռնմխելիություն եմ ունեցել, դուք պարտավոր եք դա հաղթահարել»,- ասաց Արսեն Մարգարյանը։

Անդրադառնալով այն պնդմանը, որ Սահմանադրական դատարանի դատավորին մեղադրանք է առաջադրվել Սահմանդրության կարգի խախտմամբ, Մարգարյանը նշեց, որ ՍԴ դատավորի համար միայն գործառութային անձեռնմխելիություն է սահմանված, և Հրայր Թովմասյանի վերաբերյալ գործը հարուցվել է այն ժամանակ, երբ արդեն իսկ գործել է գործառութային անձեռնմխելիության վերաբերյալ նորմը։

Դրանից բխում է, որ Թովմասյանի անձեռնմխելիությունը հաղթահարելու օրենսդրական պահանջ չի եղել։

Հղում կատարելով Եվրոպական դատարանի հայտնած իրավական դիրքորոշումներից մեկին՝ Մարգարյանը նաև նշեց, որ Թովմասյանի գործով չի եղել հետադարձության կանոնների արգելք։

Երբ դատախազն ավարտեց ելույթը, Հրայր Թովմասյանը դիտարկեց, որ իրենց փաստարկներին հակափաստարկներ չեն բերվել։

«Իրենք չլսեցին, թե մենք ինչ ասացինք։ Իրենք ունեին домашняя заготовка, նախորդ անգամվանից գրված, եկան, այստեղ կարդացին։ Սա անարգանք է իմ, դատարանի նկատմամբ։ Մենք փորձում ենք լսել, ես այդքան ունակություն չունեմ՝ իրենց բոլոր ասածները հասկանալու համար։ Իրենք Գլխավոր դատախազությունում գրված, շեֆի հետ համաձայնեցված եկել են՝ էստեղ անգիր արած կարդում են՝ մեր փաստարկներին չանդրադառնալով»,- վրդովմունք արտահայտեց Հրայր Թովմասյանը։

Վերջինս պահանջեց իրեն տրամադրել նիստի ձայնագրությունը, որպեսզի հնարավոր լինի վերծանել, թե ինչ է ասել դատախազը։

«Ձեր դիմաց իրավունքի ոլորտում շարքային քաղաքացի չի կանգնած, որ դուք փորձեք «ֆռացնել»։ Չեք կարող, դա ես եմ գրել, ինձ մի՛բացատրեք, թե ինչ եմ գրել»,- ասաց Թովմասյանը։

Դատարանը բավարարեց միջնորդությունը։ Հաջորդ դատական նիստը նշանակվեց փետրվարի 15-ին։ Նշենք, որ Հրայր Թովմասյանը դեմ է նիստի տեսանկարահանմանը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter