
Պաշտպանության նախարարն անդրադարձավ պահեստազորի դրամական փոխհատուցումների ուշացումներին
Արցախյան պատերազմին մասնակցած պահեստազորի միայն 3-4%-ին ծառայության դիմաց պետությունը դեռ չի փոխհատուցել: Այս մասին Ազգային ժողով-կառավարություն հարցուպատասխանին ասաց պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանը` արձագանքելով «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վիկտոր Ենգիբարյանի հարցին: Պատգամավորը բարձրաձայնում էր այն խնդրի մասին, որ բյուրոկրատական խնդիրների պատճառով պատերազմին մասնակցած քաղաքացիները չեն կարողանում ֆինանսական փոխհատուցում ստանալ:
Նախարարի խոսքով` ուշացումների հիմնական պատճառը զինծառայողների անձնական տվյալներն են, մյուսն այն է, որ զինծառայողը դուրս է եկել զինկոմիսարիատի հանձնարարությամբ, սակայն հանձնարարված վայր չի գնացել:
«Բնական է` հաշվառման հարց է առաջանում, բայց գործընթացը գնում է, համարում ենք, որ մինչև մարտի 1-ը հաշվառման խնդիրները կլուծենք ու կվճարենք»,-ասաց Հարությունյանը:
Վաղարշակ Հարությունյանի խոսքով` մյուս խնդրահարույց իրավիճակը կամավորների պարագայում է առաջանում, քանի որ որևէ զորամասում չեն հաշվառվել, այժմ տվյալների նույնականացում են իրականացնում զորամասերի հետ, հենց ստանում են, գումարը վճարում են:
Մեկնաբանել