
Արտերկիր մեկնելու ցուցումի դեպքում վիրավոր զինծառայողի ծախսերը կհոգա պետությունը
Վիրավորված զինծառայողների բժշկական օգնությունը ողջ ծավալով իրականացվում է պետական միջոցների հաշվին: Նման պնդում արեց առողջապահության նորանշանակ նախարար Անահիտ Ավանեսյանը` արձագանքելով «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նարեկ Մկրտչյանի հարցին: Պատգամավորը խոսում էր այն մասին, որ երբեմն մանիպուլացվում է այս հարցը, և սոցիալական ցանցերում տարածվում ապատեղեկատվություն, որ պետությունը չի հոգում զինծառայողների առողջական խնդիրները:
«Կան դեպքեր, երբ զինծառայողները կարիք ունեն արտերկրում լրացուցիչ կամ ավելի բարդ տեսակի բժշկական օգնություն ստանալու: Այս դեպքերի համար հստակ ընթացակարգ է գործում, պաշտպանության նախարարությունը ներկայացնում է նման դիմումները ԱՆ-ին կից գործող մասնագիտական հանձնաժողովին, վերջինս գնահատում է` արդյոք արտերկիր մեկնելու կարիք կա՞, թե՞ ոչ»,- ասաց Ավանեսյանը:
Ըստ նախարարի` համապատասխան որոշման դեպքում կառավարությունը ամբողջ ծախսերը հոգում է:
Ավանեսյանը հայտնեց, որ այս պահին հանձնաժողովի քննարկման է ներկայացված 12 դիմում, դրանք քննության փուլում են, համապատասխան ցուցումի դեպքում կառավարությունը որոշում կընդունի, և զինծառայողների արտերկիր մեկնելու և բուժման ծախսերը կհոգա պետությունը:
Մեկնաբանել