
Ավինյանը պնդում է` սահմանազատման պատճառով նոր տների կառուցումը պետական միջոցների հաշվին է արվում
Սյունիքի մարզի այն համայնքների բնակիչները, որոնց տները վիճելի հատվածում են, պետությունից կստանան թե՛ ֆինանսական աջակցություն, թե բնակարանային փոխհատուցում:
Այս մասին Ազգային ժողովում ասաց փոխվարչապետ Տիգրան Ավինյանը` ընդգծելով, որ համայնքապետարանի որոշ աշխատակիցների կողմից շինարարարական աշխատանքները ներկայացվել է որպես բարերարների կողմից աջակցություն, մինչդեռ այն պետական աջակցության շրջանակում է իրականացվում:
Ավինյանը հիշեցրեց, որ հունվարի 15-ին Կառավարությունում ստեղծվել է միջգերատեսչական հանձնաժողով` նվիրված Սյունիքի մարզի խնդիրներին, այն ղեկավարում է վարչապետի խորհրդական Ռոբերտ Ղուկասյանը: Փոխվարչապետը հայտնեց, որ որոշում է կայացվել, որի համաձայն՝ անձինք, ովքեր տների հետ կապված խնդիր ունեն, նրանց կտարամադրվի մեկանգամյա փոխհատուցում (300 հազար դրամ յուրաքանչյուր անձի), ինչպես նաև 68 հազար դրամ փոխհատուցում ամեն անձի հաշվարկով` նվազագույնը վեց ամիս հաշվարկով: Ավինյանի խոսքով` հանձնաժողովի որոշումից մեկ շաբաթ անց շինարարական աշխատանքները մեկնարկել են: Հիշեցնենք, որ Շուռնուխ համայնքում 12 ընտանիք սահմանազատման աշխատանքների պատճառով զրկվել է իր տնից:
Այս հարցին անդրադարձել էր «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը, որը ևս այդ հանձնաժողովի անդամ է: Վերջինս խնդրեց փոխվարչապետին հանձնարարել Հանրային հեռուստաընկերությանը հնարավորինս օբյեկտիվ լուսաբանել այն, ինչ կատարվում է Սյունիքում: Պատգամավորը համոզմունք հայտնեց, որ դժգոհությունների հիմնական պատճառը ինֆորմացված չլինելն է, չնայած նրան, որ հսկայածավալ աշխատանք է արվում: Խաչատրյանի խոսքով` վերջին ժողովը եղել է Տեղ համայնքում, այն տևել է ավելի քան հինգ ժամ:
Փոխվարչապետն արձագանքեց` ուղիղ լիազորություն չունի Հանրայինին նման հանձնարարական հնչեցնելու, ապա հավելեց` ըստ իրեն այդ մեսիջը ընկալելի է թե՛ Կառավարության, և՛ թե Հանրայինի տնօրինության համար:
Մեկնաբանել