HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

Նիկոլ Փաշինյան. «Գերիների խնդրի մասին ինձ հիշեցնելու անհրաժեշտություն չկա»

Գերիներին առնչվող աշխատանքները որքան քիչ հրապարակային լինեն, այնքան լավ: Այսպես իր համոզմունքը հայտնեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը` արձագանքելով «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նազելի Բաղդասարյանի հարցադրմանը: Պատգամավորը հայտնեց, որ Շիրակի մարզում դժգոհության ալիք կա, քանի որ մարզից գերեվարված ոչ բոլոր անձինք են հայրենիք վերադարձվել, և գերիների հարազատները տարբեր ակցիաների միջոցով են փորձում այդ հարցը կառավարության ուշադրության կենտրոնում պահել:

«Դժգոհություն կա ոչ միայն Շիրակի մարզում, այլ նաև կառավարությունում։ Բոլորս էլ դժգոհ ենք, այս իրավիճակից որևէ մեկը գոհ չէ»,-արձագանքեց Փաշինյանը: Կառավարության ղեկավարը հայտնեց, որ առաջիկայում պլանավորում է այցելել Շիրակի մարզ, հանդիպումներ կունենա նաև գերեվարված անձանց հարազատների հետ:

«Բայց ուզում եմ հավաստիացնել` գերիների խնդրի մասին ինձ հիշեցնելու անհրաժեշտություն չկա։ Ոչ մի վայրկյան այդ խնդրի մասին չենք մոռանում, այդ խնդրի հետ կապված մեզ որևէ գործողության դրդելու համար որևէ ակցիա անելու անհրաժեշտություն չկա, այդ ակցիաները մեր գլխում, մեր սրտում են: Սա այն դեպքն է, որ մենք պետք է առաջնորդվենք բժշկական սկզբունքնով` չվնասել»,-ասաց Փաշինյանը:

Նրա խոսքով` այս ընթացքում մի շարք գործողություններ են եղել, որոնք թվացել է, թե ի նպաստ է խնդրի լուծման, սակայն գործնականում հակառակն է տեղի ունեցել:

«Բայց բնական է` առաջնահերթություն է գերիների հարցը, այն ոչ միայն մեր առաջնահերթությունն է, այլ ամենօրյա ակտիվ աշխատանք է տեղի ունենում։ Այդ հարցով ՌԴ մեր գործընկերները ակտիվ ներգրավված են պրոցեսում, նաև այն փաստի բերումով, որ ՌԴ նախագահը նույնպես ստորագրել է նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը, որը նախատեսում է գերիների վերադարձ»,- ասաց վարչապետը:

Հիշեցնենք, որ երեկ` փետրվարի 9-ին Հայաստան է վերադարձվել հինգ գերի, որոնք Հադրութի շրջանի Խծաբերդ գյուղից գերեվարված 64 զինծառայողներից էին, որոնց մեծ մասը Շիրակի մարզից էին։ Վերջիիններիս գերեվարվելուց հետո Շիրակի մարզում պարբերաբար բողոքի ակցիաներ են լինում, միջպետական ճանապարհ փակվում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter