
Վաղարշակ Հարությունյանի խոսքով` օրական հինգ փամփուշտ ադրբեջանական կողմը օդ է կրակում
Ազգային ժողովի հարցուպատասխանին անկախ պատգամավոր, նախկինում «Իմ քայլը» խմբակցության անդամ Թագուհի Թովմասյանն ահազանգեց` Սյունիքի մարզի Սրաշեն, Շիկահող համայնքներում կրակոցներ են լսվել:
Պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանն արձագանքեց` այդ միջադեպից տեղյակ չէ, սակայն ներկայացրեց ընդհանուր իրավիճակը շփման գծում:
Նախարարի խոսքով` ամեն օր նախարարությունն իրավիճակը ներկայացնում է, դեկտեմբերից սկսած մինչ այժմ շփման գծում որևէ սպանություն չի արձանագրվել, սակայն զինադադարի խախտումներ արձանագրվել են:
Ըստ Հարությունյանի` օրական հինգ փամփուշտ ադրբեջանական կողմը օդ է կրակում, այդ կրակոցները հայկական դիրքերի կամ բնակավայրերի ուղղությամբ չեն: Հայկական կողմը բոլոր դեպքերը ֆիքսում է, եթե Արցախի հատվածում է, փոխանցում են խաղաղապահ ուժերին: Նախարարը հայտնեց, որ այսօր հանդիպել է խաղաղապահ ուժերի հրամանատար Ռուստամ Մուրադովին, և այդ հարցը բարձրացրել: Վերջինս էլ նույն հարցով Ադրբեջանի նախագահի հետ է խոսել:
«Խնդիրը հետևյալն է` կա կրակոց, մենք ֆիքսում ենք, փոխանցում խաղաղապահ ուժերին»,- եզրափակեց նախարարը:
Մեկնաբանել