
Գյուղացիները ընտրակաշառք չեն վերցնի, բայց զզվում են, որ մաքուր են (վիդեո)
Արմավիրի մարզի Վանանդ գյուղի բնակիչները միաբերան նշում էին, թեեւ իրենց ընտրակաշառք առաջարկելու են, սակայն չեն վերցնելու, քանի որ ընտրությունները ապագայի հարց է:
Գրիշա Սմբատյանը նշեց, թե ծխող մարդ է եւ այս պահին էլ ծխախոտի գումար չունի, սակայն եթե նույնիսկ իրեն 2000 դոլար էլ առաջարկեն, չի վերցնելու, քանի որ այդպիսով կվաճառի իրեն եւ «քար կգցի» իր երեխաների ապագայի վրա:
Իսկ մեկ այլ վանանդցի` Հմայակ Հարությունյանը նշում է, որ ինքը մինչ այս պահը ընտրակաշառք չի վերցրել, սակայն կառավարությունը մարդկանց այն օրն է գցել, որ բոլորն էլ գումարի կարիքն ունեն, եւ հնարավոր է այս անգամ վերցնի: Նա արդեն զզվել է իր «մաքրությունից», քանի որ համատարած բոլորն էլ վերցնում են ընտրակաշառք:
Նշենք, որ շատերն էլ չհամաձայնեցին տեսախցիկի առջեւ խոսել՝ պատճառաբանելով, թե հետագայում խնդիրներ կունենան: Սակայն բոլորն էլ ասում էին, որ չեն հավատում մայիսի 6-ի խորհրդարանական ընտրությունների արդար եւ ազնիվ անցկացնելու իշխանությունների խոստումներին:
Մեկնաբանել