HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մեկնարկել է «Էրազմուս+» ծրագրի wbl4job նախագիծը

Եվրամիության աջակցությամբ Հայաստանի բարձրագույն կրթության համակարգում իրականացվող «Էրազմուս+» ծրագրի շրջանակում մեկնարկում է «Շրջանավարտների աշխատունակությունը բարձրացնելու նպատակով աշխատանքի վրա հիմնված ուսումնառության (ԱՀՈՒ) ներդրում Հայաստանի և Մոլդովայի բարձրագույն կրթության համակարգերում» (WBL4JOB) նախագիծը: Այս մասին հայտնում է ԿԳՄՍ նախարարությունը։

Ծրագրի նպատակը եվրոպական փորձի տեղայնացմամբ աշխատանքի վրա հիմնված բուհական կրթության նոր քաղաքականության ներդրումն է, որի փորձարկումը հնարավորություն կստեղծի մշակել համապատասխան իրավական ակտեր և բարձրագույն կրթության ընդհանրական մոդել։

Նախագծի մեկնարկի հանդիպումը տեղի է ունեցել առցանց հարթակում: Բացման խոսքով հանդես են եկել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը,  ՀՖՀՀ ռեկտոր Բերտրան Վենարը, Հայաստանում «Էրազմուս+» ծրագրի ազգային գրասենյակի համակարգող Լանա Կառլովան, ՀՀ-ում Եվրոպական միության պատվիրակության ներկայացուցիչը:

Ըստ տարածված հաղորդագրության՝ նախարարի տեղակալը, կարևորելով կրթության մոդելների արդիականացման խնդիրը, նշել է, որ մեկնարկող ծրագիրը կնպաստի աշխատանքի վրա հիմնված ուսումնառության կիրառման մոդելի ներդրմանը մասնակից երկրներում. «Նախարարությունը՝ որպես կրթության քաղաքականություն իրականացնող լիազոր մարմին, կարևորում է աշխատանքի վրա հիմնված ուսուցման մոդելի ներդրումը նաև բարձրագույն կրթության մեջ: Նախագիծը նոր հնարավորություն կընձեռի, որպեսզի բուհերի շրջանավարտներն ավելի արագ ինտեգրվեն աշխատաշուկային»:

Արթուր Մարտիրոսյանը նաև կարևորել է բուհերի, մասնավոր հատվածի և պետական ինստիտուտների համագործակցությունը ծրագրի իրականացման գործընթացում, ինչպես նաև միջբուհական համագործակցության մեջ այլ բուհերի ներգրավումը՝ հաստատակամություն հայտնելով աջակցել WBL4JOB նախագծին՝ հաջողության դեպքում այդ փորձառությունը ՀՀ այլ բուհերում ներդնելու հեռանկարով:  

 WBL4JOB  նախագծի կոնսորցիումը ներառում է 12 կազմակերպություն, այդ թվում՝ պետական և հանրային կառույցներ, բարձրագույն ուսումնական հաստատություններ Հայաստանից, Մոլդովայից, Ֆրանսիայից, Բելգիայից և Ավստրիայից: Ծրագրում ներառված  են հետևյալ կառույցները`

  • Հայաստանում ֆրանսիական համալսարանը,
  • Շիրակի պետական համալսարանը,
  • Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը,
  • Հայաստանի բանկերի միությունը,
  • Մոլդովայի առևտրային կոոպերատիվ համալսարանը,
  • Բալթիի Արեկու Ռուսոյի անվան պետական համալսարանը,
  • Մոլդիկոբանկը,
  • Մոլդովայի կրթության, մշակույթի և հետազոտության նախարարությունը,
  • Լիոնի Ժան Մուլեն 3 համալսարանը,
  • Ստրասբուրգի համալսարանը,
  • Կրեմսի կիրառական գիտությունների համալսարանը։

«Շրջանավարտների աշխատունակությունը բարձրացնելու նպատակով աշխատանքի վրա հիմնված ուսումնառության (ԱՀՈՒ) ներդրում Հայաստանի և Մոլդովայի բարձրագույն կրթության համակարգերում» (WBL4JOB) նախագիծը ներկայացրել է Հայաստանի ֆրանսիական համալսարանը, որը «Էրազմուս+» ծրագրի հայտարարած մրցույթում հաղթող է ճանաչվել և ստացել համաֆինանսավորում (նախագծի մանրամասներին կարելի է ծանոթանալ՝ այցելելով նախագծի կայք՝ www.wbl4job.com):

Նախագծի մեկնարկին նվիրված առցանց հանդիպման ժամանակ մասնակիցները քննարկել են ծրագրի իրականացման, ինչպես նաև աշխատանքի վրա հիմնված ուսումնառության մոդելի մշտադիտարկման և հաշվետվողականության մեթոդաբանությունը՝ կարևորելով մասնակից երկրներում այս ոլորտի զարգացման գործընթացում ԵՄ պետություններում կիրառված լավագույն փորձի կիրառումը:

Ակնկալվում է, որ նախագծի իրականացումը կնպաստի Հայաստանի և Մոլդովայի բարձրագույն կրթության համակարգերում աշխատանքի վրա հիմնված ուսումնառության ծրագրերի ներդրմանը՝ միտված աշխատաշուկայում շրջանավարտների մրցունակության բարձրացմանը, ինչը բուհերին և գործատուներին թույլ կտա առավել արդյունավետ համագործակցել:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter