HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

Զրպարտության համար` մինչև 10 միլիոն դրամի փոխհատուցում. ԱԺ-ն քննարկում է Ալեն Սիմոնյանի նախագիծը

Ազգային ժողովի փոխխոսնակ Ալեն Սիմոնյանն առաջարկում է վիրավորանքի համար սահմանել մինչև 5 միլիոն դրամի փոխհատուցում`գործող մեկ միլիոնի փոխարեն, զրպարտության համար` մինչև 10 միլիոն դրամի փոխհատուցում` գործող 2 միլիոնի փոխարեն:

Խորհրդարանի հերթական նիստում քննարկվեց Քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ կատարելու նախագիծը:

Ալեն Սիմոնյանը փոփոխություններ է առաջարկում Քաղաքացիական օրենսգրքի 1087.1 հոդվածում` պատվին, արժանապատվությանը կամ գործարար համբավին հասցված վնասի փոխհատուցման կարգում:

Այդ հոդվածը սահմանում է, որ վիրավորանքի դեպքում անձը կարող է դատական կարգով պահանջել հետևյալ միջոցներից մեկը կամ մի քանիսը.

  • Հրապարակայնորեն ներողություն խնդրել:
  • Եթե վիրավորանքը տեղ է գտել լրատվական գործունեություն իրականացնողի տարածած տեղեկատվության մեջ, ապա լրատվության այդ միջոցով լրիվ կամ մասնակի հրապարակել դատարանի վճիռը:
  • Սահմանված նվազագույն աշխատավարձի մինչև 1000-ապատիկի չափով փոխհատուցում վճարել:

Զրպարտության դեպքում անձը կարող է դատական կարգով պահանջել հետևյալ միջոցներից մեկը կամ մի քանիսը.

  • Եթե զրպարտությունը տեղ է գտել լրատվական գործունեություն իրականացնողի տարածած տեղեկատվության մեջ, ապա լրատվության այդ միջոցով հրապարակայնորեն հերքել զրպարտություն համարվող փաստացի տվյալները և (կամ) հրապարակել դրանց վերաբերյալ իր պատասխանը:
  • Սահմանված նվազագույն աշխատավարձի մինչև 2000-ապատիկի չափով փոխհատուցում վճարել:

«Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը, դիմելով Ալեն Սիմոնյանին, հետաքրքրվեց, թե վերջինս ազնիվ է, արդյոք, վիրավորանքի և զրպարտության դեմ պայքարի իր նպատակներում: Ալեն Սիմոնյանն արձագանքեց` միշտ է ազնիվ, ցանկության դեպքում էլ չի կարող ազնիվ չլինել, քանի որ գործընկերները թույլ չեն տա:

Արդարադատության փոխնախարար Վահե Դանիելյանը հիշեցրեց, որ մինչ 2010 թվականը վիրավորանքը և զրպարտությունը Հայաստանում քրեականացված են եղել, սակայն 2007 թվականին ԵԽԽՎ-ն համապատասխան բանաձև է ընդունել` ապաքրեականացնելով վիրավորանքը և զրպարտությունը և կոչ արել ԵԽԽՎ անդամ երկրներին նույն կերպ վարվել և այդ դեպքերի համար հրաժարվել ազատազրկումից:

Դանիելյանի խոսքով` ուսումնասիրելով ներպետական փորձը, հասկանալի է դառնում, որ չնայած մինչև երկու միլիոն դրամի սահմանաչափ կա, սակայն փոխհատուցումը եղել է հիսուն հազարից մինչև հարյուր հիսուն հազարի չափով, այսինքն՝ փոխհատուցման առավելագույն չափը չի կիրառվում:

«Հետևաբար, առաջարկում ենք ողջամիտ հարաբերակցություն ապահովվի սահմանադրական երկու արժեքների` խոսքի ազատության, ինչպես նաև պատվի ու արժանապատվության միջև»,-ասաց փոխնախարարը` ընդգծելով, որ առաջարկում են վիրավորանքի դեպքում ոչ ավելի, քան երկու միլիոն դրամի փոխհատուցում սահմանել, իսկ զրպարտության դեպքում` ոչ ավելի, քան երեք միլիոն դրամը:

Ալեն Սիմոնյանն իր ելույթում նշեց, որ հակված չէ ընդունել Կառավարության առաջարկը։ Իր կարծիքով՝ առաջարկվող սահմանաչափը պետք է պահպանել, քանի որ «մինչև» բառը դատարանին հնարավորություն է տալու որոշում կայացնելիս:

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter