HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Արմավիրի մարզի համայնքների կեսից ավելին թերակատարել է սեփական եկամուտների հավաքագրումը

2020թ. Արմավիրի մարզի 97 համայնքից 69-ը չի կարողացել սեփական եկամուտների հավաքագրման 100%-ի շեմը հաղթահարել: 37 համայնքի սեփական եկամուտների հավաքագրման ցուցանիշը նույնիսկ չի հասնում 80%-ի:

Ամենացածր ցուցանիշն արձանագրվել է մարզի Ամասիա համայնքում՝ 36,3%: Ամասիայում 2020թ. սեփական եկամուտների տարեկան ծրագիրը կազմել է 17 մլն 57 հազար դրամ, սակայն կարողացել են հավաքագրել ընդամենը 6 մլն 189 հազար դրամ:

Նալբանդյան և Արևադաշտ համայնքներում սեփական եկամուտների հավաքագրումը ևս ցածր է եղել՝ 50.6-ական տոկոս:

Ամասիայի համայնքապետարանը հողի հարկի գծով կարողացել է նախատեսված մոտ 8 մլն 551 հազար դրամից հավաքել 2 մլն 28 հազար դրամ՝ 23,7%: Հողի հարկի հավաքագրման ցուցանիշով ցածր արդյունք է գրանցել  նաև Դողս համայնքը՝ 32,4%, Արմավիր գյուղը՝ 35% և այլն:

Ամասիայում 2020թ.-ին նախատեսված էր իրականացնել նախակրթարանի վերանորոգման, համայնքում 500 մետր ջրագծի անցկացման, կենտրոնական փողոցի վերանորոգման, համայնքապետարանի տանիքի վերանորոգման աշխատանքներ: Կարողացել են իրականացնել միայն նախակրթարանի վերանորոգման աշխատանքները:

Ամասիայի համայնքապետ Գարիկ Ավդալյանը «Հետք»-ի հետ զրույցում ասաց, որ սեփական եկամուտների մասով բյուջեի կատարման ցածր ցուցանիշը պայմանավորված է 2020թ. Ադրբեջանի կողմից Արցախում սանձազերծված պատերազմով:

«Մեկի երեխան չկար, մյուսի եղբոր տղան էր զոհվել: Պատերազմը խանգարեց, չստացվեց հարկերը հավաքագրել: Ո՞նց գնայինք հարկ ուզեինք սգի մեջ գտնվող մարդուց»,- ասում է Գարիկ Ավդալյանը:

Ինչ վերաբերում է 2020թ. նախատեսված, սակայն չիրականացված ծրագրերին, ապա Ամասիայի համայնքապետի խոսքերով՝ դրանք գյուղի համար շատ կարևոր ծրագրեր են, հետևաբար պետք է փորձեն իրականացնել 2021թ.-ի ընթացքում:

«Ֆինանսի խնդիր էր, չկարողացանք ծրագրերն իրականացնելը: Եղածի սահմաններում առաջնային համարեցինք նախակրթարանի վերանորոգումը, որ գոնե երեխաները նորմալ պայմաններով հաճախեն, մինչև մյուս ծրագրերը կիրականացնենք»,- հավելեց Գ. Ավդալյանը:

Արմավիր գյուղական համայնքի ղեկավար Ռաֆիկ Մարգարյանն էլ ասաց, որ հողի հարկի հավաքագրման ցածր ցուցանիշը պայմանավորված է կորոնավիրուսով և պատերազմով: Նրա խոսքերով՝ հողօգտագործողները սովորաբար հարկերը վճարում են տարեվերջին, իսկ այդ ժամանակահատվածը համընկավ պատերազմի հետ:

Նշենք, որ թեև հողի հարկի գծով կարողացել են հարկերը հավաքագրել 35%-ով՝ փոխարենը 123%-ով կատարել են տարեկան ծրագիրը գույքահարկի մասով: Սա պայմանավորված է այն հանգամանքով, որ քաղաքացիները պարտաճանաչ են վճարում ավտոմեքենաների գույքահարկը, հակառակ դեպքում չեն կարողանա տեխնիկական զննման կտրոն ստանալ և վարել ավտոմեքենան:

Նշենք, որ մարզի 28 համայնք է սեփական եկամուտների հավաքագրման մասով բյուջեն կատարել 100%-ով դեռ մի բան էլ ավելին: Ամենաբարձր ցուցանիշն արձանագրել է Լեռնամերձ համայնքը: Սեփական եկամուտների հավաքագրման տարեկան ծրագիրը եղել է 2 մլն 6 հազար դրամ, հավաքագրել են՝ 2 մլն 694 հազար դրամ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter