HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Հենրիկ Գևորգյանը 13 տարվա դատաքննության ընթացքում ավելի մեծ վնաս է կրել, քան ակնկալում է ստանալ «Հայփոստ»-ից

Հենրիկ Գևորգյանն ինքնուրույն ստեղծել և վերամշակել է բազմաթիվ համակարգչային ծրագրեր, որոնք «Հայփոստը» 2006թ.-ից կիրառել է՝ բնակչությունից և հիմնարկ-ձեռնարկություններից էլեկտրաէներգիայի, բնական գազի, հեռախոսավարձերի, խմելու, ոռոգման ջրի և այլ վարձավճարները գանձելու համար: «Հայփոստ»-ը ծրագրերը կիրառում է, սակայն հրաժարվում է  հեղինակին վճարելուց՝ ծրագրերի ստեղծման և փոստային բաժանմունքներում ներդնելու համար: Հ. Գևորգյանը 13 տարի դատարանում պայքարում է իր հեղինակային իրավունքը պաշտպանելու և «Հայփոստ»-ի պատճառած վնասի փոխհատուցում ստանալու համար:

1997թ. մինչև 2007թ. հոկտեմբերի 15-ը Հենրիկ Գևորգյանն աշխատել է «Հայփոստ» ՓԲԸ-ում: Նրա ծառայողական պարտականությունը վարչակազմակերպչական աշխատանք կատարելն էր։ Աշխատանքային պարտականությունների մեջ չեն եղել ծրագրեր ստեղծելը կամ ծրագրեր վերամշակելը: Աշխատանքի ընթացքում «Հայփոստը» ծառայողական հանձնարարություններ չի տվել և Հենրիկ Գևորգյանի հետ գրավոր պայմանագիր չի կնքել համակարգչային ծրագրեր ստեղծելու կամ վերակազմելու համար։ 2000թ. հունիսից մինչև 2007թ. սեպտեմբեր ամիսը, Հ. Գևորգյանն իր պարտականություններից դուրս, անձնական միջոցներով ինքնուրույն ստեղծել և վերամշակել է բազմաթիվ համակարգչային ծրագրեր, որոնք հեղինակային իրավունքի օբյեկտներ են։

2000թ.-ին ստեղծել է բնակչությունից և հիմնարկ-ձեռնարկություններից էլեկտրաէներգիայի վարձավճարների գանձման, բնակչությունից ֆիքսված հեռախոսավարձերի, բնական գազի վարձավճարների գանձման ծրագրերը: 2003-ին ստեղծել է խմելու ջրի վարձավճարների, 2005-ին՝ ոռոգման ջրի վարձավճարների, ինչպես նաև հեռախոսային օպերատորների հեռախոսավարձերի գանձման ծրագրերը:

Հենրիկ Գևորգյանը 2006թ. վերամշակել է Էլեկտրաէներգիայի, բնական գազի, հեռախոսավարձերի, խմելու և ոռոգման ջրերի վարձավճարների բոլոր ծրագրային համակարգերը՝ համապատասխանեցնելով ընկերության նոր փոստային ինդեքսներին, մասնաճյուղային կառուցվածքին և ստեղծել է նոր ծրագրեր։

Իր փոխանցմամբ՝ «Հայփոստի» ղեկավարության հետ այդ ստեղծագործությունների օգտագործման համար հեղինակային պայմանագրեր կնքելու պայմանով, նշված ծրագրերն օգտագործելու նպատակով ներդրել է «Հայփոստի» մասնաճյուղերում։ Վերը նշված ծրագրերն ի պահ են հանձնվել «Հայհեղինակ»՝ հեղինակների իրավունքների պաշտպանության հասարակական կազմակերպությանը։

«Հայփոստն» այդպես էլ չի վճարել Հենրիկ Գևորգյանին՝ ծրագրերի ստեղծման և փոստային բաժանմունքներում ներդնելու համար: Հ. Գևորգյանը 08.11.2007թ. հայցադիմում է ներկայացրել Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան՝ ընդդեմ «Հայփոստ» ՓԲԸ-ի` գումարի բռնագանձման կամ համակարգչային ծրագրերն օգտագործելն արգելելու պահանջով:

Հ. Գևորգյանը պնդում է, որ առանց իր թույլտվության, հեղինակային իրավունքով իրեն պատկանող ստեղծագործությունները «Հայփոստի» կողմից օգտագործելու պատճառով իրեն պատճառվել է 45 մլն դրամի վնաս: Պնդում է, որ վերը նշված ծրագրերը «Հայփոստ»- ում ներդնելը, սպասարկելը և կիրառողներին ուսուցանելը դրանց օգտագործման ամբողջ ժամանակահատվածում չի եղել իր ծառայողական պարտականությունների կատարումը: Նրա ասելով՝ նշված աշխատանքներն իրականացնելու ընթացքում «Հայփոստը» խոստացել է ուսուցանելու համար գումարային փոխհատուցում տալ 50 մլն դրամի չափով: Սակայն մինչև օրս այդ գումարը նույնպես չի վճարել։

«Հետք»-ի հետ զրույցում Հ. Գևորգյանն ասաց, որ գործի քննության ընթացքում ակնհայտ է դարձել դատավորների կողմնակալությունը: Նրա խոսքով՝ որոշ դեպքերում գործի քննությունը միտումնավոր ձգձգվել է: Նշում է, որ ստորադաս դատարանները չեն կատարում վերադաս դատարանների ցուցումները, ինչը հանգեցնում է դատաքննության անհարկի ձգձգման:

«Այս տարիների ընթացքում ահավոր մեծ վնասներ եմ կրել, քան այն գումարն է, որն ակնկալում եմ ստանալ: Կարելի է ասել՝ զօր ու գիշեր աշխատելով՝ ստեղծեցի հիմնարկ, որտեղ աշխատելը պատիվ էր բերում: Ընկերության հին աշխատողները գիտեն, թե ես ինչ եմ արել «Հայփոստի» համար: Ղեկավարությունը, եթե փոքր-ինչ մարդկային մոտեցում ունենար, ողջամիտ գումար կվճարեր այդ աշխատանքի դիմաց»,- ասում է Հենրիկ Գևորգյանը:

Նա պատմեց, որ դատական գործի քննության ընթացքում կուտակվել է ահռելի մեծ պետական տուրք: Սկզբնական շրջանում տուժել է նաև իր նախկին փաստաբանի գործողություններից: Հ. Գևորգյանն ասում է, որ դատական փաստաթղթեր ստորագրելու անվան տակ ստորագրել է թղթեր, որը վերջում պարզվել է, որ եղել է 32 մլն դրամի փոխառության պայմանագիր: Այժմ արգելանքի տակ է նաև Հ. Գևորգյանի տունը:

Հենրիկ Գևորգյանի ներկայիս ներկայացուցիչ, փաստաբան Արփինե Հայրապետյանն ասաց, որ նրա շահերի պաշտպանությունը ստանձնել է 2019թ.-ից: Նշեց, որ գործի քննությունը ձգձգվել է նաև փորձաքննությունների պատճառով: Մի քանի փորձաքննություն է կատարվել, որոնք իրար հակասում են:

«Փորձաքննության կատարման համար պատասխանատու են նաև դատարանները: Եթե դատարանն օրենսդրական լծակներով չի ապահովում սահմանված ժամկետում փորձաքննության կատարումը և եզրակացության ստացումը, ապա տվյալ դեպքում խախտվում է ողջամիտ ժամկետում գործի քննության իրավունքը»,- ասում է Արփինե Հայրապետյանը:

«Հայփոստը» չի ընդունում, որ Հ. Գևորգյանի ծառայողական պարտականությունը եղել է միայն վարչակազմակերպչական աշխատանքներ կատարելը։ Չի ընդունում, որ նրա ծառայողական պարտականությունների մեջ չի եղել ծրագրեր ստեղծելու կամ ծրագրեր վերամշակելու պարտականությունը, ինչպես նաև այն, որ ընկերությունը դրանց վերաբերյալ Գևորգյանին ծառայողական հանձնարարություններ չի տվել։

«Հայփոստը» չի ընդունում նաև, որ հայցվորն իր ծառայողական պարտականություններից դուրս, իր անձնական միջոցների հաշվին է ստեղծել և վերամշակել համակարգչային ծրագրերը։ Չի ընդունում, որ ծրագրերը ներդրել է ընկերության մասնաճյուղերում՝ դրանց օգտագործման համար հեղինակային պայմանագրեր կնքելու պայմանով։ Նշում է, որ վերը նշված ծրագրերը և ծրագրային համակարգերը, բացի մի ծրագրից, Հ. Գևորգյանը ստեղծել է ծառայողական պարտականությունների կատարման կարգով՝ կանոնակարգով իր վրա դրված պարտականությունները պատշաճորեն իրականացնելու նկատառումներից ելնելով։ Այսինքն՝ դրանք չի ստեղծել իր ծառայողական պարտականություններից դուրս։

«Հայցվորը չի կարող հանդիսանալ ծրագրերի հեղինակը, գույքային իրավունքների կրող անձը, ինչպես նաև դրանց օգտագործման բացառիկ իրավատերը։ Նման պայմաններում խոսք չի կարող գնալ նաև ծրագրերն ընկերության կողմից ապօրինի օգտագործելու մասին։ Հայցվորը բացառապես իր ցանկությամբ է ծրագրերը ներդրել ընկերության մասնաճյուղերում և փոստային բաժանմունքներում: Դրանք օգտագործվել են նրա կամքով, նրա կողմից և գիտությամբ, ուստի ընկերությունը դրանք չի օգտագործել առանց նրա թույլտվության, որն էլ իր հերթին բացառում է հայցվորին վճարել փոխհատուցում»,- գործի քննության շրջանակներում այսպես է իր դիրքորոշումը ներկայացրել «Հայփոստ» ՓԲԸ-ն։ Նաև հավելել է, որ եթե նույնիսկ ծրագրերի նկատմամբ ծագած լիներ Հենրիկ Գևորգյանի հեղինակային իրավունքը, ապա ծրագրերի օգտագործման արժեքը չէր կարող կազմել 45 մլն դրամ, քանի որ դա ոչ միայն արդարացված գնահատում և մոտեցում չէ, այլև անարժանահավատ է, չի համապատասխանում ներկայիս շուկայական պայմաններին։

2017թ. դեկտեմբերի 1-ին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանն արձանագրել է, որ Հ. Գևորգյանի վկայակոչած 43 համակարգչային ծրագրերը ստեղծվել են նրա կողմից և ծանրաբեռնված են նրա հեղինակային իրավունքով: Նշվածը հիմնավորվել է այն հանգամանքով, որ ծրագրերը Հ. Գևորգյանի կողմից ստեղծված լինելու փաստը «Հայփոստն» ըստ էության չի վիճարկել: Բազմիցս փաստարկել է, որ դրանք ստեղծվել են իր կողմից Գևորգյանին տրված ծառայողական հանձնարարության հիման վրա` այդ կերպ ընդունելով, որ դրանք իրականում ստեղծվել են հայցվորի կողմից, թեկուզև, իր պնդմամբ, այլ հիմունքներով:

Դատարանն արձանագրել է, որ համակարգչային ծրագրեր ստեղծելը հայցվորի աշխատանքային պարտականությունը հանդիսանալու փաստի հաստատման միակ թույլատրելի ապացույցը աշխատանքային պայմանագիրն է` աշխատողի համապատասխան պարտականության մասին ուղղակի նշում պարունակող դրույթով հանդերձ, որի բացակայության պայմաններում որևէ այլ ապացույց չի կարող ծառայել քննարկվող փաստի հաստատմանը: Ուստի, դատարանը հաստատված է համարել, որ վկայակոչած 43 համակարգչային ծրագրերը չեն ստեղծվել գործատուի ծառայողական հանձնարարությունների հիման վրա:

Անդրադառնալով այն հարցին, թե նշված ծրագրերն, արդյոք, ապօրինաբա՞ր է օգտագործել կամ օգտագործում պատասխանողը, դատարանը նշել է, որ գործի նյութերում առկա չէ հայցվորի և պատասխանողի միջև կնքված հեղինակային պայմանագիր, ավելին` կողմերը միաձայն ընդունել են, որ այդպիսի պայմանագիր չեն կնքել, ինչը հիմք ընդունելով` դատարանը հաստատված է համարում հայցվորի վկայակոչած համակարգչային 43 ծրագրերը պատասխանողի կողմից ապօրինի օգտագործված լինելու փաստը:

Ինչ վերաբերում է 43 համակարգչային ծրագրերի արժեքին, ապա գործի քննության ողջ ընթացքում փորձագիտական եզրակացությունների հարցում դժվարություններ են ի հայտ եկել: Փորձագետները հստակ եզրակացություն չեն տվել:

Դատարանն արձանագրել է, որ փորձագիտական եզրակացության արդյունքում տրված հավանական եզրահանգումները չեն կարող ունենալ ապացուցողական նշանակություն որոշակի փաստի առկայությունն ապացուցելու առումով: 43 ծրագրերի արժեքը որոշելու համար դատարանը առավել արժանահավատ է համարել փորձագետ Միսակ Գալոյանի կողմից դատարանի 15.09.2011թ. որոշման հիման վրա տրված եզրակացության հաշվարկը և գտել է, որ ծրագրերի միասնական արժեքը կազմում է 40 մլն 427 հազար դրամ: Այդ չափով էլ հայցը բավարարվել էր:

«Հայփոստ» ընկերությունը 23.02.2018թ.-ին վերաքննիչ բողոք էր ներկայացրել, որը Վերաքննիչ քաղաքացիական դատարանը 01.12.2017թ.-ին մասնակի բավարարել էր` վճիռը բեկանել է և գործն ուղարկել նույն դատարան` նոր քննության:

Գործի դատական քրոնիկոնը

2007թ.-ից ի վեր, այս գործի քննության ընթացքում միայն 4 անգամ վճիռ է կայացրել առաջին ատյանի դատարանը, Վերաքննիչ քաղաքացիական դատարանը 3 անգամ գործը բեկանել և ուղարկել է առաջին ատյանի դատարան՝ նոր քննության: 13 տարի անց գործը դարձյալ վերադարձել է առաջին ատյանի դատարան, նշանակվել է նոր փորձաքննություն:

Գործի քննության ձգձգումները մեծ մասամբ պայմանավորված են դատավորների վարքագծով: Մասնավորապես, երբ հերթական շրջապտույտից հետո երրորդ անգամ գործը հայտնվում է առաջին ատյանի դատարանում և 10.03.2009թ. ընդունվում է վարույթ, առաջին նախնական նիստը նշանակվում է վարույթ ընդունելուց 4 ամիս անց, ինչը ողջամիտ չէ: Միայն 5 դատական նիստ չի կայացել դատական նիստի համար ազատ դահլիճ չլինելու պատճառով:

«Նշված պատճառը չի կարող համարվել օբյեկտիվ, քանի որ պետությունը պարտավոր է ապահովել բոլոր անհրաժեշտ պայմանները դատական համակարգի անխափան գործունեություն համար»,- ասում է իրավական փորձագետ, փաստաբան Կարեն Տոնոյանը:

Բացի այդ, գործի քննության այդ ժամանակահատվածում դատարանը որոշում է կայացրել լրացուցիչ փորձաքննություն նշանակելու և գործի վարույթը կասեցնելու մասին այն հիմնավորմամբ, որ նշանակված փորձաքննության եզրակացությունը ամբողջական չէ։ Սակայն, դատարանի որոշումից պարզ չէ, թե որն է եղել լրացուցիչ փորձաքննություն նշանակելու պատճառը, ինչպես նաև խնդրահարույց է այն, որ դատարանը փորձաքննության եզրակացության ամբողջական չլինելը հայտնաբերել է այն ստանալուց մոտ մեկ ու կես տարի հետո, ինչը վկայում է ողջամիտ ժամկետները խախտելու մասին:

Դատարանը վճռի հրապարակման օր է նշանակել 01.11.2012թ., սակայն վերսկսել է գործի քննությունը գործի համար էական նշանակություն ունեցող հանգամանքներ պարզելու համար։ Կարեն Տոնոյանի փոխանցմամբ՝ գործի քննության վերսկսումը պրակտիկայում հաճախ դատարանների կողմից չարաշահվում է։ Այդ հարցին անդրադարձել է նաև Սահմանադրական դատարանը և նշել է, որ չեն կարող արդարացված համարվել բոլոր այն դեպքերը, երբ 5-7 անգամ դատարանն անցկացնում է նախնական դատական նիստ, ապա դատաքննության արդյունքում կրկին որոշում է կայացնում վերսկսել գործի դատաքննությունը: Սա վկայում է արդարադատության որակի ու դատական վերահսկողական համակարգերի հնարավոր բացերի մասին:

Նման պրակտիկայի առկայությունը պայմանավորված է ոչ թե վեճի առարկա ինստիտուտի առկայությամբ, այլ վերջինիս ոչ համարժեք կիրառման, դատաքննության ոչ պատշաճ իրականացման հանգամանքներով, ինչը բողոքարկման ինստիտուտի շրջանակներում պետք է անհրաժեշտ վերաբերմունքի արժանանա` նման դատական ակտերի գնահատման ու նախադեպային պրակտիկայի ձևավորման իրավասությամբ օժտված դատական ատյանների կողմից:

Դատարանը 19.03.2013թ. դարձյալ նշանակել է փորձաքննություն, որից հետո տեղի է ունեցել դատական կազմի փոփոխություն դատավորի խիստ ծանրաբեռնվածության մասին ներկայացված զեկուցագրի հիման վրա։ Նշված հիմքով դատական կազմի փոփոխությունը օրինաչափ չէ և չի բխում օրենքից։ Գործի քննության ընթացքում դատավորի փոխարինման դեպքում գործի քննությունը սկսվում է սկզբից, ինչը դարձյալ վկայում է ողջամիտ ժամկետի խախտման մասին:

Գործի վարույթը վերսկսվել է 27.08.2015թ.-ին այն բանից հետո, երբ Հենրիկ Գևորգյանի ներկայացուցիչը դիմում է ներկայացրել և հայտնել, որ գործով երկու անգամ նշանակվել է փորձաքննություն, փորձագետներից երկուսը ներկայացրել են եզրակացություն, իսկ երրորդ փորձագետը չի ներկայացրել: Այսինքն, փորձագետը 2 տարուց ավելի չի կատարել դատարանի որոշումը, որը դատարանի կողմից պատշաճ ուշադրության չի արժանացել։

Երկու նախնական դատական նիստեր անցկացնելուց հետո դարձյալ տեղի է ունեցել դատական կազմի փոփոխություն և գործի քննությունը դարձյալ սկսվել է սկզբից։ Այստեղ էլ մեկ դատական նիստ չի կայացել՝ դատավորի հերթապահության մեջ գտնվելու պատճառով: Նշենք, որ հերթապահության մեջ գտնվելը դատական նիստ չկայացնելու օբյեկտիվ հիմք չի հանդիսանում։

2018թ. վերջին, երբ գործը երրորդ անգամ հայտնվել է Վերաքննիչ դատարանում, գործի քննությունը տևել է մոտ 9 ամիս, որի ընթացքում կայացել է 7 դատական նիստ, ինչը Վերաքննիչ դատարանի դեպքում ողջամիտ չէ։

Վերաքննիչ դատարանը գործը բեկանել և ուղարկել է նոր քննության այն հիմնավորմամբ, որ փորձաքննությունը թերի է կատարվել։ Կարեն Տոնոյանը նշում է, որ առաջին ատյանի դատարանում նշանակվել է 3 փորձաքննություն, սակայն ամեն դեպքում Վերաքննիչ դատարանը փաստել է, որ փորձաքննությունը կատարվել է թերի, ինչը խոսում է դատարանի կողմից գործի ոչ պատշաճ քննության մասին։ Որոշումը բողոքարկվել է, սակայն Վճռաբեկ դատարանը օրենքով սահմանված եռամսյա ժամկետում մերժել է բողոքը վարույթ ընդունելը:

Գործն առաջին ատյանում վարույթ է ընդունվել 02.05.2019թ.-ին, դատարանը 15.10.2020թ.-ին որոշում է կայացրել փորձաքննություն նշանակելու մասին և գործի վարույթը կասեցվել է։ Անհասկանալի է, թե ինչու է փորձաքննությունը նշանակվել վարույթ ընդունելուց 1 տարի 5 ամիս անց այն դեպքում, երբ դատարանը պարտավոր էր այն նշանակել Վերաքննիչ դատարանի կողմից սահմանած ծավալից ելնելով։

«Գործի փաստերի ընդհանուր ուսումնասիրությունը թույլ է տալիս փաստել, որ սույն գործով խախտվել են գործի ողջամիտ քննության ժամկետները, որոնք մի դեպքում եղել են ոչ օբյեկտիվ հիմքերով դատական նիստերի չկայանալու, հետաձգվելու պատճառով, մյուս կողմից՝ դատարանների կողմից իրականացված ոչ լրիվ և բազմակողմանի քննություն իրականացնելու արդյունքում, որը հանգեցրել է Վերաքննիչ դատարանի կողմից առաջին ատյանի դատարանի կայացրած դատական ակտերի բեկանման և դատական շրջապտույտի»,- ասում է իրավական փորձագետ, փաստաբան Կարեն Տոնոյանը:

Ավելի քան 13 տարի այս գործը քննվում է դատարաններում: Ըստ ամենայնի, դեռևս մի քանի տարի էլ կշարունակվի քննությունը՝ հաշվի առնելով նշանակված փորձաքննությունը և հետագայում կայացվելիք դատական ակտերի բողոքարկումը։ Եվ այս ընթացքում որևէ դատավոր չի ենթարկվել պատասխանատվության՝ քննությունն անհարկի ձգձգելու պատճառով:

 

Տեսանյութը՝ Անի Սարգսյանի

Գլխավոր լուսանկարում՝ Հենրիկ Գևորգյանը

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter