Twitter-ի ներկայացուցիչը հաստատել է Թրամփի օգտահաշվի ցմահ արգելափակումը
ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը հասանելիություն չի ունենա Twitter սոցիալական ցանցին, եթե նույնիսկ դարձյալ հավակնի ԱՄՆ նախագահի պաշտոնին։ Այդ մասին CNBC հեռուստաընկերության եթերում չորեքշաբթի՝ փետրվարի 10-ին, հայտարարել է Twitter-ի գլխավոր ֆինանսական կառավարիչ Նեդ Սեգալը։
«Մեր քաղաքականությունն այսպես է աշխատում։ Եթե ձեզ ջնջում են հարթակից, ապա ձեզ ջնջում են հարթակից։ Դա տեղի է ունենում անկախ այն հանգամանքից, թե դուք մեկնաբանություն գրող եք, ֆինանսական տնօրեն, թե նախկին կամ էլ գործող պաշտոնատար անձ»,- նշել է Սեգալը։
Հունվարի 9-ին Twitter-ը հայտնել էր, որ ցմահ արգելափակել է Դոնալդ Թրամփի օգտահաշիվը, քանի որ առկա էր «բռնության հետագա հրահրման ռիսկ»։ «Այդ որոշումն ընդունվել է @realDonaldTrump օգտահաշվի վերջին գրառումների և դրա շուրջ ընդհանուր տրամադրությունների ուսումնասիրության արդյունքում, այդ թվում, թե այդ գրառումներն ինչպես են ընկալվում և մեկնաբանվում ծառայությունից դուրս»,- նշել է Սեգալը։
Հիշեցնենք, որ հունվարի 6-ին Վաշինգտոնում կայացած ցույցից հետո, որտեղ ելույթ էր ունեցել Դոնալդ Թրամփը, նրա աջակիցները շարժվել էին Կապիտոլիումի ուղղությամբ, որտեղ ընթանում էր Սենատի և Ներկայացուցիչների պալատի համատեղ նիստը։ Թրամփի հարյուրավոր աջակիցներ ներխուժել էին Կոնգրեսի շենք։ Համատեղ նիստը ընդհատվել էր, իսկ օրենսդիրները՝ տարհանվել։ Անկարգությունների մասնակիցները բախվել էին ոստիկանների հետ, որոնք ի պատասխան արցունքաբեր գազ էին կիրառել։ Ոստիկանության տվյալներով՝ անկարգությունների ընթացքում զոհվել է 5 մարդ։
Լուսանկարը՝ Tali Arbel/AP
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել