HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սուրեն Պապիկյանն ընդունել է ՄԱԿ-ի մշտական համակարգող Շոմբի Շարփի գլխավորած պատվիրակությանը

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանն  այսօր ընդունել է ՄԱԿ-ի մշտական համակարգող Շոմբի Շարփի գլխավորած պատվիրակությանը։ Այս մասին տեղեկացնում է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն հասարակայնության հետ կապերի բաժինը։

«Նախարարը կարևորել է Հայաստանում ՄԱԿ-ի մշտական ներկայացուցչության հետ համագործակցության օրակարգի ընդլայնումը հատկապես հետպատերազմյան շրջանում և հույս հայտնել, որ գրասենյակի գործուն աջակցությամբ հնարավոր կլինի մեղմել համավարակի և պատերազմի հետևանքները Հայաստանի մարզերում։ 

Շոմբի Շարփն իր հերթին վստահեցրել է Հայաստանին տարբեր ուղղություններով աջակցելու պատրաստակամության մասին և ընդգծել, որ նախարարությունը մեծ դերակատարություն է ունեցել COVID-19-ի և պատերազմի հետևանքների մեղմման համատեղ աշխատանքներում: 

ՄԱԿ-ի մշտական համակարգողի խոսքով՝ վերոնշյալ խնդիրների լուծմանն աջակցելու հարցերը գտնվում են ՄԱԿ-ի ուշադրության ներքո և այս առումով պատրաստ են համագործակցությունն ուղղել Հայաստանի համար առաջնահերթ ուղղություններով։ Շոմբի Շարփը մանրամասնել է «2021-2025թթ․ համար Հայաստան-ՄԱԿ կայուն զարգացման համագործակցության շրջանակ» փաստաթղթի շրջանակում նախանշված առաջնահերթությունները՝ առանձնացնելով մարդկանց բարօրության ամրապնդման և կարողությունների զարգացման, կանաչ և հարատևելի տնտեսական աճի, պատասխանատու և արդյունավետ պետական կառավարման ուղղությամբ գերակա նպատակները։ 

Նախարարը բարձր է գնահատել ՄԱԿ–ի աջակցությամբ Տավուշի, Լոռու, Շիրակի մարզերում իրականացված բարեփոխումները և հույս հայտնել, որ համատեղ ծրագրերն առաջիկայում հասանելի կլինեն Սյունիքի, Վայոց ձորի և Գեղարքունիքի մարզերում։ 

Նախարարը  զրուցակցի ուշադրությունն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ կառավարության համար առաջնահերթ է Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներից տեղահանված և սահմանային մարզերում ապաստանած քաղաքացիների համար բնակապահովման, աշխատատեղերի ստեղծման, գյուղատնտեսության զարգացման և կենսապահովմանն ուղղված այլ ծրագրերի իրականացումը՝ ընդգծելով յուրաքանյուր աջակցության հասցեականության ու երկարաժամկետության կարևորությունը։ 

Այս համատեքստում զրուցակիցներն անդրադարձել են ՄԱԿ-ի Գործընկերության նոր հնգամյա շրջանակի ուղղություններին, ինչպես նաև դրա համապատասխանեցման հնարավորություններին երկրի ռազմավարական խնդիրների լուծմանը»,- նշված է հաղորդագրության մեջ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter