Լրագրողական կազմակերպությունների հայտարարությունը՝ ԶԼՄ-ին վերաբերող օրենսդրական նախաձեռնությունների վերաբերյալ
Լրագրողական կազմակերպությունները համատեղ հայտարարությամբ են հանդես եկել ԶԼՄ-ին վերաբերող օրենսդրական նախաձեռնությունների վերաբերյալ: Այն ներկայացնում ենք ստորև։
«Երեկ՝ փետրվարի 11-ին, խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունեց ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանի հեղինակած օրինագիծը, համաձայն որի՝ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.1 հոդվածով՝ վիրավորանքի և զրպարտության համար նախատեսվող դրամական փոխհատուցման առավելագույն չափը պետք է հնգապատկվի՝ հասնելով համապասխանաբար 5 միլիոն և 10 միլիոն դրամի։ Արձանագրում ենք, որ Ազգային ժողովը հերթական անգամ ընդունում է լրատվամիջոցներին վերաբերող օրենք, որը հիմնված չէ խորը ուսումնասիրության արդյունքների և փորձագիտական շրջանակների խորհրդատվության վրա։
Մինչդեռ, անցած տարվա սեպտեմբերի 16-ին, երբ խնդրո առարկա նախագիծն արդեն դրվել էր շրջանառության մեջ, մենք հանդես եկանք հայտարարությամբ՝ նշելով, որ վիրավորանքի և զրպարտության համար փոխհատուցման չափերի շեշտակի բարձրացումը լուրջ սպառնալիք կդառնա ամբողջ ԶԼՄ ոլորտի համար, և դրանից կարող են տուժել ոչ միայն որոշ անպարկեշտ հարթակներ, այլև օրենքն ու մասնագիտական էթիկան հարգող լրագրողները։ Մանավանդ, եթե հաշվի առնենք, որ նաև լրատվամիջոցների հիմնավորված քննադատությունն է հաճախ ընկալվում որպես վիրավորանք կամ զրպարտություն և դատական վեճի առիթ դառնում։
Մենք վերահաստատում ենք, որ առաջարկվող փոփոխությամբ մեզանում խաթարվում է հավասարակշռությունը Եվրոպական կոնվենցիայի 10-րդ հոդվածով նախատեսված՝ արտահայտվելու ազատության իրավունքի և նույն կոնվենցիայի 8-րդ հոդվածով պաշտպանված մարդու արժանապատվության՝ որպես անձնական կյանքի բաղկացուցչի միջև։ Բացի այդ, անտեսվում է նաև Սահմանադրական դատարանի 2011 թվականի նոյեմբերի 15-ի թիվ 997 որոշման այն կարևորագույն դրույթը, համաձայն որի՝ հրապարակումներում տեղ գտած վիրավորանքի և զրպարտության համար փոխհատուցում նշանակելիս անհրաժեշտ է հաշվի առնել ԶԼՄ-ների ֆինանսական վիճակը, որպեսզի պատասխանատվությունը չհանգեցնի դրանց կոլապսին։
Առաջին ընթերցմամբ ընդունված նախագիծն առավել մտահոգիչ է այն իրողության ֆոնին, երբ տեղեկատվական ոլորտում առկա խնդիրների լուծումը փնտրվում է ռեպրեսիվ օրենսդրական փոփոխությունների և դրանց կիրարկման տիրույթում։ Դրա վառ օրինակներից է փետրվարի մեկից շրջանառության մեջ դրված «Զանգվածային լրատվության մասին» օրենքում և «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» օրենսգրքում փոփոխությունների և լրացումների փաթեթը, որով նախատեսվում է արգելել հրապարակումներում անանուն աղբյուրներին հղում կատարելը, իսկ այդ արգելքը խախտելու համար կիրառել տուգանք՝ 500 հազար դրամի չափով, կրկնվելու դեպքում՝ 1 միլիոնի չափով։
Այս հետադիմական նախաձեռնությունների պայմաններում ԶԼՄ-ներին վերաբերող իշխանությունների ցանկացած քայլ լրատվական ոլորտում կամա թե ակամա ընկալվում է որպես հերթական ճնշում խոսքի ազատության նկատմամբ՝ պայմանավորված նեղ քաղաքական գերակայություններով։ Ինչպես օրինակ՝ Սյունիքի որոշ տարածքներում լրագրողների աշխատանքի համար ԱԱԾ-ի կողմից մտցված սահմանափակումների դեպքում: Այդ առնչությամբ հրապարակված հայտարարություններն ու պարզաբանումները, ինչպես նաև իրականացված գործողություններն անորոշություն են առաջացնում, հակասական են և ստիպում են դրանցում տեսնել քողարկված օրակարգեր։
Հաշվի առնելով տեղի ունեցող անընդունելի գործընթացները, ինչպես նաև վիրավորանքին ու զրպարտությանը վերաբերող օրենսդրական փոփոխությունների ընդունման դեպքում հնարավոր բացասական հետևանքները, մենք՝ ներքոստորագրյալ կազմակերպություններս, պահանջում ենք.
- Ազգային ժողովից՝ հետաձգել վերոհիշյալ օրինագծի երկրորդ ընթերցումն ու ընդունումը, նախաձեռնել բաց քննարկումներ ԶԼՄ-ներում տարածվող վիրավորանքի և զրպարտության խնդրի, դրան հակազդելու հնարավորությունների վերաբերյալ,
- ՀՀ նախագահից՝ ԱԺ կողմից տվյալ օրինագծի ընդունման պարագայում չստորագրել այն՝ վերաբերմունք արտահայտելով հետադիմական նախաձեռնության նկատմամբ,
- Պետական մարմիններից՝ լրատվամիջոցների հետ հաղորդակցությունը կառուցելիս ապահովել տեղեկատվության ազատության և հասարակության իրազեկ լինելու իրավունքների իրացումը,
- Միջազգային կազմակերպություններից՝ քննարկման առարկա դարձնել ՀՀ խորհրդարանի կողմից ԶԼՄ-ներին վերաբերող օրենքների ընդունման և այդ գործընթացում միջազգային նորմերի անտեսման խնդիրները, ինչպես նաև՝ իրավիճակը շտկելու միջոցներ կիրառել», - նշված է հաղորդագրության մեջ։
ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵ
ԵՐԵՎԱՆԻ ՄԱՄՈՒԼԻ ԱԿՈՒՄԲ
ՄԵԴԻԱ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԵՆՏՐՈՆ
ԼՐԱԳՐՈՂՆԵՐԻ «ԱՍՊԱՐԵԶ» ԱԿՈՒՄԲ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱՅԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆ
ԲԱԶՄԱԿՈՂՄԱՆԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ – ՀԱՅԱՍՏԱՆ
ՀԱՆՐԱՅԻՆ ԼՐԱԳՐՈՒԹՅԱՆ ԱԿՈՒՄԲ
«ԼՐԱԳՐՈՂՆԵՐ ՀԱՆՈՒՆ ԱՊԱԳԱՅԻ» ՀԿ
«ԼՐԱԳՐՈՂՆԵՐ ՀԱՆՈՒՆ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ» ՀԿ
ԳՈՐԻՍԻ ՄԱՄՈՒԼԻ ԱԿՈՒՄԲ
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել